National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
30.10.2023
2024 թ. 7 տոկոս տնտեսական աճ կթիրախավորվի. պարտքի մակարդակը կլինի 48,6 տոկոս. Վահե Հովհաննիսյան
1 / 3

Կառավարությունը ներկայացրել է բյուջեի նախագիծը սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը: Բյուջեի ներկայացված սցենարում չունենք այն ամբողջական միջոցառումների եւ ծրագրերի շրջանակը, որ պատրաստվում ենք իրագործել 2024 թվականին: Ներկայում մեր տարբեր նախարարություններ աշխատում են այն հավելյալ ծրագրերի ու միջոցառումների վրա, որոնք պետք է ներառենք 2024 թվականի բյուջեում: Արդեն քննարկումների հետագա փուլերում կներկայացնենք այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրագործվեն: Այս մասին հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին տրվող աջակցության գումարներին ու բյուջեի վրա  դրանց ազդեցությանը: Նախարարը հայտնել է, որ թեեւ բյուջեի ներկայիս տարբերակը ներկայացված է 3,2 տոկոս դեֆիցիտով, բայց հավելյալ ծախսերն իրականացնելու արդյունքում 2024 թվականին այն կաճի մինչեւ 4,6 տոկոս: Նախարարը նշել է, որ այդ փաստը մեր երկրի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելացնի. այն գումարները, որոնք հատկացվում էին ԼՂ-ին որպես միջպետական վարկ, այլեւս կհատկացվեն տարբեր ծախսերի իրականացման համար:

Նախարարը խոսել է 2024 թվականի պետական բյուջեի առանձնահատկությունների, դրա հիմքում դրված ենթադրությունների, ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների, հարկաբյուջետային շրջանակի եւ պետական բյուջեի նախագծի առանձին ցուցանիշների մասին:

«Տնտեսական քաղաքականության բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, միեւնույն ժամանակ հաշվի առնելով, որ այդ ազդեցությունները պետք է լինեն այնպիսի չափերի, որոնք հավելյալ գնաճային ճնշումներ չեն առաջացնի մեր երկրում»,- նշել է նախարարն ու հայտնել, որ գերատեսչությունը 2024 թվականին նպատակ ունի պահպանել 50 տոկոսից ներքեւ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

Ըստ Վահե Հովհաննիսյանի` 2024 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերը ՀՆԱ-ում հասնում են 6,6 տոկոսի, 2023 թվականի նկատմամբ այն աճում է 0,7 տոկոսային կետով: Կապիտալ ծախսերի 42 տոկոսը 2024 թվականին ուղղվելու է պաշտպանության ոլորտին: ՊՆ ծախսերը կազմելու են 555 մլրդ դրամ` 7 տոկոսով ավելի, քան 2023 թվականին: Սոցիալական պաշպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ, դա 16 տոկոսով ավելի բարձր է, քան 2023 թվականին եւ կազմելու է ՀՆԱ-ի 7,2 տոկոսը: Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 171 մլրդ դրամ, դրանք 14 տոկոսով ավելի են 2023 թվականից, ՀՆԱ-ում պահպանվում է ԱՆ-ի` 1,6 տոկոս մակարդակը: Առավել նշանակալի է կրթության ոլորտին հատկացվող ծախսերի աճը: Այն 2024 թվականին կազմելու է 289 մլրդ դրամ, որը 39 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին: Արդյունքում կրթության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 2,8 տոկոսը, որն ավելի է 0,6 տոկոսային կետով:

Նախարարը նշել է, որ ԿԳՄՍՆ-ին հատկացվող բյուջեի ավելացման կարեւորագույն մաս է կազմում 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների կառուցման ծրագիրը: Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ Կառավարությունը 200 դպրոցների շինարարության գնման աշխատանքները սկսում է 2023 թվականին, հաջորդ տարի դրանք արդեն կիրականացվեն: Ըստ զեկուցողի` այս բյուջեում ներառված չեն այն հավելյալ ծախսերը, որոնք կգոյանան ԼՂ բնակչության` ՀՀ-ում կրթության ապահովման արդյունքում:

«Երկրներում տնտեսական ակտիվության աճի տեմպերը դանդաղել են: Հիմնական ապրանքահումքային ապրանքների արժեքների նվազում կա: Պղնձի միջազգային գներն այս տարի 5,4 տոկոսով նվազել են, նավթինը` 20,8 տոկոսով, պարենի միջազգային գները` 14,7 տոկոսով: Պղնձի գնի նվազումը պայմանավորված է Չինաստանում եւ Եվրագոտում ավելի թույլ տնտեսական զարգացումներով»,- նշել է նախարարը:

Զբոսաշրջությունը, արտահանումները, դրամական փոխանցումները, պարտատոմսերը եւս բյուջեի կարեւոր մասն են կազմում: Ըստ բանախոսի` 2023 թվականին արտահանումն աճել է 48,4 տոկոսով, մեծ դեր ունի դեպի ՌԴ վերաարտահանումը` այն աճել է շուրջ 3 անգամ, հայկական ծագման ապրանքների արտահանումը նվազել է 0,8 տոկոսով:

Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2023 թվականի դրությամբ 48,8 տոկոսով զբոսաշրջիկների ավելացում կա, ՌԴ-ից ՀՀ այցելած զբոսաշրջիկներն ավելացել են 64,3 տոկոսով: Հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջիկների թիվը հասել է 1 մլն 850 հազարի, ՌԴ-ից` 945 հազար եւ այլ երկրներից` 905 հազար: 2024 թվականին ակնկալվում է, որ զբոսաշրջիկների թիվը կհասնի 2 մլն 575 հազարի: Դրամական փոխանցումների առումով եւս նվազման միտումներ կան, որովհետեւ անցյալ տարի եղել է բավարար բարձր մակարդակ: Արձանագրվում է ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների անկում եւ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումների նվազում:

Նախարարը նշել է, որ 2023 թվականին տնտեսական ակտիվության բարձր տեմպեր են ապահովվում: Նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,7 տոկոս: Ըստ նրա` արդյունաբերությունը բացասաբար է ազդել տնտեսական ակտիվության վրա: Դրա պատճառը հիմնականում Սոթքի հանքավայրի շահագործման դադարեցումն է:

Իսկ աշխատանքի շուկայում կան դրական զարգացումներ:

«2023 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակներում զբաղվածության մակարդակն աճել է, գործազրկությանը` նվազել: Աշխատավարձի` 17,4 տոկոսով աճ ունենք, մասնավոր հատվածում 19 տոկոս է, պետական հատվածում` 9,4 տոկոս: Իրական աշխատավարձը 3,1 տոկոս գնաճի պայմաններում աճել է 13,9 տոկոսով, որը բավականին մեծ աճ է: Վարձու աշխատողների թվաքանակն աճել է 5,8 տոկոսով, իսկ գործազուրկների թիվը` նվազել 16 տոկոսով: Գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակի ավարտով կազմում է 17,1 տոկոս, դա պատմականորեն ամենացածր ցուցանիշն է»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Նա հայտնել է, որ 2024 թվականի համար Կառավարությունն ունի դեպի ներքեւ գնացող կանխատեսումներ: Նախարարը նկատել է, որ եթե տարեսկզբում 2024 թվականի համար համաշխարհային տնտեսական աճը կանխատեսվում էր 3,1 տոկոս, ապա հիմա կանխատեսվում է 2,9 տոկոս:

«Մեր առեւտրային գործընկերների մոտ տնտեսական բարդ ժամանակաշրջան է, եւ մենք պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնենք, որ տնտեսական աճի այդ դանդաղումները մեզ վրա չազդեն: Այս ամենի հիման վրա կանխատեսվում է, որ նավթի միջազգային գները մի փոքր կնվազեն, պղնձի միջազգային գները կնվազեն 1,9 տոկոսով, 2024 թվականին պարենի գները եւս կնվազեն 2,8 տոկոսով»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը հայտնել է, որ 2024 թվականին 7 տոկոս տնտեսական աճ կթիրախավորվի: 2023 թվականի բարձր տնտեսական աճի պայմաններում կանխատեսվում է վարձու աշխատողների ու իրական աշխատավարձի աճ, համապատասխանաբար` 5,5 եւ 13 տոկոսի չափ, իսկ 2024 թվականին աշխատողների թիվը կավելանա 2,7 տոկոսով, աշխատավարձերը կբարձրանան 8,8 տոկոսով: Գործազրկության մակարդակը 2024 թվականին կիջնի մինչեւ 12,3 տոկոս:

«Պարտքի մակարդակը կլինի 48,6 տոկոս: Բոլոր ռիսկերի նյութականացման դեպքում պարտքը կարող է բարձր լինել նաեւ 60 տոկոսից, սակայն դրա հավանականությունը ցածր է»,- հայտնել է գերատեսչության ղեկավարն ու հավելել, որ պլանավորվում է` 2024 թվականին ՀՀ դրամային պարտքը կլինի 44 տոկոսի շրջանում, 55 տոկոսը կլինի արտաքին պարտքը:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաեւ գերատեսչության` 2024 թվականի տարեկան բյուջեն: Այն կազմում է 330 մլրդ դրամ, որից պարտքի սպասարկումը կազմում է 322 մլրդ դրամ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է` կա՞ որեւէ տեսակի հաշվարկ, թե դրամի ամրապնդումն ինչպիսի՞ վնաս է հասցրել մշակող արդյունաբերությանը եւ «cashback»-ի տեսանկյունից կա՞ գործակից, որը հաշվի է առնում փոխարժեքի տատանումները: Փոխնախագահը նաեւ առաջարկներ է ներկայացրել, որոնք վերաբերում են բարդ ապրանքների «cashback»-ի համակարգին:

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ գերատեսչությունը նման հաշվարկ չի կատարել, հնարավորության դեպքում հաշվարկները կարվեն:

««Cashback»-ի մասով պետք է ասեմ, որ նման գործիքակազմ չունենք, որպեսզի արտարժույթի տատանումների համար երաշխավորենք պետական միջոցներով տարբեր ապրանք արտահանողների ռիսկերը: Սովորաբար դրանք իրականացվում են շուկայավորման գործիքներով: Ժամանակն է, որ ՀՀ-ում եւս այդպիսի գործիքներ լինեն: Պետությունն ի վիճակի չէ նման մասշտաբով հանրային միջոցների հաշվին այդքան ռիսկեր կառավարել»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ նկատել է, որ տնտեսական աճի տեմպերը դանդաղել են: «Հայաստանի համար 2024 թվականին 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար դժվարություններ չեն առաջանա՞»,- հետաքրքրվել է Բաբկեն Թունյանը:

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Կառավարությունը պետք է արագացնի ռեֆորմներ իրականացնելու տեմպերը եւ հավելել, որ պետք է ապահովել ներդրումների աճ եւ արտահանման` շարունակվող բարձր մակարդակ:

Բաբկեն Թունյանը նշել է, որ բյուջեի ծախսային մասն ու դրա եկամուտներն ապահովելու համար պետք չէ վարչարարության չափազանց խստացմանը գնալ. «Հարկային եկամուտ հավաքելը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Այդ ուղղուց չպետք է շեղվենք»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն էլ հետաքրքրվել է, թե ինչ է նախաձեռնում Ֆինանսների նախարարությունը հարկային ծախսերի մասով:

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հարկային ծախսերին ուղղված քայլերը մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են:

«Նպատակադրվել ենք ամեն տարի 0,5 տոկոսային կետով փոքրացնել վարչարարության ծախսերը: Ինչ վերաբերում է աջակցության ծրագրերին, ապա մենք նպատակ չունենք նոր հարկային արտոնություններ տալ, այլ նպատակ ունենք առկա` չգործող հարկային արտոնությունները նվազեցնել ու չեղարկել: Հավաքագրելու ենք հարկերն ու հետեւելու` այնտեղ, որտեղ հարկավոր են աջակցություններ, դրանք տրամադրելու ենք: Երկար տարիների ընթացքում տեսել ենք, թե ինչպես են հարկային արտոնությունները խեղաթյուրում ընդհանուր միջավայրն ու հնարավորություն տալիս հարկերից խուսափելու մեխանիզմներ որդեգրել»,- նշել է Ֆինանսների նախարարը:
 


30.10.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հոկտեմբերի 30-ին քննարկվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՀՀ ներքին գործերի ն...

30.10.2023
Հաշվեքննիչ պալատը 2024 թ. կիրականացնի 40 հաշվեքննություն
2024 թվականին ՀՀ հաշվեքննիչ պալատի բնականոն գործնեությունն ապահովվելու նպատակով բյուջետային հայտ է կազմվել եւ քննարկման է առաջարկվել` հիմք ընդունելով գործող իրավակարգավորումները եւ մեթոդաբանությունը. ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` «...

30.10.2023
ԿԲ նախագահը ներկայացրել է «ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին» նախագծի վերաբերյալ եզրակացությունն ու ԿԲ-ի` 2024 թ. վարչական ծախսերն եւ կապիտալ ներդրումները
Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ապահովման սկզբունքի, ինչպես նաեւ տնտեսության համար ձեւավորված դրական զարգացումների պահպանման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թվականին շարունակելու է առաջնորդվել թիրախային 7 տոկոս  տնտեսական աճի ապահովման նպատակով` շեշտադրելո...

30.10.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:  ...

30.10.2023
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին սկսվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի եւս բյուջեի քննարկումը տեղի է ունենում տարածաշրջանային եւ միջազգային լարված միջավայ...

30.10.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am