Նախատեսվում է բարձրացնել փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կրճատել հավելյալ ծախսերը, մասնավորապես, ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների մասով համապարփակ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություններ կատարելու մերժման կարգը եւ հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություն կատարող անձանց շրջանակը: Այս մասին հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացող խնդիրները, անհամապատասխանությունները, մասնավորապես ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը եւ ավելացնել «QR» կոդի եւ «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթները:
Կարգավորումների արդյունքում հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջեւ առկա հակասություններից եւ հստակեցնել հյուպատոսական պաշտոնատար անձի, այդ թվում` հյուպատոսների եւ փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փոխարտգործնախարարից հետաքրքրվել է` ինչո՞ւ է ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը չեղարկելու մասով նախագիծ ընդունվում, պրակտիկայում որեւէ խնդիր առաջացե՞լ է այդ մասով: Հարցին ի պատասխան` Մնացական Սաֆարյանը նշել է, որ դա ավելորդություն է, թվայնացումն աշխատանքների դյուրացման է բերել, ուստի ճզմիչ կնիքի եւ մի քանի այլ` նախկինում պարտադիր եղած դրույթների անհրաժեշտություն արդեն չկա, դրանք արդեն դուրս են գալիս կիրառությունից:
Նախագծի հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը խորհրդարանականներին հայտնել է, որ նախագիծը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: