National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
30.10.2023
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը
1 / 10

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին սկսվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի եւս բյուջեի քննարկումը տեղի է ունենում տարածաշրջանային եւ միջազգային լարված միջավայրում: «Մեզ համար սա նոր չէ, եւ վերջին 3 տարիներին, իհարկե, տարբեր աստիճանի, բայց լարվածության պայմաններում ենք քննարկել գալիք տարվա բյուջեի նախագիծը: Վերջին 2 տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է միջազգային եւ քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա: Մենք ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում: Այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարեւոր է համարել ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը: «Ի՞նչ է մեզ համար անկախությունը, ո՞րն է ինքնիշխանության եւ անկախության մասին մեր հավաքական պատկերացումը, ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը եւ ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ: Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է»,- նշել է գործադիր մարմնի ղեկավարը:

Վարչապետն արձանագրել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են. «Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերվում է հետեւյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար»:

Սպառնալիքների եւ անվտանգային մարտահրավերների միջավայրում Նիկոլ Փաշինյանը կարեւոր ձեռքբերում է համարել մակրոտնտեսական կայունությունը, որը հնարավոր է եղել պահպանել ե՛ւ պատերազմի, ե՛ւ ներքաղաքական անկայունությունների, ե՛ւ համավարակի ընթացքում: Վարչապետի գնահատմամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում. «Մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է»:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության ցուցաբերմանը, նշել է, որ շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արվել, որից այս պահին ծախսվել է 16 մլրդ դրամը: Գումարի մի մասը ծախսվելու է 2024 թվականի պետական բյուջեով:

Անդրադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ վարչապետը մի քանի արձանագրում է կատարել: 2024 թվականի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: 2024 թվականի պլանավորվող բյուջեի եկամտային մասը 105 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին պլանավորված բյուջեն: Էական ավելացումներ կան առանցքային մի շարք ուղղություններով:

2018 թվականի նկատմամբ կապիտալ ծախսերը 2024 թվականին աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Պլանների մեջ է մտնում հաշվետու տարում ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ նորոգված ճանապարհ, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով արձանագրվել է լուրջ առաջընթաց:

Պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են, ավելանում են 125 տոկոսով: «Մեզ համար առաջնային են մեր բանակի, մեր զինված ուժերի բարեփոխումները: Պետք է ընդգծեմ, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որեւէ կերպ չի հակասում խաղաղության մեր հայտարարած օրակարգին, քանի որ մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը մանրամասն խոսել է կրթության, հանրակրթության, ոստիկանության, սոցիալական պաշտպանության, առողջապահության ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներից, ֆինանսական հատկացումներից, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելու, ուսուցիչների ատեստավորման, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրագործման գործընթացներից եւ այլն:

«Մեր առանցքային նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու եւ երջանիկ լինելու ոչ միայն իրավունք, այլ նաեւ՝ իրագործելի հնարավորություն: Այս առումով հիմնական եւ առանցքային խնդիրն անվտանգությունն է՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին անվտանգությունը: Ե՛վ անվտանգությունը, ե՛ւ ստեղծագործելու, ազատ ժողովրդավարական հանրությունում բարեկեցիկ եւ երջանիկ ապրելու հնարավորությունը ստեղծելն է ՀՀ կառավարության առանցքային նպատակն ու ուղենիշը՝ այն ըմբռնմամբ, որ քաղաքացիներն իրենք անձամբ պետք է հնարավորություն ունենան՝ աշխատելով, ստեղծագործելով իրենց երջանկությունն ու բարեկեցությունն ապահովել: Մեր հավաքական ջանքերի արդյունքում միասին պետք է կարողանանք ապահովել ՀՀ եւ նրա քաղաքացիների արտաքին եւ ներքին անվտանգությունը: Ուզում եմ ասել, որ անվտանգությունը սովորաբար կամ առավելապես հաճախ ընկալվում է սպառազինություն, բանակ եւ այդպես շարունակ: Միայն բանակով երբեւէ որեւէ երկիր չի կարողացել եւ չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ մոտեցումներ, հայեցակարգեր եւ գաղափարախոսություն դրված չեն»,- ելույթը եզրափակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը՝  այստեղ: