National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
07.12.2020
Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի կապակցությամբ
1 / 16

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 7-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության՝ իրենց հեղինակած նախագիծը քննարկելու  նպատակով:

Մինչ ելույթներին անցնելը՝ լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած  լայնամասշտաբ ագրեսիայի զոհերի հիշատակը:

 Լսումներին մասնակցել են պատգամավորներ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նախկին պատգամավորներ, հասարակական գործիչներ, լրագրողներ եւ այլն:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ   լսումներ հրավիրելու  պատճառը պատերազմից հետո ստեղծված սոցիալ-տնտեսական, քաղաքական  ծանր իրավիճակն  ու դրանից դուրս գալու ելքերի փնտրտուքն է, ինչի նպատակով նոյեմբերի 14-ին խմբակցությունը ներկայացրել է վեց ամսվա համար նախատեսված ճանապարհային քարտեզ:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ հայտարարության  նախագծով խմբակցությունն  ակնկալում է ՀՀ վարչապետի հրաժարականը,  ինչից հետո նախատեսվում է, որ խորհրդարանը պետք է ընտրի  նոր՝ անցումային  վարչապետ` ձեւավորելով անցումային համաձայնության կառավարություն: Փաստաթղթով կարեւորվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովումը, անհրաժեշտ է համարվում նախաձեռնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցություններ, վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունները: Անհրաժեշտ  է համարվում  զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովումը, արցախահայության  սոցիալական կարիքների անհապաղ լուծումը: Խմբակցությունը նաեւ առաջարկում է  վերաիմաստավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, նախաձեռնել Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանություն միջազգային դատական ատյաններում, մշակել  տնտեսության ու բանակի վերականգնողական ծրագիր, անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ  խորհրդարանական արտահերթ ընտրություններ եւ այլն:

Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ իշխանափոխություն պետք է իրականացնել բացառապես սահմանադրական ճանապարհով՝ զերծ մնալով ներքին ցնցումներից ու քաղաքացիական բախումներից՝ համագործակցելով քաղաքական ուժերի հետ: Նա պարզաբանել է, որ «Լուսավոր Հայաստանն» ունեցել է վարչապետի իր թեկնածուն, հետեւաբար չի միացել 17 արտախորհրդարանական  քաղաքական ուժերի պահանջին:

Զեկուցողին ուղղվել են հարցեր, որոնք վերաբերել են ներքաղաքական իրավիճակին եւ դրա կայունացման հնարավորություններին, պատերազմի օրերին Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության չճանաչմանը, պատերազմի վերսկսման հնարավորությանն ու հրադադարի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությանը, ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություններին եւ այլն:

Ելույթներում բանախոսներն անդրադարձել են ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին, ՀՀ արտաքին քաղաքականությանը, Հայաստանի առջեւ ծառացած նախկին եւ նոր մարտահրավերներին, պատերազմում պարտվելու պատճառներին, ներկայացրել խնդիրների լուծման իրենց ուղիները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  տեսակետը ներկայացրել է Արկադի Խաչատրյանը: Ըստ նրա՝ հանրապետությունում առկա է ծանր բարոյահոգեբանական եւ սոցիալական վիճակ, խոցված ազգային արժանապատվություն: Նրա խոսքով՝ սպասվում է 8 տոկոս տնտեսական անկում,  տեղի է ունենում կապիտալի արտահոսք, ներդրումներ չեն սպասվում, կարող է լինել արտագաղթ, ավելանալու է պետական պարտքը, ծանր է վիճակը ժողովրդագրական ոլորտում:  Պատգամավորի գնահատմամբ՝ վերոնշյալ եւ այլ  խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հասնել հանրային համերաշխության  եւ ազգային համաձայնության կառավարության ձեւավորման, այլապես աղետն անխուսափելի է:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝  հանրապետությունում այսօր անիշխանություն է, վտանգված է Սյունիքի մարզը, քանի որ պետական սահմանները գծվում են GPS-ով: Ըստ նրա՝ հնարավոր էր խուսափել պատերազմից,  եթե իրականացվեին համապատասխան քայլեր: Ելքը ստեղծված իրավիճակից   Նաիրա Զոհրաբյանը համարել է վարչապետի հրաժարականը, ինչը, ըստ նրա,  երկրում կհանգեցնի հանրային համերաշխության ձեւավորման:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ժողովուրդը, իրական կյանքը թողած, գնում է ֆեյսբուքյան ստի ու կեղծիքի հետեւից: Նա ընդգծել է, որ հասարակությունն այսուհետ պետք է գնա ճիշտ ուղղությամբ:

Բանախոսները կարեւորել են գիտակրթական ներուժի արդյունավետ օգտագործումը ռազմական խնդիրների լուծման համար, արդյունավետ համարել սեփական արբանյակային համակարգ ունենալը՝ հինգերորդ սերնդի պատերազմներին դիմակայելու համար: Անդրադարձ են կատարվել միջազգային անցուդարձերին, տարածաշրջանային սպասվող բախումներին, այդ հարցում մեր երկրի հետագա անելիքներին, ԼՂ բանակցային գործընթացում մեր երկրի իշխանությունների վարած քաղաքականությանը, բացթողումներին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանը համազգային խնդիրների լուծման գործում ընդգծել է ողջախոհ ու հասուն հասարակության դերը, այդ հարցում կարեւորել մտավորականության ամենօրյա աշխատանքն ու գործուն մասնակցությունը:

Խորհրդարանական լսումների ավարտին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շնորհակալություն հայտնելով քննարկումներին մասնակցելու համար, արձագանքել է հնչած տեսակետներին ու առաջարկներին: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ սահմանադրական ճանապարհով պետք է լինի ցանկացած լուծում, այս հարցում այլընտրանք չի կարող լինել: Նա անդրադարձել է նաեւ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո իրենց կողմից ձեռնարկված քայլերին՝ նշելով, որ ունեցած բոլոր խողովակներն օգտագործվել են խնդիրների շուտափույթ լուծման համար: Պատերազմի հետ կապված անհայտ ու անհասկանալի խնդիրները քննարկելու նպատակով իրենք առաջարկել են ստեղծել պարիտետային հանձնաժողով:

Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ ռազմագերիների հետ կապված իրենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ հրատապ հարց են ներկայացրել. այն նախատեսվում է քննարկել դեկտեմբերի 8-ի ԱԺ նիստում: 


07.12.2020
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն  է հայտնել հյուրին՝ իր հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ նրա, վկայում  է Լա...

07.12.2020
Արարատ Միրզոյանի ուղերձը 1988 թվականի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ
Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետեւանքները: Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը եւ շտկելու մեջքը: Այսօր ավելի ...

07.12.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը
Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագ...

07.12.2020
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամներ Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Հայ խորհրդարանականն...

07.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները: Կողմերը կարծիք են հայ...

07.12.2020
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  տեղի ունենանլիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...

07.12.2020
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կկայանան խորհրդարանական լսումներ, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am