ՀՀ ԱԺ աշխատակազմն ու Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), շարունակելով ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը, 2023 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպում են դասընթացների շարք ԱԺ հանձնաժողովների եւ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար: Մասնակիցները կզարգացնեն ու կբարելավեն իրենց հաղորդակցության, բանակցային հմտությունները, կկատարելագործեն ապատեղեկատվությանը հակազդելու կարողությունները:
«Դասընթացների այս ֆորմատը սկզբում իրականացրեցինք Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության աշխատակիցների հետ: Հաշվի առնելով այդ դպրոցի ունեցած հաջողությունը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ դասընթացների շարք կազմակերպել նաեւ հանձնաժողովների փորձագետների համար, որովհետեւ նրանք են իրականացնում իրենց հանձնաժողովների գործունեության լուսաբանումը: Դասընթացները բավականին հաջող անցան, եւ մենք հերթական անգամ արձանագրեցինք դրանց անցկացման անհրաժեշտությունը: Վերջին տարիներին Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ տարբեր թեմաներով պարբերական դասընթացների իրականացումը հնարավորություն տվեց ավելի համակարգային դարձնել կատարվող աշխատանքն ու «Աշնանային դպրոց» խորագրով դասընթաց սկսել»,- ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:
Նա գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի եւ Ազգային ժողովի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է եւ բավականին երկար տարիների պատմություն ունի:
Ըստ Հեղինե Խաչիկյանի՝ համագործակցության թիրախներից մեկն աշխատակազմի «փափուկ» հմտությունների զարգացումն է: «ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմի գործունեության կարեւոր նշաձողերից մեկն աշխատակիցների կարողությունների մշտական զարգացումն է, ինչի շրջանակում համագործակցում ենք միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որոնք իրենց մանդատի շրջանակում կարող են կրթական ոլորտում մատուցել այս կամ այն ծառայությունները: Միջազգային հանրապետական ինստիտուտի փորձը եւ մանդատը հնարավորություն են ընձեռում իրենց աջակցությամբ դասընթացներ կազմակերպել, այդ աջակցությունը մենք գոհունակությամբ ենք ընդունում եւ նախատեսում էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը»,- նշել է Հեղինե Խաչիկյանը:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալը հավելել է, որ ծրագիրն աշխատակիցներին տալիս է ոչ ակադեմիկան գիտելիքներ, որոնք խիստ անհրաժեշտ են աշխատանքային գործունեության ընթացքում: Նա վստահություն է հայտնել, որ նմանատիպ միջոցառումներն ու ծրագրերը շարունակական բնույթ կկրեն: