Ազգային ժողովի «Բաց դռներ»- ի քաղաքականության շրջանակներում դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ: Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստին մասնակցելուց հետո նրանք հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Խորհրդարանի ղեկավարի անցկացրած հերթական «Բաց դաս»-ն այնուհետեւ շարունակվեց տարբեր թեմաների շուրջ անկաշկանդ զրույցի տեսքով:
ԱԺ նախագահը բարձր գնահատելով նման հանդիպումների նշանակությունը` կարեւորեց շարունակականությունը, քանի որ դրանք եւս մի հնարավորություն են խորհրդարանն ավելի մոտեցնել հասարակությանը, դպրոցին, աշակերտներին: Նա նշեց, որ վերջին երկու տարում Ազգային ժողովն այդ առումով բավական բաց է դարձել:
Ներկայացնելով խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, քաղաքական ուժերի հարաբերակցությունը, համառոտ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներին` Հովիկ Աբրահամյանն այնուհետեւ պատասխանեց դպրոցականների հարցերին: Հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահը հորդորեց ճիշտ եւ արդյունավետ օգտագործել ժամանակը դպրոցում եւ հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել, որը հնարավորություն կտա հետագայում հաջողությունների հասնել:
Պատասխանելով գերազանց սովորող աշակերտներին աջակցելուն վերաբերող` դպրոցականներից մեկի հարցին` խորհրդարանի ղեկավարը համաձայնեց, որ անհրաժեշտ է օժանդակել նրանց, եւ որպես պետության աջակցության օրինակ, նշեց «Լույս» հիմնադրամի գործունեւթյունը: Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, իր կողմից, 2011 թվականից համալսարանի 20 լավագույն ուսանողների հատկացնելու է ԱԺ նախագահի կրթաթոշակ (ամսական 20 հազարական դրամ): Իրենց աջակցությունն են ցուցաբերում երկրի նախագահը, վարչապետը, գործարարները: Ազգային ժողովի նախագահի խոսքերով, որքան երկրի տնտեսական վիճակը բարելավվի, պետբյուջեի մուտքերն ավելանան, այնքան հնարավոր կլինի ավելի շատ գումարներ ուղղել կրթական ոլորտին:
Աշակերտներից մեկի հարցն էլ ինտելեկտուալ խաղերի նկատմամբ ԱԺ նախագահի վերաբերմունքի մասին էր: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նման խաղերի անցկացումը` պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց:
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ այն քաղաքական, քաղաքակրթական դաս էր երեխաների համար, որն անցավ ազատ, անմիջական մթնոլորտում: Նա առաջարկեց, որ պատգամավորներն այցելեն դպրոցներ եւ հանդիպումներ ունենան աշակերտների հետ: Առաջարկի մասին իր դրական վերաբերմունքն արտահայտելով` ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց լինել դպրոցականների հյուրը, կարեւորելով պատգամավորների, մասնավորապես տվյալ ընտրատարածքներից ընտրվածների, այցերը դպրոցներ:
Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտների այցը խորհրդարան ավարտվեց ԱԺ նիստերի դահլիճում խորհրդարանի նախագահի հետ լուսանկարվելով: