National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.12.2010
Ազգային ժողովի քառօրյա նիստերը շարունակվում են
1 / 6

Դեկտեմբերի 7-ին ՀՀ  Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Մինչ օրինաստեղծ աշխատանքին անցնելը` պատգամավորները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով  մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականին  տեղի ունեցած երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Ցավակցություն հայտնելով զոհվածների մերձավորներին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Հարգելի գործընկերներ, այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերյան աղետալի երկրաշարժի 22-րդ տարելիցը: Ասում են` ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Բայց ժամանակը դեռ անելիքներ ունի այդ ողբերգության վերքերը բուժելու համար: Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների հարազատներին ու բարեկամներին եւ վստահեցնում, որ  պետությունն ամեն ինչ անելու է մինչեւ վերջ լուծելու նրանց բոլորի խնդիրները, որովհետեւ պետությունը հենվում է նաեւ  իր քաղաքացիների հույսի, հավատի ու վստահության վրա»:

Ազգային ժողովի նիստին ներկա էին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի դպրոցների բարձր դասարանցիները:

Խորհրդարանն այնուհետ ավարտին հասցրեց նախորդ օրն սկսված հարցի` «Փառքի շքանշանի մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ  պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ որեւէ առաջարկ հեղինակները չեն  ստացել: ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ փոփոխությունը վերաբերվում է 2010 թվականի նոյեմբերի 1-ին 27 տարին լրացած եւ բոլոր  զորակոչերից խուսափած ՀՀ  քաղաքացիներին, որոնց հնարավորություն է տրվում վերադառնալ հայրենիք եւ կատարել հայրենիքի առաջ ունեցած պարտքը, կամ վճարել սահմանված վճարը եւ ազատվել քրեական հետապնդումից:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք օրինագծեր:

Մասնավորապես քննարկվեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ առաջարկներ են կատարել պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Արա Նռանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Լարիսա Ալավերդյանը, որոնց մեծ մասն ընդունվել է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը հնչեցրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է ավել վճարած հարկերն առանց ստուգման ետ վերադարձնելու խնդրին: Այս օրինագծի վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի ներկայացմամբ եւ երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց հարկային դաշտին վերաբերող մեկ փաթեթ եւս: Դա  «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մեկ տասնյակի հասնող օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագիծն էր:

Այս փաթեթը եւս բարելավելու է խոշոր եւ միջին ձեռներեցության բիզնես միջավայրը եւ առավել նպաստավոր պայմաններ է նախատեսում  վարչարարության ոլորտում:

Այս փաթեթի վերաբերյալ եւս ԱԺ տնտեսական հարցերի ձեւավորած դրական եզրակացությունը ներկայացրեց Վարդան Բոստանջյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկման ներկայացրեց ՀՀ կառավարության եւ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավորներ Արծրունի Աղաջանյանի, Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի համատեղ մշակած «Արտոնագրային վճարների մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով, որը եւս, ինչպես եւ նախորդ օրինագծերը, միտված է բիզնես միջավայրի բարելավմանը:

Օրինագծերին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ եւս ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը  երկրորդ ընթերցմամբ քննարկման առաջարկեց  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին  «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը , որը  նպատակ ունի առավել հստակ  կարգավորել արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները եւ ունենալ իրավական հիմք`  հետագայում եւս միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ այդպիսին չճանաչված կազմավորումների հետ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության հարցերը պայմանագրային հիմքերով կարգավորելու համար:

Օրինագծի վերաբերյալ Աժ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Օրինագիծը համարելով անհրաժեշտ եւ կարեւոր, նա  առանձնացրեց օրինագծի ենթատեքստը, որը հնարավորություն կընձեռի օրինական դաշտ բերել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ առկա հարաբերությունները, կնքել ռազմաքաղաքական դաշինքի վերաբերյալ պայմանագիր եւ մասնավորապես` հայկական կողմին հնարավորություն կտա պաշտպանելու իր իրավունքները:  Նա տեղեկացրեց, որ օրինագծում առաջարկվող փոփոխությունը չի հակասում միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի համաձայնագրին, որին միացել է նաեւ Հայաստանը:

Օրինագծի առնչությամբ իրենց տեսակետները բարձրաձայնեցին  պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Վարդան Բոստանջյանը, որոնց ելույթները հիմնականում վերաբերում էին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  փոխհարաբերությունների իրավական կարգավիճակին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցին եւ դրա շուրջ տեղի ունեցած  իրադարձություններին:

Օրինագծի վերաբերյալ հնչեցին «Ժառանգություն» եւ ՀՀԿ խմբակցությունների տեսակետները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այս օրինագծի քննարկման շրջանակում անդրադարձավ ԼՂՀ  ճանաչման վերաբերյալ  հարցին: Ըստ նրա` այսօր հրամայական է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը , ինչն ըստ խմբակցության` ժամանակավրեպ չէ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը քննարկվող օրինագծի առնչությամբ ներկայացրեց  խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը:
Նա մասնավորապես անդրադարձավ միջազգային իրավունքի նորմերին, դրանց տեսությանը եւ գործնական կիրարկմանը, որոնք ոչ բոլոր դեպքերում են համադրվում. հակառակ դեպքում, նկատեց պատգամավորը, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն կլիներ:
 
Անդրադառնալով գործընկերոջ` Ստյոպա Սաֆարյանի ելույթին, Համլետ Հարությունյանը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն այսօր ոչ թե ժամանակավեպ է, այլ պարզապես տեղին չէ:  Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ճանաչման ժամանակի վերաբերյալ օրերս հստակ արտահայտվել է Հանրապետության Նախագահը, ասելով, որ դա կիրականացվի Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում:

Օրինագծի քննարկումը կշարունակվի ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում:

 ԱԺ Կանոնակարգի համաձայն` վերջին նիստի մեկ ժամը տրամադրվեց պատգամավորների ելույթներին:
 


07.12.2010
Հերթական «բաց դասն» անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի   «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքի դպրոցների մի խումբ բարձր  դասարանցիների հյուրընկալեց եւ հերթական «բաց դասն» անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Պարոն Նիկոյանը ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, խորհ...

07.12.2010
Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Դեկտեմբերի 7-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Լուքի հետ (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպման ընթացքում տիկին Զոհրաբյանը, կարեւորելով Էստոնիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am