Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են օրենքի 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ` «Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»:
Գործող օրենքով փոխհատուցումից օգտվում են բոլոր հանրային ծառայողները՝ բացառությամբ զինծառայողների: Հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանը նշեց, որ առկա կարգավորումը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ եւ 82-րդ հոդվածներին հակասող: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի կարծիքով՝ ներկայացված օրինագիծը ողջունելի է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, սակայն մոտ օրերս Կառավարությունը հանդես է գալու ավելի համապարփակ փոփոխությունների առաջարկով, որում ներառված է լինելու նաեւ նշյալ դրույթը: Ուստի, այս փուլում փոխնախարարն առաջարկեց ձեռնպահ մնալ փոփոխությունից՝ հնարավորություն տալով խնդրին անդրադառնալ ավելի ամբողջական:
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը ներկայացրեց միջազգային փորձը: Մի շարք երկրներում արձակուրդից չօգտվողի նկատմամբ կիրառվում է անգամ պայմանագրի չեղարկում: Կան երկրներ, որտեղ հանգստից վերադարձողից պահանջվում է այդ մասին վկայող տեղեկանք:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց մեկ ամսով հետաձգել օրենքի նախագծի քննարկումը՝ ժամանակ տալով Կառավարությանը ներկայացնել ավելի ամբողջական փոփոխություններ:
Հանձնաժողովի նախագահի առաջարկը չընդունեց հիմնական զեկուցողը: Հարցը դրվեց քվեարկության եւ ստացավ բացասական եզրակացություն: