National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.10.2023
Անհրաժեշտ է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը պետական մակարդակում առաջնահերթություն հռչակվի. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Հոկտեմբերի 11-ի ելույթում պատգամավորը նշել է.

«Շնորհակալություն, պարո՛ն նախագահ:

Ցանկանում եմ Սոցիալիստական խմբի անունից շնորհակալություն հայտնել զեկուցող տիկին Բեատրիս Ֆրեսկո-Ռոլֆոյին այս դեբատի թեմայի շուրջ իրազեկման բարձրացման եւ գործողության կոչեր հնչեցնելու հարցում հիանալի, ծավալուն աշխատանքի համար:

Այս զեկույցի թեման ինքնին շատ բարդ է եւ զգայուն: Ինչպես արդարացիորեն նշված է զեկույցում, սահմանափակ կարողություններ ունեցող կանայք ենթարկվում են անհամաչափ խտրականության: Ավելին, նրանք երկակի (բազմակի) խտրականության վտանգի տակ են, նախ` որպես կանայք, ապա որպես կանայք, ովքեր ունեն հաշմանդամություն, որն արդեն երկակի խտրականություն է, եւ կարող են ենթարկվել անգամ բազմակի խտրականության, որպես, օրինակ, որեւէ փոքրամասնություն ներկայացնող հաշմանդամ կանայք:

Եթե այս գործոններին ավելացնենք, այնպիսի գործոններ, ինչպիսիք են հակամարտությունները, ապա կտեսնենք, որ էլ ավելի են խորանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության ռիսկերը: Զեկույցում ներկայացված է Ուկրաինայի դեպքը, որտեղ մասնագիտացված հաստատություններում բնակվողների մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող կանայք եւ աղջիկներ են: Մեկ այլ թարմ օրինակ է Լեռնային Ղարաբաղից 9000 հաշմանդամ անձանց բռնի տեղահանումը, որոնց թվում են հաշմանդամություն ունեցող կանայք, նաեւ՝ տարեցներ:

Զեկույցը համապարփակ ներկայացնում է հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաեւ դրա դեմ պայքարի անհրաժեշտ քայլերը:

Ցանկացած երեւույթի կանխարգելումը եւ դրա դեմ պայքարը պահանջում է տվյալ ոլորտի գիտելիքներ եւ տվյալներ: Հետեւաբար, կարեւոր կետերից մեկը համապատասխան տարանջատված, հստակ տվյալներ ունենալու անհրաժեշտությունն է՝ հասկանալու համար տվյալ հասարակության մեջ խնդրի առանձնահատկությունները, մասշտաբները, կառուցվածքը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքարել դրա դեմ:

Բայց նույնիսկ մինչ այդ, անհրաժեշտ է որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը հռչակվի իբրեւ առաջնահերթություն պետական մակարդակում, ինչը մենք տեսնում ենք Դանիայի օրինակով: Խնդիրն առաջնահերթություն հռչակելու եւ բոլոր ոլորտներում ընդգրկելու պարագայում կմեծանա ավելի կարճ ժամանակում դրական արդյունքների հասնելու հնարավորությունը:

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող կանանց առջեւ ծառացած խոչընդոտներից շատերին (զեկուցողի բացատրական հուշագրի եւս մեկ մեծապես հաջողված հատված) հեշտ է նկատել հասարակության կողմից կառուցված խոչընդոտների հսկայական չափաբաժինը: Խոցելիությունը, որպես հաշմանդամություն ունեցող կանանց բնութագրող հասկացություն, կարծրատիպային պատկերացումները, նրանց նկատմամբ իբրեւ թերիի կամ անհավասարի վերաբերունքը: Ես խորապես համոզված եմ, որ այս տեսակի սոցիալապես կառուցված խոչընդոտները շատ ամուր փոխկապակցված կամ նույնիսկ պատճառահետեւանքային կապ ունեն տվյալ հասարակության սոցիալական նորմերի հետ: Եվ այստեղ շատ կարեւոր է վերափոխել այդ նորմերը:

Սրանից բխում է այս զեկույցի իմ վերջին նկատառումը՝ ներառական կրթության էական կարեւորությունը, որը չի կարելի թերագնահատել:

Իրականություն, որտեղ հատուկ կարիքներ ունեցող եւ չունեցող անձինք կսովորեն, կխաղան, վաղ տարիներից շատ ժամանակ կանցկացնեն միասին, կձեւավորեն հոգատարության եւ հարգանքի նորմեր ու դրական վերաբերմունք միմյանց նկատմամբ, որտեղ հաշմանդամության բազմազանությունը, իրողությունների զանազանությունը, ինչպես նշում է զեկուցողը, ճանաչված եւ ընկալելի կլինեն բոլորի կողմից: Կարծում եմ, որ այդպիսի իրողության պարագայում մեր գալիք սերունդները շատ ավելի հաջողակ կլինեն ներառական հասարակություններ կառուցելու եւ ամրապնդելու գործում, որտեղ կարծրատիպային հայացքներն ու խտրականությունը շատ ավելի քիչ տարածված կլինեն, իսկ բռնությունը՝ անընդունելի:

Հարցի ամբողջ բարդության մեջ դրական կողմն այն է, որ մենք խորհրդարանականներ ենք, հետեւաբար գործելու միջոցներ ունենք:

Կրկին մեծ շնորհակալություն տիկին Բեատրիսին:

Հարգելի՛ գործընկերներ, կոչ եմ անում բոլորիդ, կողմ քվեարկել այս զեկույցին, ինչպես պատրաստվում է անել մեր խումբը:

Շնորհակալություն»: