National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.09.2009
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցան ՀՀ  ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նիստում,
  հանձնաժողովի փոխնախագահ Վազգեն Կարախանյանի նախագահությամբ, քննարկվեց 2009  թվականի հուլիսի 15-ին ստորագրված ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ  էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքով` համաձայնագիրը օժանդակելու է  Հայաստանի Հանրապետությանը, ներկայիս ‎ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու համար: Համաձայնագրով նախատեսվում է տրամադրել 51.378.000 հատուկ փոխառության իրավունքներին համարժեք գումարի վարկ:

2009 թվականի հուլիսի 31-ին ստորագրված ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր» փոխառության համաձայնագիրը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Համաձայնագրի նպատակն է ընտրված տարածքներում ոռոգման ջրի օգտագործման արդյունավետության բարելավումը եւ գյուղական շրջաններում անմիջական զբաղվածության խթանումը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30.000.000 ԱՄՆ դոլար:

2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրված ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին գործողություն» ֆինասավորման եւ 2009 թվականի հուլիսի 21-ին ստորագրված ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի համաձայնագրերը ներկայացրեց ՀՀ ‎‎ֆինանսների փոխնախարար  Վարդան Արամյանը: Առաջին համաձայնագրի նպատակն է զարգացման քաղաքականության ‎ֆինանսավորումը  եւ նախատեսվում է տրամադրել 40.400.000 SDR հատուկ փոխառության համարժեք գումարի վարկ: Երկրորդ համաձայնագրի նպատակն է  զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստումը, որն ուղղվելու է  ծրագրի խորհրդատվական ծառյություններին. ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 590.000 ԱՄՆ դոլար:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը , Արա Բաբլոյանի նախագահությամբ, առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
 
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրենքի  նախագծի ընդունումը բխում է հոգեկան առողջության բնագավառի իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունից եւ նպատակ ունի փակել ոլորտի օրենսդրական բացերը: Նա տեղեկացրեց, որ  ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել  եւ Ազգային ժողով քննարկման է ներկայացրել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որտեղ ամրագրվել են հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքները, սակայն հարկ է առաջացել կարգավորել ոստիկանության աշխատակիցների գործողությունները` հասարակական վայրերում շրջապատի համար վտանգ ներկայացնող, հոգեկան խանգարումներ ունեցող կամ կասկածվող անձանց ոստիկանության բաժին բերման ենթարկելու դեպքում:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացրեց` աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հոգեբուժական օգնության» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուն դրական եզրակացություն տվեց:

Մինչեւ 60 օրով հետաձգվեցին «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու «Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին» օրինագծերի եւ «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին», «Պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

Նիստի վերջում հանձնաժողովը հաստատեց 2009 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին գումարած նիստում Մխիթար Մնացականյանի նախագահությամբ քննարկեց եւ գնահատեց երեք օրենսադրական նախաձեռնություններ: Օրակարգային մնացած հարցերի քնննարկումը հետաձգվեց:

Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հանձնաժողովի պատգամավորներին ներկայացրեց իր համահեղինակությամբ շրջանառված` «Երեխայի իրավունքների մասին»  եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Տկն. Պետրոսյանն առաջարկեց  «Երեխայի իրավունքների մասին» օրենքում ընդլայնել օրենսդրորեն արգելվող տեղեկատվության եւ գրականության տարածման շրջանակը` հաշվի առնելով հասարակության պահանջներն ու առկա մտահոգությունները: Ներկայացված նախագծի ընդունման պարագայում`   կարգելվի ոչ միայն «բռնության եւ դաժանության պաշտամունքի, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, երեխայի վրա բացասական ազդեցություն ունեցող եւ իրավախախտումներին նպաստող», այլ նաեւ` ընտանիքը վարկաբեկող, երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկակակն զարգացման, դաստիարակության  վրա բացասաբար ազդեցություն ունեցող տեղեկատվության եւ գրականության տարածումը: Միաժամանակ հեղինակներն առաջարկում են վերանայել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը արգելել հեռուստառադիոհաղորդումներում օգտագործել ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող հաղորդումները, ինչպես նաեւ սահմանափակել անչափահասների վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ժամերը: Տկն Պետրոսյանը նկատեց, որ նախագծերը մշակվել են հաշվի առնելով թե միջազգային կոնվենցիաները եւ թե տարբեր երկրների փորձը: Նախագծերում արտացոլվել են նաեւ կառավարության առաջարկությունները: Հանձնաժողովի պատգամավորները երաշխավորեցին դրական եզրակացությամբ փաթեթն ընդգրկել նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում` ողջունելով երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված այս քայլը: Հանձնաժողովի անդամ Ալվարդ Պետրոսյանն իր հերթին առաջարկեց համալրել արգելված գրականության ցանկը` ներառելով այնտեղ նաեւ հոգեորսություն հետամտելը: Սկզբունքորեն դեմ չլինելով` հիմնական զեկուցողն առաջարկեց հարցին անդրադառնալ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների համատեքստում` նախագծի ընդունումից հետո:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց իր առաջարկը  «Բարեգործության մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում» եւ «Կուսակցությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Հարցը մեկ անգամ արդեն քննարկվել է հանձնաժողովում` ընդգրկվելով նստաշրջանի օրակարգում: Վիկտոր Դալլաքյանն անդրադարձավ սկզբունքային փոփոխություններին. դրանք են`  արգելել բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնել, արգելել կուսակցություններին` քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով խոստանալ կամ տալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ ծառայություններ մատուցել: Հեղինակը նաեւ առաջարկում է սահմանափակել բարեգործական կազմակերպության հիմնադիրների շրջանակը` այդպիսի գործառույթից զրկելով  ԱԺ պատգամավորներին, համայնքի ղեկավարներին եւ ավագանիների անդամներին, ինչպես նաեւ կուսակցություններին ու նրանց ղեկավարներին: Պատգամավորի գնահատմամբ` սա քաղաքական գործունեությունը բարեգործականից տարանջատելու միջոց է: Քննարկումների արդյունքում պատգամավորը համաձայնել է նախագծից հանել հասարակական եւ հայրենակցական կազմակերպությունների` նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավասությունն արգելող դրույթը:  Հանձնաժողովի պատգամավորները, այդ թվում եւ հանձնաժողովի նախագահը, մտավախություն հայտնեցին, որ նախագիծը կարող է ժամանակավրեպ լինել, թեեւ կարեւոր է հասարակության մեջ առկա բացասական երեւույթներն արմատախիլ անելու համար: Կառավարությունը եւս որոշ վերապահումներ ունի նախագծի մի քանի կետերի վերաբերյալ: Հանձնաժողովը որոշեց հարցը դրական եզրակացությամբ ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգում: Հեղինակն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հանձնաժողովի գնահատականը դրական էր նաեւ «Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» պատգամավորների օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Նախագծերի համահեղինակ Վարդան Բոստանջյանի ներկայացմամբ` «Բռնադատվածների մասին» 1994թ.-ից  գործող օրենքը, ներկա իրողություններով պայմանավորված, վերանայման կարիք ունի. իրենք առաջարկում են բռնադատվածներին վերաբերող խնդիրների ամբողջական եւ համակարգված լուծումներ:  Կառավարությունը, ի դեմս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի, նախագծերի վերաբերյալ անհամաձայնություններ ունի: Նրա ներկայացմամբ` այն առաջացնում է նաեւ ֆինանսական պարտավորություններ: Վարդան Բոստանջյանի տվյալներով` հանրապետությունում այսօր կան 9.500 բռնադատվածներ եւ բռնադատվածների ժառանգներ. նախատեսած փոփոխությունները գնահատվում են տարեկան 300 մլն դրամ:  Հարցը կընդգրկվի նստաշրջանի օրակարգում` հետագայում կառավարության եւ փորձագետների կողմից ստացված նկատառումներն այնտեղ արտացոլելու պայմանավորվածությամբ:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը նշեց, որ բռնադատվածների նկատմամբ ունեցած պարտականությունը այնքան ֆինանսական չէ, որքան` բարոյական:

Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ , որտեղ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

 ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումն ըստ տիկին Հակոբյանի, կբարելավի սփյուռքահայերի` Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա ստանալու գործընթացը, իսկ սփյուռքահայ ուսանողները կկարողանան լուծել կացության կարգավիճակի հարցը` առանց խաթարելու ուսման գործընթացը: Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց  «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական  մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական/ արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության միացմամբ Բոլոնիայի գործընթացին եւ որի  նպատակն է ապահովել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը Եվրոպական կրթական միասնական տարածքին: Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

 ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջին օրինագծով առաջարկվում է օրենքում ամրագրել, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է նաեւ տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեությունը, իսկ երկրորդ օրինագծով առաջարկվում է փոփոխել դրա համար  վճարվող պետական տուրքը. այն առաջարկվում է սահմանել տարեկան 10000 դրամ: Այս օրինագիծը եւս հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջարկում է օրենքում ամրագրել դրույթ, ըստ որի`  ֆակուլտետի  դեկանի /ուսումնական ստորաբաժանման ղեկավարի/ գործունեությունը համարվում է վարչական եւ գիտամանկավարժական աշխատանք, իսկ ամբիոնի վարիչի գործունեությունը` գիտամանկավարժական: Այս օրինագիծը եւս ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որով առաջարկվում է  կիսատ թողած ուսումը հեռակա համակարգում շարունակելու հնարավորություն տալ այն անձանց, ովքեր կրթությունն ընդհատել են տաս տարուց ավելի ժամկետով: Նշվում է, որ նրանք կարող են վերականգնվել ոչ ավարտական կուրսում եւ եթե առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը:

Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Ապա պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանձնաժողովի քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց իր հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ նշեց, որ նախապես այն ուղարկվել է 45 լրատվամիջոցի, որոնցից առաջարկներ ներկայացրել են 3-ը: ՀՀ կառավարությունը ներկայացրել է 16 առաջարկ, որից 13-ը ընդունվել է: Ըստ հեղինակի` փաթեթի ընդունումը պայմանավորված է լրագրողների իրավունքների, պարտականությունների եւ պաշտպանվածության հիմնահարցերը կարոնակարգելու անհրաժեշտությամբ: Օգտագործվել են Ռուսաստանի, Լատվիայի եւ Վրաստանի համապատասխան օրենքների դրույթները: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկեց օրինագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության, ինչը հեղինակն ընդունեց:

Հանձնաժողովի որոշ անդամների կարծիքով օրինագծում մի քանի  վիճահարույց դրույթներ կան, ուստի հեղինակի առաջարկությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում եւ մինչ լիագումար նիստում քննարկումը կլրամշակվի:

 ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը , Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած « Հանրային ծառայության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը օրինագծերի ընդունումը պայմանավորեց պետական եւ կառավարման համակարգի բարեփոխումներով, 2006 թ. նոյեմբերի 23-ի «ՀՀ կառավարության 2007 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին»  որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրով եւ «GRECO»-ի  պահանջներից: Պարոն Բադալյանը նշեց, որ օրինագծերի ընդունումն ուղղված է Հայաստանում միջազգային լավագույն փորձին համապատասխանող հանրային ծառայության համակարգի ստեղծմանը եւ ինստիտուցիոնալ զարգացմանը: «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունումը Մանվել Բադալյանը պայմանավորեց բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարագրերի պարտադիր հրապարակմամբ:

Հանձնաժողովը քննարկված օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացրեց` աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը քննարկման ներկայացրեց իր եւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հեղինակած «ԵԽԽՎ «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը» թիվ 1677 բանաձեւում հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման, «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը ի կատար ածելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարելուն ուղղված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը, ինչի վերաբերյալ հանձնաժողովը որոշեց դրական եզրակացություն չներկայացնել խորհրդարանին:

«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության օրինագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանն անդրադարձավ օրենսդրական փոփոխության անհրաժեշտությանը: Օրենքի նախագծով հեշտացվել է գործընթացը եւ   ՀՀ քաղաքացիները ինտերնետով հրապարակային ծանուցումները կարող են ներկայացնել իրենց մարզի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության  տարածքային ստորաբաժանումներ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց` աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Կառավարության հեղինակած «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանն անդրադարձավ օրինագծերի ընդունման անհրաժեշտությանը, կարգավորման հարաբերությունների ներկա վիճակին եւ խնդիրների լուծման համար առաջարկվող մեխանիզմներին: Նա ընդգծեց, որ ի տարբերություն Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիների անձնագրերի` ՀՀ-ում անձնագիրը օգտագործվում է եւ որպես «ճամփորդական փաստաթուղթ», եւ որպես հաշվառման փաստաթուղթ, ինչը երբեմն խոչընդոտում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի իրականացմանը: ՀՀ նախագահի 2008 թ. մարտի 15-ի կարգադրությամբ հաստատված «ՀՀ միգրացիայի համակարգի եւ ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին» հայեցակարգի համաձայն` նույնականացման քարտում որպես բնակության վայր նշվելու է միայն երկիրը, քանի որ բնակության վայրի հասցեն ամենաարագ փոփոխվող տվյալն է եւ քարտում ֆիքսված լինելով` կարող է ժամանակի ընթացքում չհամապատասխանել անձի փաստացի բնակության վայրի հասցեին եւ կորցնել գործառնական նշանակությունը: Նույնականացման քարտը նախատեսվելու է ՀՀ տարածքում օգտագործելու համար` որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ: Քարտի ձեռքբերումը 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիների համար սահմանվելու է որպես պարտականություն: Քարտերի գործողության ժամկետը սահմանվելու է 10 տարին: Օրենքի ընդունման արդյունքում տվյալների էլեկտրոնային պահոցով քարտեր ներդնելիս  քաղաքացիական շրջանառության ոլորտում հանրային ծառայություններ մատուցելիս անհատական տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացը զգալիորեն կպարզեցվի, որը կհանգեցնի հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: 

Հանձնաժողովը քննարկված օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացրեց` աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցմամբ: ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորեց քրեակատարողական ծառայությունում ք աղաքացիական հատուկ ծառայություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը, ըստ փոխնախարարի, կխթանի համակարգում հարկադիր կատարողի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման եւ կադրերի տեղաբաշխման աշխատանքների որակի բարելավմանը:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը նպատակ ունի հստակ ժամկետներ սահմանել այն իրավական ակտերի ընդունման համար, որոնց ընդունումը նախատեսվում է այս կամ այն օրենքով: Ներկայացված նախագծով այդպիսի ժամկետ է առաջարկվում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսյա ժամկետը, եթե այդ օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:

ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվեց առաջին ընթերցմամբ: Ըստ օրինագծի հեղինակի` նյութերի նախապատրաստման ընթացքում, քանի դեռ քրեական գործ հարուցված չէ, դատավարության մասնակիցներից որեւէ մեկի կարգավիճակն օրենսգրքով չի որոշիակացված, կա միայն հանցագործության մասին հաղորդում տվող, որի իրավունքը  սահմանափակվում է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը ստանալու եւ այն բողոքարկելու իրավունքներով: Տիկին Ալավերդյանը կարեւորում է առաջարկվող փոփոխությունները քրեական գործի նյութերին ծանոթանալու, պատճենահանումներ կատարելու հետ կապված հարցերով քրեական հետապնդման մարմնի սուբյեկտիվ մոտեցումները բացառելու եւ պրակտիկայում հարուցվող արգելքները վերացնելու նպատակով:

Հանձնաժողովը քննարկված չորս օրինագծերի վերաբերյալ էլ դրական եզրակացություն տվեց` աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:


ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Բանախոսի գնահատմամբ` Հայաստանի Հանրապետությունը,  հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության անդամ, պարտավոր է հետեւել Անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումներին: Դրա համար անհրաժեշտ է նախատեսել այնպիսի մեխանիզմ, որը կբացառի առանց հսկողության ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով: Նշված ակտերի ընդունումը հենց նպատակ է հետապնդում ստեղծել այդպիսի հսկողության համակարգ:

 Նախագծերով նախատեսվում է թույլ տալ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեությամբ զբաղվել միայն որոշակի պահանջներին բավարարող եւ համապատասխան լիցենզիա ստացած անձանց: Բացի այդ` հսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց համար նախատեսվում են նաեւ որոշակի պահանջներ, որոնք վերաբերում են լիցենզավորված անձից մինչեւ արտահանում, ներմուծում, տարանցիկ փոխադրում, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի պայմանագրի ստորագրումը ստանալ լիցենզավորող մարմնի թույլտվությունը:  Նախատեսվում է նաեւ սահմանել մեկ միասնական ցանկ, որտեղ ընդգրկված կլինի ռազմական նշանակության արտադրանքը` միաժամանակ բացառելով այլ ցանկերում դրանց հայտնվելու հնարավորությունը: Բացի այդ` ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման եւ միջնորդական գործունեության նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ այդ գործընթացում ընդգրկված լինեն նաեւ այլ գերատեսչություններ: Վերջիններիս կարծիքը կապահովի ընդունվող որոշման հիմնավորվածությունը:

Քննարկվեց նաեւ «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության մասին», «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը:

Փաթեթով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների բնագավառը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված նորմերի, կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաեւ այդ նորմերի, կանոնների, պայմանների, դրանց հետ կապված հարաբերությունների ու արտակարգ իրավիճակների ոլորտում վերահսկողության իրավական ու տնտեսական հիմքերը,  արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչության, արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության պետական տեսուչի գործառույթները, իրավունքները, պարտականությունները եւ այլ հարաբերություններ: Նախատեսվում է նաեւ հրդեհային հսկողության մարմինների` Հայաստանի փրկարար ծառայության  պետական հրդեհային տեսչության իրավասությունների փոխանցում  արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչությանը: Կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության տեսչությանը, նրա վերադաս մարմնի համապատասխան ստորաբաժանմանը հետաքնության մարմնի իրավասություն տալու եւ ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն նախատեսող նոր հոդվածով նախաքնության իրականացման իրավասության հարցերը:

Հանձնաժողովը քննարկեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն   կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱ ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի համաձայն` ազգային անվտանգության մարմիններում գլխավոր խմբի պաշտոնի ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը` վերջինիս կողմից սահմանված կարգով: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը համարվում է գլխավոր խմբի պաշտոն, որին նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը` ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Վերոնշյալ օրենքների միջեւ առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով` առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում: Բացի այդ նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է շտկել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2004 թվականի դեկտեմբերի 14-ի օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում տեղ գտած խմբագրական անճշտությունը:
Քննարկվեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է վարորդների իրավունքների պաշտպանությանը եւ գերատեսչությունների ֆունկցիաների հստակեցմանը: Տիկին Ալավերդյանը տեղեկացրեց, որ կառավարության առաջարկների հաշվառումով բարելավված է օրինագիծը, իսկ ՀՀ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ նախագծի վերաբերյալ առարկություններ չունի:

Հանձնաժողովը քննարկված վերոնշյալ օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն` սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար դրական եզրակացություն տվեց «Զինապարտության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթի, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» եւ «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ: Դրական եզրակացություն ստացավ նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված «Զենքի մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» եւ«Փրկարար ծառայության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Հեղինակների առաջարկով շրջանառությունից հանվեց «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:



11.09.2009
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի   նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ  նստաշրջանի օրակարգի եւ 2009թ. սեպտեմբերի 15-17-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրո...

11.09.2009
Ի գիտություն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների
Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները իրենց հավատարմագրերը կարող են ստանալ սեպտեմբերի 15-ին ժամը 10.30-ից մինչեւ 11.45-ը  Ազգային ժողովի ընդունարանում ( Բաղրամյան 19 ):...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am