Հոկտեմբերի 22-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների թեման Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացն էր եւ դրա ներդրման ենթադրյալ հետեւանքները:
Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ թեեւ տեխնիկական նորամուծությունները նոր հնարավորություններ եւ հեռանկարներ կբացեն, բայց առաջ կբերեն նաեւ նոր հարցադրումներ: Ըստ Արտակ Դավթյանի` հեռուստառադիոհեռարձակման թվայնացումը բնակչության որոշ հատվածի չպետք է զրկի հեռարձակում ստանալու հնարավորությունից. պետք է հաշվի առնել քաղաքացու շահը: Հաջորդ կարեւորագույն խնդիրն այն է, որ պետք է ապահովի ոչ միայն զանգվածային լրատվամիջոցների բազմակարծությունը, այլեւ տարակարծությունը. ալիքների բազմազանությունը դեռ չի նշանակում բազմակարծության ավելացում: Հանձնաժողովի նախագահը քննարկվող հարցի համատեքստում կարեւորեց սպառողների շահերի պաշտպանությունը, հատկապես բնակչության խոցելի հատվածների եւ երեխաների շահերի պաշտպանության խնդիրը, ինչպես նաեւ` եթերից ատելության սերմանման բացառումը: Նա նկատեց, որ բազմաշերտ գործընթացի իրականացման ճանապարհին առաջանալու է օրենսդրական փոփոխությունների կարիք, եւ այդ հարցում մեծ է լինելու հանձնաժողովի կատարելիք աշխատանքը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ելույթ ունեցավ «Թվային հեռուստառադիոհեռարձակման իրականացման հայեցակարգը. հնարավորություններ եւ հիմնախնդիրներ» թեմայով: Նա տեղեկացրեց, որ հեռուստառադիոհեռարձակման թվայնացման վերաբերյալ հայեցակարգը ներկայումս գտնվում է քննարկման փուլում, որի նախնական տարբերակին կարելի է ծանոթանալ նախարարության կայքէջում: Նշելով, որ զարգացած եւ զարգացող երկրներն արդեն բավականին առաջ են գնացել թվայնացման հարցում, նա կարեւորեց գործընթացին Հայաստանի մասնակցությունը: Ըստ նախարարի` հեռուստառադիոհեռարձակման թվայնացումը հնարավորություն կընձեռի ոչ միայն հեռուստացույց դիտել, այլ նաեւ ինտերակտիվ մասնակցություն ունենալ, ինչը նշանակում է` կմատուցվեն բարձր տեխնոլոգիական` ինտերնետային, տեսա եւ հեռախոսային կոնֆերասների անցկացման ծառայություններ: Այլ կերպ ասած` էլեկտրոնային միջավայրով հնարավոր կլինի անել ցանկացած գործողություն: Այս ամենը կարելի կլինի իրականացնել
ինտերնետ ունենալու պարագայում: Ծառայությունները կլինեն վճարովի, տարբեր փաթեթների տեսքով: Նվազագույն փաթեթը կլինի անվճար եւ բնակչության որոշ անվճարունակ հատվածներ պետության հովանավորությամբ կօգտվեն նվազագույն փաթեթից: Պարոն Երիցյանը նշեց, որ նախատեսվում է կատարել օրենսդրական փոփոխություններ, ինչը նախատեսված է ավարտել մինչեւ 2010 թվականի հուլիսը:
Թվայնացման գործընթացի վերաբերյալ «Հեռուստահեռարձակման թվայնացումը. մոտեցումներն այլ երկրներում /Մեծ Բրիտանիա/ եւ պրակտիկ խնդիրների լուծում» թեմայով ելույթ ունեցավ ԵԽ փորձագետ Ջեյմս Բրիգսը: Նա ներկայացրեց Մեծ Բրիտանիայի փորձը, տարբեր երկրներում գործող չափորոշիչները, ինչպես նաեւ` անալոգայինից թվային հեռարձակման անցման դեպքում ակնկալվող օգուտներն ու առավելությունները: Ըստ նրա` Հայաստանում թվայնացման գործընթացի ավարտման համար նախատեսված 5 տարին բավական է:
«Գերբարձր հաճախականության տիրույթի /սպեկտր/ օգտագործումը Հայաստանում» թեմայով ելույթով ունեցավ ԵԽ փորձագետ Ալեք Թոմասը: Նա նշեց, որ տեխնիկական տեսանկյունից ճիշտ չի համարում նոր անալոգային լիցենզիաների տրամադրումը հատկապես Երեւանում: Ըստ նրա` Երեւանում գերբարձր հաճախականության օգտագործումը եւ վերօգտագործումը շատ ավելի բարձր է, քան Հայաստանի այլ քաղաքներում, ինչը բնական է նման թվով բնակչության առկայության դեպքում: Նա նկատեց նաեւ, որ Երեւանում կան նաեւ այլ չօգտագործվող ալիքներ, որոնք հնարավոր է, որ օգտագործվեն թվայնացումից հետո:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը ելույթ ունեցավ «Բազմակարծության եւ վերահսկելիության ապահովումը թվային հեռուստառադիոհեռարձակման պայմաններում» թեմայով:
Նա անդրադարձավ հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու կարգին, նշեց, որ թվայնացումից հետո հեռուստաընկերություններին լիցենզիա կտրվի ավելի երկար ժամանակով, քան այժմ է: Նա տեղեկացրեց, որ թվայնացման գործընթացից հետո հեռուստաընկերություններում վերահսկողություն կիրականացվի` օգտագործելով եւ տեղական, եւ միջազգային փորձը: Կսահմանվեն դրույթներ, որոնք կապահովեն նաեւ բազմակարծությունը, բովանդակային բազմազանությունը, տեղեկատվության մատչելիությունը:
Լսումների ընթացքում եղան թեմատիկ այլ ելույթներ եւս: Հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին լիցենզիաների տրամադրման կարգին, հեռուստառադիոընկերությունների առաջիկա անելիքներին, ենթադրվող ծախսերին, լիցենզավորված հեռուստառադիոընկերությունների իրավունքներին եւ պարտականություններին: