National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.09.2009
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ  ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան երեք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կընդգրկվեն ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը` նշելով, որ առաջարկներ չեն ստացվել:

Առաջին ընթերցմամբ Վաչե Տերտերյանը քննարկման ներկայացրեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը պայմանավորված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» իր հեղինակած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նա տեղեկացրեց, որ նախաձեռնության նպատակը ՀՀ Սահմանադրության 75 եւ 82 հոդվածների դրույթները լիարժեք եւ ներդաշնակ կիրառելն է: Մասնավորապես հեղինակն առաջարկում է, որպեսզի ՀՀ բնակավայրերի անունները փոխելու կամ վերանվանելու իրավունք ունենան նաեւ պատգամավորները` ներկայացնելով օրենսդրական նախաձեռնություն: Ներկայումս այդ իրավունքը վերապահված է բացառապես ՀՀ կառավարությանը: Օրինագծի հեղինակն առաջարկում է բնակավայրերի վերանվանումներ կատարելիս հաշվի առնվի նաեւ տվյալ բնակավայրի բնակչության կարծիքը: Նշվում է, որ այդ նպատակով կարող է անցկացվել տեղական հանրաքվե:  Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ին հանձնաժողովը նախատեսում է անցկացնել խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվեն «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ  «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը եւ տեղական ինքնակառավարման ոլորտում հարկային բարեփոխումներին վերաբերող օրենսդրական մի շարք նախաձեռնություններ:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նախագծով առաջարկվում է ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8802 ծածկագրին դասվող «Թռչող ապարատներ, այլ տիեզերական ապարատներ» ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկը չհաշվարկել եւ չգանձել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին: 

Հանձնաժողովն առաջարկեց մաքսային սահմանին  չգանձել նաեւ այդ   սարքավորումների պահեստամասերի ավելացված արժեքի հարկը:

Սուրեն Կարայանը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ նստաշրջանում քննադատության արժանացած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում», «Ակցիզային հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Հարկերի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը լրամշակվել է. նվազագույնի են հասցված եւ կանոնակարգված են հարկային մարմնի ներկայացուցչի իրավասություններն ու նրա միջոցով ընթացիկ հարկային հuկողության շրջանակները:

 «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, առաջարկում է մաքսատուրքի վճարումից ազատել հանրապետություն ներկրվող, արտադրական նշանակություն ունեցող սառնարանային եւ սառցարանային սարքավորումները, ինչը ուղղված է  արդյունաբերության զարգացմանը եւ խթանմանը: Օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա նաեւ արդյունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին  խնայելու  ֆինանսական միջոցները:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրինագծերի փաթեթը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի,  սահմանում է հարկ վճարողների եւ հարկային գործակալների կողմից  Հայաuտանի Հանրապետության հարկային oրենuդրությամբ  նախատեuված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաuտաթղթերը եւ տեղեկությունները  էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու գործընթացը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը:

Օրենքի նախագիծը ուղղված է մեկ միլիարդ դրամ եւ ավելի արժեք ունեցող հանրային եւ բնակարանային կառուցապատման ծրագրեր իրականացնող կառուցապատողների համար գրավիչ եւ բարենպաստ պայմաններ ապահովելուն: Օրենքի նախագիծի ընդունումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում ավելացնել հանրային եւ բնակարանային կառուցապատման մեկ միլիարդ եւ ավելի արժեք ունեցող ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի ավելացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կաշխուժանա շնանույթերի շուկան. կընդլայնվի շինանյութերի արտադրությունը եւ կմեծանա շինանյութերի ներմուծումը: Կավելանան նաեւ շինարարության հետ կապված այլ ոլորտների արտադրության եւ սպասարկման ծավալները: Այս ամենը կհանգեցնեն Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վիճակի բարելավմանը, ինչես նաեւ պետական բյուջեի եկամուտների ավելացմանը: Բացի այդ, կառուցապատման արդյունքում ստեղծված հանրային եւ բնակարանային շենքերն ու շինությունները հնարավորություն կտան ապահովել դրանց գծով որոշակի պահանջարկ:

Հանձնաժողովն առաջարկեց նշված արտոնությունները տարածել նաեւ արտադրական բնույթի շինությունների վրա:

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի տեղեկացմամբ` մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 83.3 հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի` բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը: 

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2008 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագծերը: Քննարկված բոլոր օրինագծերն էլ դրական եզրակացություն ստացան ԱԺ չորրորդ գումարման 6-րդ նստաշրջանի սեպտեմբերի 15-17-ի նիստերի օրակարգում ընդգրկվելու համար: ԱԺ առաջիկա  նիստերի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացան նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ երրորդ ընթերցմամբ քննարկված «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» օրինագծերը, իսկ առաջին ընթերցմամբ քննարկված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը դրական եզրակացությամբ մտավ նստաշրջանի օրակարգ:

Հեղինակների համաձայնությամբ մինչեւ 15 օրով հետաձգվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Գնահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիզինգի մասին» (օրինագծերի փաթեթ),  «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», մինչեւ 30 օրով հետաձգվեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», մինչեւ 60 օրով` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին», մինչեւ 90 օրով`   «Պետական ոչ առեւտրային  կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,  «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքների նախագծերի քննարկումը:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը ` Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, սեպտեմբերի 8-ին գումարեց աշնանային նստաշրջանից առաջ հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Հանձնաժողովը երաշխավորեց դրական եզրակացությամբ նստաշրջանի օրակարգում ընդգրկել կառավարության հեղինակած`  «Անասնակերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: յուղատնտեսության նախարարի տեղակալ  Սամվել Ավետիսյանի  ներկայացմամբ` նախագծով նախատեսում են հանրապետությունում իրացվող կերի հայերեն մակնշման  պարտադիր տեղեկատվության մեջ ներառել նաեւ նշումներ կերի մեջ առկա կենսաբանական ակտիվ նյութերի, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, հակացուցումների կան գենետիկորեն ձեւափոխված լինելու մասին: Փոխնախարարը նշեց, որ պահանջները միասնական են թե արտադրվող եւ թե ներկրվող անասնակերի համար, հետեւաբար առաջարակում են ուժը կորցրած ճանաչել նույն խնդրին վերաբերող օրենքի այլ դրույթները: Սամվել Ավետիսյանի խոսքերով` սահմանված պահանջները համահունչ են Եվրամիության   չափանիշներին եւ կնպաստեն կերի կամ կերային հավելումների մասին ամբողջական տեղեկատվության տիրապետմանը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հանձնաժողովի ամդամների գնահատմանը ներկայացրեց  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  նախագիծը, որով առաջարկվում է խստացնել անտառահատումների համար  նախատեսված պատժամիջոցները: Կառավարության ներկայացուցչի հիմնավորմամբ` այսօր գործող պատժատեսակները ապօրինի ծառահատումների համար, մասնավորապես տուգանքները, չեն նպաստում հատումների նվազմանը, իսկ մինչեւ 400 հազար դրամի չափով վնաս պատճառելու դեպքում անձը ենթարկվում է միայն վարչական պատասխանատվություն:

Դատախազի տեղակալն առաջարկեց քրեական պատասխանատվության ենթարկել  200 հազար դրամ եւ ավելի վնաս պատճառելու դեպքում:  Հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը նիստում տեսակետ հայտնեց, որ անտառային ռեսուրսները շահագործվում են անխնա կերպով եւ ծառայում տարբեր շահերի` հիմնականում ոչ գյուղացիների: Անտառային տարածքները ոչնչացումից փրկելու համար պրն. Հարությունյանը պատժամիջոցների խստացումը համարեց անհրաժեշտ քայլ: Հարցը ստացավ դրական եզրակացություն` նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

«Բնապահպանական վերահսկողության մասին» եւ այլ օրենքներում փոփոխություն նախատեսող փաթեթի եւ «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկումները  հանձնաժողովը որոշեց հետաձգել` լրացուցիչ լսումներ անցկացնելու հիմնավորմամբ: Իսկ «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը որոշվեց երկրորդ ընթերցման ներկայացնել հանձնաժողովի դրական եզրակացությամբ: Հիմնական զեկուցող, բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նշեց, որ նոր առաջարկներ չեն ստացվել:

Երկրորդ ընթերցան ընթացակարգով քննարկելու ներկայացված մեկ այլ` պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում եւ «ՀՀ քրեական օրենսգրքում»  փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը նույնպես ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:  Առաջին ընթերցումից հետո ստացվել են առաջարկներ թե պատգամավորներից` հիմնականում գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի, եւ թե կառավարությունից: Վիկտոր Դալլաքյանը հավաստեց, որ դրանք բոլորն ընդունելի են: Հիշեցնենք, որ նախագծում հեղինակը սահմանում է  որսի արգելված ձեւերը, միջոցները, գործիքները եւ սահմանափակումները: «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Վիկտոր Դալլաքյանի մեկ այլ  նախաձեռնությամբ օրենսդրորեն  ամրագրվում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսն արգելելու նորմը: Կառավարության առաջարկով` նախագծում որպես բացառություն նշվում են գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական եւ այլ նպատակներով կենդանիների որսը կամ օգտագործումը` կառավարության թույտվության պարագայում:  Հարցը նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում կառաջարկվի ընդգրկել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ:

Հանձնաժողովը նիստի վերջում հաստատեց նստաշրջանի ընթացքում քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:


08.09.2009
Հովիկ Աբրահամյան. «Ազգային ժողովը պատրաստ է նպաստել Համաշխարհային բանկի հետ համագործակցությանը»
Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀԲ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը եւ հայտնեց դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am