ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հեղինակել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում:
Հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունը քննարկվել է Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչների հետ, ներկայացվել են առաջարկներ ընթացակարգերում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:
Փոփոխությունների արդյունքում պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել այդ իրավունքների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից:
Հարակից զեկուցող պատգամավոր Արթուր Դավթյանը, անհրաժեշտ համարելով նախաձեռնությունը, ներկայացրեց իր վերապահումները՝ ծանուցումն առձեռն հանձնելու հետ կապված:
Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը, դրական գնահատելով նախաձեռնությունը, նշեց, որ այն օգտակար կլինի ոլորտում վարաչարարությունն ավելի հստակեցնելու եւ ծագած խնդիրները արագ եւ արդյունավետ լուծելու համար:
Նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: