Հունիսի 24-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն անդրադարձել են ԱԺ արտահերթ նստաշրջանում Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման գործընթացում նկատած խախտումների հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց որոշմանը:
Տարոն Սիմոնյանը նշել է մի քանի հիմքեր, որոնցից առաջինն այն է, որ սահմանադրական փոփոխություններն ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչեւ երկրորդ ընթերցում եզրակացության համար պետք է ուղարկվեն Սահմանադրական դատարան: «Սա ակնառու խախտում է, եւ այս հարցը պետք է դառնա քննարկման առարկա»,-նշել է պատգամավորը` հավելելով, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարան դիմելը: Բանախոսի կարծիքով, սակայն, դա այլ կերպ է մեկնաբանվել քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից:
Հաջորդ խախտումը, ըստ Տարոն Սիմոնյանի, այն է, որ ԱԺ-ի կողմից ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններով Հանրապետության նախագահը զրկվել է սահմանադրական փոփոխությունները ստորագրելու եւ հրապարակելու իրավունքից: Բանախոսը նշել է, որ հիմքերից մեկն էլ, որը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ եւ «ՍԴ մասին» օրենքով, սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է. արդյո՞ք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմելու ՍԴ, թե՞ ոչ: Հարցերի պատասխանը տվողը, ըստ Տարոն Սիմոնյանի, Սահմանադրական դատարանն է:
Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստանն» այս փուլում չի միանում «Բարգավաճ Հայաստան»-ի` Սահմանադրական դատարան դիմելու ստորագրահավաքին: Նա պարզաբանել է, որ երբ խորհրդարանում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, Սահմանադրական դատարանը կասեցումից հանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործը եւ քննելու համար նշանակել է օր:
«Որպեսզի որեւէ ձեւով տպավորություն չստեղծվի, թե ԼՀԿ-ն միջամտում է այս գործընթացին, խմբակցությունը որոշել է ՍԴ դիմել երկրորդ նախագահի գործի քննությունից հետո: Դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասել է խմբակցության ղեկավարը:
Բանախոսները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին: