National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
04.09.2009
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը


Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

Տեղի ունեցավ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան մի շարք օրինագծեր:

 «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» իր հեղինակած օրենքի նախագիծն առաջին ընթեցմամբ քննարկման ներկայացրեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Լրացմամբ առաջարկվում է օրենքում որպես «Շախմատի օր» հռչակել մայիսի 20-ը` ի պատիվ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի` 1963 թվականի մայիսի 20-ին տարած մեծ հաղթանակի: Կառավարության եւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի կարծիքը ներկայացված առաջարկության վերաբերյալ դրական էր: Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 Իր հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հեղինակն առաջարկում է օրենքները լրացնել դրույթով, որը սահմանում է. «Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  եւ Վրաստանի Հանրապետության  Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի  նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափաքանակ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող` ՀՀ քաղաքացիների նկատմամբ»: Օրինագծի նկատմամբ կառավարության դրական կարծիքը ներկայացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ մինչ օրինագծի ԱԺ լիագումար նիստում քննարկումը, օրինագծի հեղինակը ներկայացնի  վիճակագրություն: Առաջարկն  ընդունելի էր օրինագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանի համար: Այս օրինագիծը եւս կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց համահեղինակ Հեղինե Բիշարյանը: Օրինագիծը քննարկման ներկայացվեց առաջին ընթերցման ընթացակարգով: Տիկին Բիշարյանը նշեց, որ նախատեսվող փոփոխությունների նպատակը բռնության ենթարկված լրագրողների եւ նրանց ընտանիքների անդամների շահերի պաշտպանությունն է: Սահմանվում են տուգանքներ եւ այլ պատժատեսակներ: Տիկին Բիշարյանը ընդունեց կառավարության բոլոր առաջարկները: Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային օրակարգերի նախագծում:

Դրական եզրակացությամբ ԱԺ աշնանային եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում կընդգրկվի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Վահան Հովհաննիսյանի, Միքայել Մանուկյանի, Արծվիկ Մինասյանի, Անահիտ Բախշյանի, Հեղինե Բիշարյանի հեղինակած «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը, որով առաջարկվում է օրենքում ամրագրել նաեւ  «ՀՀ վաստակավոր գրադարանավար» կոչումը:

 Մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը  հեղինակների առաջարկով հետաձգվեց:    

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեցին միջազգային պայմանագրեր:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ներկայացրեց Նյու Յորքում ստորագրված «Կրթական, գիտական եւ մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագիրը եւ նրա արձանագրությունը: Համաձայնագրի նպատակն է` նպաստել գրքերի, մշակութային, կրթական եւ գիտական նյութերի ազատ տարածմանը, նշված նյութերի ներկրմանն առնչվող մաքսային եւ վարչական գործընթացների մատչելիությանը, դրանց ազատ շրջանառությանը: Համաձայնագրի անքակտելի մասն է արձանագրությունը, որտեղ հաշվի են առնված համաձայնագրի ստորագրմանը հաջորդած տեխնիկական առաջընթացներն ու տեղեկույթի եւ գիտելիքների փոխանցման միջոցների փոփոխությունները:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Համաձայնագրով նախատեսվում է արարողակարգերի պարզեցում, մաքսանենգության եւ մաքսային գործին վերաբերող այլ ոլորտներում համագործակցություն եւ տեղեկատվության փոխանակում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում 2009-2012 թթ. համագործակցության ծրագիրը, որը կրթական պահանջների բավարարման համար բարենպաստ պայմաններ կստեղծի երկու երկրների քաղաքացիներին համագործակից երկրի ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու կամ որակավորումը բարձրացնելու համար:

Հանձնաժողովը քննարկված միջազգային պայմանագրերի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց ` ընդգրկելու սեպտեմբերի 15-17-ը տեղի ունենալիք ԱԺ նիստերի օրակարգ:

Քննարկվեց նաեւ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ինքը եւս պատրաստվում է հարցի հետ կապված այլընտրանքային մեկ այլ նախագիծ ներկայացնել եւ տիկին Ալավերդյանին առաջարկեց համագործակցել եւ համաձայնության դեպքում համատեղ նախագծով հանդես գալ, ինչը ընդունվեց Լարիսա Ալավերդյանի կողմից: Հանձնաժողովը որոշեց հարցի քննարկումը հետաձգել մինչեւ 30 օրով:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ սեպտեմբերի 4-ին գումարած նիստում քննության առավ աշնանային նստաշրջանի եւ առաջին քառօրյա  նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար ներկայացված հարցերը:  

Կենտրոնական բանկի նախագահի տեղեկալ Վաչե Գաբրիելյանը հանձնաժողովի անդամների եզրակացությանը ներկայացրեց կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու  մասին» օրենքների նախագծերը:  Վաչե Գաբրիելյանը պարզաբանեց, որ նպատակ ունեն վերանայել օրենսդրական այն նորմերը, որոնք անհնար են դարձնում առեւտրային կազմակերպությունների կողմից ստորադաս փոխառությունների ներգրավումը: Ստորադաս փոխառությունների ներգրավումը, հիմնական զեկուցողի ներկայացմամբ լրացուցիչ կապիտալ ներգրավելու ավելի արդյունավետ եւ արագ ճանապարհ է, քան օրինակ` կանոնադրական կապիտալի ավելացումը: Ներկայացված նախագծերի ընդունման դեպքում առեւտրային կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները, հնարավորություն կստանան  ստորադաս փոխառու կապիտալ ներգրավելու միջոցով բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Հանձնաժողովը փաթեթը երաշխավորեց դրական եզրակացությամբ ընդգրկել մեծ եւ փոքր օրակարգերում` ամրագրելով հարցը  իրավական տեսանկյունից մեկ անգամ եւս քննության առնելու անհրաժեշտությունը` օրենքների մեջ հակասությունը բացառելու նպատակով: 

ԿԲ ներկայացուցիչը պատգամավորներին առաջարկեց գնահատել մեկ այլ` «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին»  օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը: Գործադիր իշխանությունն ակնկալում է, որ նախագծերի ընդունումը կհստակեցնի վճարահաշվարկային համակարգերի եւ կազմակերպությունների ստեղծման եւ գործունեության  ընթացակարգերը` նպաստելով գործունեության առավել արդյունավետությանը: Մասնավորպես կտարանջատվեն վարկային եւ ներդրումային ընկերությունների գործունեությունները: Առաջարկվում է սահմանափակել ներդրումային ընկությունների կողմից վարկեր տրամադրելու  շրջանակը, որը, հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանի կարծիքով, պետք է  փաթեթում առավել հստակ ձեւակերպում ստանա: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս փոփոխություններով համակարգը մոտեցվում է Եվրամիության չափանիշներին: Այսօր հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցելու, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա տալու համար սահմանված են բավական կարճ ժամկետներ, որոնք ենթակա չեն կասեցման: Արդյունքում Կենտրոնական բանկը զրկվում է լիցենզավորման փուլում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից: ԿԲ ներկայացուցչի տեղեկացմամբ` նախագծով վերանայվում են  լիցենզիա տալու համար սահմանված ժամկետները: Դրամական փոխանցումների սահմանումը առաջարկվում է փոփոխել այնպես, որ այն ներառի ինչպես վճարումների ընդունումը, այնպես էլ դրանց կատարումը: Առաջարկվում է վճարահաշվարկային կազմակերպություններին թույլատրել իրենց տարածքից դուրս վճարումներ կատարել շահառուներին: Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու համար դիմող անձանց համար սահմանվում է տնտեսական գործունեության ծրագիր նեկայացնելու պահանջ: Առաջարկվում է հանել այն դրույթները, որոնք սահմանափակումներ են նախատեսում վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներկայացուցչություններ ստեղծելու համար:  Կենտրոնական բանկին իրավասություն է վերապահում կասեցնելու վճարահաշվարկային կազմակերպությունների բանկային հաշիվներով գործառնությունները, եթե այդ կազմակերպություններն ի վիճակի չեն կատարել հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Նախագծերով ստեղծվում է վճարահաշվարկային միություններ ստեղծելու հնարավորություն: Հանձնաժողովի եզրակացությունը օրակարգային այս հարցի վերաբերյալ դրական էր: Այն կընդգրկվի  ԱԺ նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգերում:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորներին առաջարկեց դրական գնատահել  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված նախագիծը` նշելով, որ առաջարկներ դրա վերաբերյալ չեն ստացվել: Հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:


04.09.2009
Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնական ժամկետը սեպտեմբերի 7-ն է
 2009 թվականի օգոստոսի 24-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը: Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնական ժամկետը սեպտեմբերի 7-ն է:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am