National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.1.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.01.2024
Խորհրդարանական լսումներ` ««Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով
1 / 19

Հայաստանի աշխատաշուկայում կյանքի ու տնտեսության, սպասարկման ոլորտի կադրային դարբնոցը հզորացնելու պահանջը դարձել է հրամայական բոլորիս համար: Միասին պետք է գտնենք համագործակցելու եւ կրթության միջոցով տնտեսությունը հզորացնելու ճանապարհը: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հունվարի 24-ին հրավիրված ««Մասնագիտական կրթության եւ ուսուցման  մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Բացման խոսքում հանձնաժողովի նախագահը նշել է, որ լսումները հրավիրվել են` նկատի ունենալով մասնագիտական կրթության ոլորտի կարեւորությունը: Քննարկումներին հաջորդելու են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունումը, ինչպես նաեւ ենթաօրենսդրական ակտերի մշակումը գործադիր մարմնի կողմից:

Սիսակ Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել տեղական եւ միջազգային այն կազմակերպություններին, որոնք տեւական ժամանակ իրենց ներդրումն ու աջակցությունն են ցուցաբերել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացման գործին:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի նախագծի կարգավորումներին` նշելով, որ դրանց մեծ մասն ամրագրված է «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրում»:

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ամրապնդվում են սոցիալական գործընկերության հարաբերությունները` կողմերին դիտարկելով որպես կրթության պլանավորման, իրականացման մասնակից եւ որակի համար պատասխանատու կողմ: Սկզբունքը համընդհանուր համաձայնեցված նպատակների իրագործումն է: Պետությունը կրթության որակն ու աշխատաշուկայի համապատասխանությունն ապահովելու նպատակով ցուցաբերել է քաղաքական կամք` հայտարարելով պետություն-մասնավոր հատվածի համագործակցության մասին»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը` մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հորդորելով այս մասով ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկները: «Առաջիկայում կնախաձեռնենք նաեւ լրացուցիչ աշխատանքային քննարկում համապատասխան կառույցների եւ մասնավոր հատվածի հետ` հասկանալու, թե կրթությունից եւ պետությունից ինչ ակնկալիքներ կարող են ունենալ մասնավոր հատվածի կազմակերպությունները, եւ ինչը կխթանի իրական համագործակցությունը»,- նշել է նա:

Մասնավորապես նշվել է, որ նախատեսվում է ունենալ ՄԿՈՒ հաստատությունների մեկ տեսակ` «քոլեջ» տիպը: Ներդրվելու է մասնագիտական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմ, որով փորձ է արվելու անցնել ուսանողի ֆինանսավորման մեկ ձեւի` կրթաթոշակի:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է օրենսդրական բարեփոխումների մանրամասները, կրթության ոլորտի բարեփոխումների համատեքստում կարեւորել ԱԺ գլխադասային հանձնաժողովի հետ համագործակցված ու շարունակական աշխատանքը: Նա երախտագիտություն է հայտնել բոլոր գործընկերներին շուրջ երկու տարի եւ ավելի այս նախագծի շուրջ աշխատելու համար:

Շնորհավորելով ներկաներին այսօր նշվող Կրթության միջազգային օրվա առթիվ` նախարարը համոզմունք է հայտնել, որ մեր առաջնահերթ խնդիրն է կրթական եւ սոցիալական քաղաքականությունների համադրմամբ հարթ ու տեսանելի դարձնել որակյալ մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհը բոլոր քաղաքացիների համար: Նրա խոսքով մեր երկիրը ժառանգել է ՄԿՈՒ համակարգ, որը սպասարկում էր բոլորովին այլ տնտեսություն` այլ կառուցվածքով եւ մասշտաբներով: Ոլորտում ակնհայտ է թե' մասնագիտությունների, թե' ենթակառուցվածքների վերանայման օպտիմալացման արդիականացման խնդիրը: Ժաննա Անդրեասյանը կարծիք է հայտնել, որ պետությունն այս հարցում պետք է միայնակ չլինի, մասնավորի հետ համագործակցությունն այլընտրանք չունի: Նրա խոսքով պետք է վերանայվեն նաեւ ֆինանսավորման չափորոշիչները, որոնք, բացառությամբ որոշ դեպքերի, չեն վերանայվել 90-ականներից սկսած. գործող չափորոշիչները հիմնականում չեն արտացոլում ներգրավված ծախսերի իրական մակարդակը, ոլորտում պետք է ներդրվեն կրթության կազմակերպման, ներառականության, որակի ու շարժունության ապահովման, միջազգայնացման որակյալ քաղաքականություններ եւ գործիքակազմեր:

Առաջարկվող օրենսդրական բարեփոխումները, ըստ նախարարի, ունենալու են հեղափոխական նշանակություն ոլորտի համար: Առաջինը` հասկացությունների եւ սահմանումների ներդաշնակեցումն է. օրենքը կոչվում է «Մասնագիտական կրթության ու ուսուցման մասին»: Նախարարն ընդգծել է, որ ոլորտի անվանումը միջազգայնացման տրամաբանությանն է համապատասխանեցվում` ներառելով թե' որակավորում տվող ֆորմալ կրթության, թե' ոչ ֆորմալ կրթության ուսուցման հնարավորությունը: Նա հավելել է, որ սա տալիս է ճկունության հնարավորություն, որը բերելու է միկրոորակավորումների շնորհմանը:

Վերացվում է մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների` քոլեջների եւ ուսումնարանների միջեւ տարբերակումը, գործելու է միայն քոլեջ տեսակը` պահպանելով կրթական ծրագրերի մակարդակները` արհեստագործական եւ միջին մասնագիտական ուղղություններով:

Կարեւոր փոփոխություններից է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրման հնարավորությունը, որով, ըստ նախարարի, ամփոփվում է վերջին հինգ տարիներին փորձարկվող դուալ կրթության փորձառությունը: «Դրա հիման վրա է, որ օրենքում տրված են այն ձեւակերպումները, որոնք օգնելու են կրթության կազմակերպման համար մեր հիմնական նշանաբանը դարձնենք` «Աշխատենք` սովորելով» կամ «Սովորենք` աշխատելով» կամ «Աշխատենք եւ սովորենք»: Սա դառնալու է ՄԿՈՒ ոլորտում կրթության կազմակերպման հիմնական ձեւը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Ներդրվում է նաեւ դուալ կրթության համակարգող մարմինը: Այս պահին 20 հաստատություններում շուրջ 24 մասնագիտություններով ունենք դուալ կրթությամբ իրականացվող ծրագրեր:

Հաջորդ բաղադրիչը կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելի ներդրումն է, սոցիալական գործընկերության պատասխանատվությունը: Օրենսդրական փաթեթով անցում է կատարվում կրեդիտային համակարգի որակավորումների ազգային եւ ոլորտային շրջանակներին: Արմատապես վերանայվել են կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, վերանայվել են որակի ապահովման եւ վերահսկողության կառուցակարգերը: Վերափոխվել է բուհերի կառավարման համակարգը, կառուցվածքը, ապահովվել է կառավարման խորհրդի ձեւավորման ներկայացուցչական կազմը: Էապես փոխվել է համակարգում լիցենզավորման մոտեցումը. երկու տեսակի լիցենզավորում է իրականացվելու` գործունեության իրավունքի եւ կրթական ծրագրով լիցենզավորում: Վերափոխվում է ֆինանսավորման համակարգը. հիմքում կրթական ծրագրի ապահովման արժեքն է: Ի տարբերություն կրթության ոլորտի` այստեղ հիմքում դրված է մեկ ուսանողի կրթության արժեքը: «Մենք ունենք համոզմունք, որ մեր քոլեջները պետք է լինեն մրցունակ եւ ներգրավվեն ուսանողների: Հետեւաբար, մեկ ուսանողի կրթության արժեքով ձեւավորելով ֆինանսավորման տրամաբանությունը` նաեւ խրախուսելու ենք մրցակցությունը»,- ընդգծել է կրթության բնագավառի պատասխանատուն եւ հավելել, որ ոլորտում էապես զարգացել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման հնարավորությունները:

Նախարարը նշել է, որ ներդրվում է մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված համակարգ: Քոլեջների աշխատակիցները կունենան 200.000 դրամի չափով դրույքաչափի վերանայման հնարավորություն, այնուհետեւ արդյունքներով պայմանավորված` 30, 40 եւ 50 տոկոսի չափով հավելավճարի ստացման:

Էական փոփոխություն է ուսանողների իրավունքների եւ պարտականությունների կարգավորումը: Ըստ Ժաննա Անդրեասյանի` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը պահանջում է նաեւ ուսանողների այնպիսի իրավունքներ, որոնք պետք է հաշվի առնվեն աշխատավայրում կամ աշխատանքին հարմարեցված վայրում նրանց գործունեության կազմակերպման ընթացքում: Դա վերաբերում է թե' ապահովագրությանը, թե' բժշկական զննությանը եւ այլն:

ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ կրթաթոշակային քաղաքականությունն է ոլորտում էապես փոխվել. սեպտեմբերից գերակա ուղղություններով մինչեւ 50.000 դրամի կրթաթոշակի հնարավորություն է տրվել արդյունաբերության, շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտներում, ինչն արդեն հանգեցրել է այս ուղղություններով ընդունելության էական աճին:

«Ներառականությունը ոլորտի համար դարձրել ենք պարտադիր բաղադրիչ, եւ ներառական կրթությունը դառնում է յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք` կրթության մատչելիության, հավասար մասնակցության եւ որակի ապահովման միջոցով»,- հավաստիացրել է Ժաննա Անդրեասյանը:

«Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր համակարգ կրում է համապատասխան տնտեսական, սոցիալական, քաղաքական շրջանակային պայմանների ազդեցությունը»,- կարեւորելով ՄԿՈՒ օրենսդրական բարեփոխումների եւ դրա հիմնարար ուղղությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպումը` ասել է Շվեյցարիայում դուալ ՄԿՈՒ դոնոր կոմիտեի ներկայացուցիչ Սիբիլ Շմուտցը: Անդրադառնալով ՄԿՈՒ-ին վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը` նա համոզմունք է հայտնել, որ նախագիծն ամուր հիմքեր կստեղծի` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից եւ կխթանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ընդհանրապես:

Օրենքի նախագծի կարգավորումների վերաբերյալ ներկայացնելով միջազգային փորձագետների տեսակետները, դիտարկումներն ու ամփոփումը` ԳԴՀ դուալ ՄԿՈՒ միջազգային փորձագետ, իրավաբան Շտեֆեն Գ. Բայերն անդրադարձել է համակարգի նպատակներին եւ խնդիրներին, հանրային եւ մասնավոր համագործակցությանն ու երկակի սկզբունքներին, ֆինանսավորմանը, ՄԿՈՒ անձնակազմի որակի եւ ճանաչման գործընթացին, շարունակական զարգացմանն ու ապացուցահենք հետազոտությանը:

«Օրենքն առաջին հերթին պետք է արտացոլի ՄԿՈՒ համակարգի քաղաքականության շրջանակն ու նպատակները, ընդհանուր խնդիրները: Մեր տեսանկյունից, արդյունավետ ՄԿՈՒ համակարգի գլխավոր նպատակներից մեկը դեպի ապագա ուղղված հմտությունների ուղղվածությամբ երիտասարդ սերունդներին պատրաստելն է, ինչը նրանց հնարավորություն կտա ճկուն դրսեւորվել աշխատաշուկայում: ՄԿՈՒ-ն ձգտում է մարդկանց պատրաստել դեռեւս անհայտ ապագայի համար: Գերմանիայում եւ Շվեյցարիայում մենք այն անվանում ենք մասնագիտական գործունեության իրազեկություն կամ գիտակցություն»,- ասել է Շտեֆեն Գ. Բայերը:

Խոսելով պետություն-մասնավոր համագործակցության եւ երկակի սկզբունքների մասին` Շտեֆեն Գ. Բայերը նշել է, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության մեջ տեսանելի է բիզնես ոլորտի եւ ուսուցում տրամադրող առանձին ընկերությունների միջեւ սերտ համագործակցություն ստեղծելու պահանջը: Դրական է գնահատվել մասնավոր հատվածի ընդգրկումը ՄԿՈՒ խորհրդի կազմում: Ընդգծվել է` պետք է գիտակցել, որ մշակույթի նման փոփոխության համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ եւ բոլոր կողմերի նվիրված մասնակցություն: Շեշտվել է իրազեկվածության, տեղեկատվության մատչելիության եւ իրականացման մակարդակի կարեւորությունը` առաջարկելով կիրառել աստիճանական մոտեցում եւ չպարտադրել ընկերություններին. ընկերությունները եւ բիզնես հատվածը պետք է մոտիվացված լինեն: «Համապատասխան եւ որակյալ ուսուցումն առանցքային է ՄԿՈՒ համակարգը գրավիչ եւ ճանաչված դարձնելու համար»,- եզրափակել է Շտեֆեն Գ. Բայերը:

Քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը ողջունել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Զեկուցողն անդրադարձել է կրթություն-աշխատաշուկա կապին:

Մասնակիցները, արժեւորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, նշել են` դրանք կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Խոսելով կրթության կազմակերպման նոր ձեւի` աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարեւորությունից` նշվել է, որ այն կբավարարի աշխատաշուկա ներկայացվող պահանջները: Անդրադարձ է եղել կրթություն-աշխատաշուկա խնդիրներին: Ընդգծվել է պետություն-մասնավոր հատված սոցիալական գործընկերության անհրաժեշտությունը: Նշվել է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը հնարավորություն է ընձեռում հասկանալու աշխատանքի վրա հիմնված ուսուցման գործընթացում առկա խնդիրները: Շեշտվել է, որ ՄԿՈՒ համակարգի զարգացումը մեր երկրի համար ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմավարական նշանակություն: Կարեւոր է համարվել, որ արդյունաբերության ոլորտը համալրվի երիտասարդ կադրերով:

Ելույթներում անդրադարձ է եղել նաեւ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրման արդյունքում կրթության որակի եւ արդյունավետության բարձրացման երաշխիքներին, ՄԿՈՒ ոլորտի ֆինանսավորման մեխանիզմներին ու հիմնախնդիրներին, դրանց լուծման ուղիներին, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման կազմակերպման հարցերին:

Եզրափակիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար եւ պատրաստակամություն հայտնել լրացուցիչ քննարկելու հնչած առաջարկներն ու կարեւոր դիտարկումները: «Ունենք դեռեւս բավարար ժամանակ եւ կարծում եմ, որ այս հետագա ժամանակահատվածը կօգտագործենք` օրենքների նախագծերի այս մեծ փաթեթն էլ ավելի բարելավելու եւ այն տեսքով հաստատելու, որպեսզի եղած հարցերն ամբողջապես պարզաբանվեն եւ ունենանք այն ընկալումը, որ լավագույն օրենքն ենք ստացել այս պահին»,- մասնավորապես ասել է նախարարը:

Ամփոփելով քննարկումը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կառուցողական եւ հետաքրքիր է գնահատել լսումները, շնորհակալություն հայտնել մասնակիցներին բովանդակալից քննարկման համար: