National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
30.09.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Թեհրանում հանդիպեց Իրանի նախագահի հետ

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, ինչպես նաեւ այցելել է իրանահայերի ազգային հաստատություններ եւ շփումներ ունեցել այդ երկրում հայ գաղութի ներկայացուցիչների հետ:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Փոխանցելով ՀՀ Նախագահի ջերմ ողջույններն իր իրանցի գործընկերոջը` պրն. Աբրահամյանը հայկական կողմի գոհունակությունը հայտնեց հայ-իրանական ջերմ հարաբերությունների ու առարկայական համագործակցության զարգացման առթիվ: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց երկու երկրների խորհրդարանների դերը համագործակցությունը ընդլայնելու ու ամրապնդելու գործում:

Զրուցակիցները նաեւ քննարկեցին ս.թ. ապրիլին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին: Կողմերն անդրադարձան դրանց իրագործման ուղղությամբ կատարվելիք քայլերին: Նրանք նաեւ հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Մինչեւ ԻԻՀ Նախագահի մոտ մեկնելը ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելեց ԻԻՀ խորհրդարան, որտեղ ՀՀ եւ ԻԻՀ խորհրդարանների նախագահներ Հովիկ Աբրահամյանը եւ Ալի Լարիջանին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր:
Սեպտեմբերի 30-ի կեսօրին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում ունեցավ Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, որը եւս այցով գտնվում էր Թեհրանում: Պրն. Աբրահամյանը վկայակոչեց ավանդական ջերմ հարաբերությունները Հայաստանի եւ Իրաքի ժողովուրդների միջեւ եւ առաջարկեց վերահաստատել եւ աշխուժացնել շփումները, որոնք ընդհատվել էին 2003թ. Իրաքի ճգնաժամի պատճառով: Իրաքի խորհրդարանի նախագահն ընդունեց այդ առաջարկը: Նա բարձր գնահատեց իրաքահայ համայնքի դերն իր երկրի կյանքում` նշելով, որ այն, բնականաբար, կարող է նպաստել երկու երկրների շփումներին:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարան: Այնտեղ պրն. Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն, ապա ՀՀ ԱԺ նախագահը գրառոմ կատարեց պատվո հյուրերի գրքում:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցի: Այնտեղ նա ծաղկեպսակ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, ապա հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու
գործընթացին` պրն. Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Մենք հասկանում ենք սփյուռքի մեր եղբայրների եւ քույրերի անհանգստությունը: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի իշխանությունները երբեք թույլ չեն տա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի առկախումը հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումից: Նմանապես անընդունելի է այդ հարաբերությունների պայմանավորումը Արցախի հիմնահարցի կարգավորմամբ: Ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ոչ էլ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցերը սակարկության ենթակա չեն»:

Սեպտեմբերի 30-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ ընդունելություն ՀՀ անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ, որին նաեւ մասնակցեց ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Այդ միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Սեպտեմբերի 30-ի` լույս հոկտեմբերի 1-ի գիշերը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանից վերադարձավ Երեւան:


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը
«Արարատ» մարզամշակութային համալիրում
Թեհրան, 30 սեպտեմբերի 2009թ.

«Գերաշնորհ հայր,
Սիրելի հայրենակիցներ` իրանահայ համայնքի պատվարժան ներկայացուցիչներ,
Հարգելի հյուրեր,
Մեծարգո դեսպաններ,
Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

Շատ ուրախ եմ այսօր գտնվել «Արարատ» մարզամշակութային համալիրում, ուր մենք համախմբվել ենք Հայաստանի անկախության տոնը նշելու նպատակով: Այդ նշանավոր օրվա կապակցությամբ կազմակերպված այս հանդիսավոր տոնակատարությունը լավ առիթ է մեր անկախ պետականության հաստատման գործընթացը կրկին իմաստավորելու համար:

18 տարի առաջ հանրաքվեի միջոցով իր անկախությունը հայտարարելով` Հայաստանի ժողովուրդը հիմնադրեց մեր երրորդ հանրապետությունը: Այդ քայլով մենք հաստատեցինք ազատ ու անկախ ժամանակակից պետականություն կերտելու մեր միասնական կամքը: Երկար տարիների դադարից հետո Հայաստանի անկախ պետականության վերահաստատումը հայ ժողովրդի վերելքի ու միասնականության արդյունք էր:

Այստեղ` Թեհրանում, «Արարատ» մարզամշակութային համալիրում այս տոնակատարությունը կազմակերպելու մեջ ես մեծ խորհուրդ եմ տեսնում: Այս իրադարձությունը հաստատում է հայ ժողովրդի երկու թեւերի` մայր Հայաստանի եւ սփյուռքի միասնությունը:

Քաջ գիտակցում եմ, որ այն ջերմ ընդունելությունը, որին արժանացավ իմ ղեկավարած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդների կողմից մեծապես պայմանավորված է իրանահայության կեցվածքով ու նկարագրով: Իրանահայությունն արժանիորեն վաստակել է այդ հարգանքն ու բարի համբավը թե Իրանում, թե մայր Հայաստանում:

Այս նշանավոր տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ ապագայում եւս անկախության հպարտ ոգին կառարկայանա հայ ժողովրդի ստեղծագործական նոր վերելքներով: Վստահ եմ նաեւ, որ մայր Հայաստանի եւ սփյուռքի  միասնությունը ճանապարհ կհարթի հայ ժողովրդի նորանոր հաղթանակների համար:

Մաղթում եմ բոլորիս հաջողություններ, բարեկեցություն եւ երջանկություն` ի բարօրություն Հայաստանի անկախ պետականության, ի բարօրություն Հայաստանի եւ Իրանի բարեկամության:
Շնորհակալություն»:


30.09.2009
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերը
Սեպտեմբերի 30-ի երեկոյան  պաշտոնական այցով Երեւան կժամանի Բելգիայի Սենատի նախագահ  Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը:Հոկտեմբերի 1-ին Բելգիայի  Սենատի նախագահին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանում պարոն Դեկերի գլխավորած պատվիրակո...




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am