Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ Արմեն Մելիքյանը, Միշա Ստեփանյանը, Վահագն Մախսուդյանը, Բագրատ Սարգսյանը հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 30-ին այցելեցին Սեւանի տարածաշրջան` հետեւելու լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին եւ տեղեկանալու լճի բնապահպանական խնդիրների մասին: Շրջայցին ներկա էր նաեւ բնապահանության նախարար Արամ Հարությունյանը, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավարն ու այլ մասնագետներ:
Ընթացիկ տարվա տվյալներով` Սեւանի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով` հասնելով գրեթե 1900 մ-ի սահմանագծին: Նշենք, որ ծրագրվել է 20 տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացնել եւս 3,5 մ-ով եւ կառուցապատման տարածք դիտարկել 1905 մ-ից բարձր ափամերձ գոտիները: Իսկ մինչ այդ բյուջեից գումարներ են հատկացվում 1900 մ ընդգրկմամբ ափամերձ տարածքները մաքրելու համար: 2009 թ.-ի ընթացքում այս նպատակով նախատեսվել է բյուջեից հատկացնել 275 մլն դրամ: Նախատեսված 600 հեկտարից 520-ի մաքրման աշխատանքներն արդեն կատարվել են, մնացածն էլ, ըստ մասնագետների, ավարտին կհասցվի մինչեւ հունվարի 15-ը: Բնապահպանության նախարարը մաքրման տարածքները խմբավորեց ըստ բարդության աստիճանի` հողածածկ եւ թփուտային, ճահճային, ջրածածկ: Նորատուսի տարածաշրջանում, որտեղ ոլորտի պատասխանատուն ԱԺ պատգամավորների հետ շրջայց կատարեց, կան նաեւ երկրորդ բարդության գոտիներ, եւ այցի պահին ճահճացած տարածքները մաքրվում էին հատուկ տեխնիկայի միջոցով: Ջրային ամենաբարդ գոտու մաքրման համար անհրաժեշտ կլինեն թե տեխնիկա, եւ թե հատուկ եղանակային պայմաններ, երբ լիճը սառած կլինի: 2010 թ.-ի պետական բյուջեի նախագծում մաքրման աշխպատանքների համար սահմանված հատկացումները կպահպանեն ընթացիկ տարվա համամասնությունը:
Այցի ընթացքում Ձկնգետ գետի գետաբերանում բաց թողնվեց մոտ 200 հազար գեղարքունի տեսակի մանրաձուկ եւ ամառային իշխանի մանրաձուկ: Բնապահպանության նախարարը նկատեց, որ սա երկարամյա եւ շարունակական ծրագիր է, որը նպատակ ունի լճի կենսառեսուրսների` ձկան պաշարների վերարտադրությանը նպաստել արհեստական միջամտությամբ այնքան ժամանակ, մինչեւ որ բնական վերարտադրողականությամբ կապահովվեն ձկան անհրաժեշտ պաշարները: Նախարարը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 7-ից մինչեւ հունվարի 15-ը կարգելվի արդյունագործական ձկնորսությունը Սեւանա լճում եւ բնակչությանը կոչ արեց ձվադրման այս շրջանում ձեռնպահ մնալ ձկնորսությունից: Ի դեպ, մասնագետները արդեն իսկ նկատում են սիգի մանրաձկան աճ Սեւանա լճում:
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի գնահատմամբ` Սեւանի ափամերձ եւ անտառածածկ տարածքների մաքրման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվել: Չնայած լճում մանրաձուկ բաց թողնելու միջոցառումներին` ձկան պաշարների համալրման համար պրն. Հարությունյանը տեսնում է հետեւողական եւ շարունակական աշխատանքի անհրաժեշտություն: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում եւս քայլեր կձեռնարկվեն առկա պաշարները պահպանելու, ավելացնելու եւ որսագողությունը կանխելու ուղղությամբ: