Կարեւորում եմ միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը: Մենք գործնականում ունենք վարքագծային լուրջ փոփոխությունների, ինչպես նաեւ մասնագիտական կարողությունների բարելավման անհրաժեշտություն. ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ ողջունելով ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության (ՀԹՊԻՀ) ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանիին, Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցիացիայի (ԴԲՄԱ) գլխավոր գործադիր տնօրեն Ջենիֆեր Փիրս-Ուիքսին, ԴԲՄԱ ծրագրերի ղեկավար Մորգան Մոլերին:
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, որին մասնակցել է նաեւ հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը:
Այցի նպատակն է Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ հանդիպումների ընթացքում բացահայտել ընտանեկան եւ սեռական բռնության դեպքերի արձանագրմանն ու փորձաքննությանը վերաբերող խնդիրները, որոնք առկա են օրենսդրական դաշտում եւ իրավակիրառ պրակտիկայում:
«Մեր խնդիրը ոչ թե խնդիրները թաքցնելն է, այլ դրանք բացահայտելը եւ իրավակիրառ պրակտիկայում ճիշտ լուծումներ տալը: Վստահ եմ, որ մյուս գերատեսչությունների հետ հանդիպման արդյունքում կունենաք բացահայտող զրույցներ՝ օգնելու մեզ այս բարդ գործընթացում»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության եւ նախաձեռնության համար:
«Ուրախ ենք այս հանդիպմանը մասնակցելու համար: Ծանոթ ենք հանձնաժողովի իրականացրած կարեւոր աշխատանքներին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան, սեռական բռնության զոհերի հետ տարվող աշխատանքներին: Ասոցիացիայի համար առաջնահերթություն էր Ազգային ժողովում տեղի ունեցած այս հանդիպումը: Մեր նպատակն է ուսուցումն ու վերապատրաստումները փորձագիտական ուղղությամբ, ինչպես նաեւ տարատեսակ բռնության ենթարկված զոհերին աջակցությունը»,- ասել է ԱՄՆ դեսպանատան ՀԹՊԻՀ ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին:
ԴԲՄԱ գլխավոր գործադիր տնօրեն Ջենիֆեր Փիրս-Ուիքսը տեղեկացրել է, որ ասոցիացիայում ընդգրկված են շուրջ 6 հազար բուժքույրեր՝ աշխարհի 30 երկրներից:
Կարեւորելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը՝ Հերիքնազ Տիգրանյանը շեշտել է, որ մասնագիտական լուրջ հմտություններ եւ ունակություններ է պահանջվում փորձագետից, որպեսզի կարողանան զոհին կրկնակի չզոհականացնել:
Զարուհի Բաթոյանը, նշելով, որ Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներ են իրականացվում, ընդգծել է՝ մասնագիտացված գործերի քննության եւ դատավորների կրթության խնդիր կա: Նրա խոսքով կատարվող բարեփոխումները տարբեր բաղադրիչներով պետք է դիտարկել՝ քննարկվող հարցերի շրջանակում կարեւորելով հատկապես փորձաքննության հատվածը: Հանդիպման ընթացքում ներկայացվել եւ քննարկվել է միջազգային փորձը:
Հանդիպումներից եւ քննարկումներից հետո նախատեսվում է ամփոփիչ աշխատաժողով, որի ընթացքում կներկայացվեն այս ոլորտում ամերիկյան փորձը եւ ուսումնասիրության ընթացքում ձեւավորված նախնական առաջարկությունները: