National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.6.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
02.06.2006
Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը

        Հունիսի 2-ին ԱԺ արտահերթ նիստը սկսվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամների փոփոխությամբ` ՀՅԴ խմբակցությունը հանձնաժողովի անդամ Ոստանիկ Մարուխյանի փոխարեն առաջադրեց Գեղամ Մանուկյանի թեկնածությունը, իսկ ՄԱԿ խմբակցությունը Մնացական Պետրոսյանի փոխարեն` Հռիփսիմե Ավետիսյանի թեկնածությունը: Անկախ պատգամավոր Արամայիս Գրիգորյանը, հրաժարվելով ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում անդամակցությունից, առաջադրեց անկախ պատգամավոր Սամվել Սահակյանի թեկնածությունը, որին խորհրդարանը կողմ քվեարկեց: 

Այնուհետեւ խորհրդարանն անցավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը  առաջադրեց անկախ պատգամավոր Արամայիս Գրիգորյանի թեկնածությունը, իսկ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը` հանձնաժողովի նախկին նախագահ Մհեր Շահգելդյանի թեկնածությունը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ Մհեր Շահգելդյանը ինքնաբացարկ է հայտարարել:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արամայիս Գրիգորյանը կարեւորեց հանձնաժողովի դերը ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության խնդիրները օրենսդրորեն կարգավորելու, ԱՊՀ պետությունների հետ համագործակցության ամրապնդման գործում եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում:  Պարոն Գրիգորյանի հավաստմամբ` անհրաժեշտ է շարունակել խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների հետ համագործակցության ավանդույթը: Թեկնածուն կարեւորեց ազգային անվտանգության հայեցակարգը, որի մշակման գործում մեծ է հանձնաժողովի դերը: Հավարտ նա հավաստեց, որ շարունակելու է Մհեր Շահգելդյանի սկսած արդյունավետ աշխատանքը:

ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը նկատեց, որ կոալիցիոն հուշագրով ուժային կառույցների գործունեությունը կանոնակարգում է ՀՀ նախագահը եւ հազիվ թե խորհրդարանական հանձնաժողովը կկարողանա վերահսկել գործադիրի աշխատանքը, այնուամենայնիվ, նա հուսով է, որ այս ընտրությունը որոշ փոփոխություններ կմտցնի երկրի կյանքում, իսկ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` խորհրդարանը գործադիր իշխանության կցորդն է: Շավարշ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանը համակարգային բարեփոխումների շեմին է, եւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան իշխանության կենտրոնը տեղափոխել խորհրդարան: ԱԺ պատգամավորի դիտարկմամբ` պետք է փոխել իշխանական համակարգը: Վիկտոր Դալլաքյանը, վերստին նշելով, որ կոալիցիան որակյալ մեծամասնություն չունի,  դեմ էր  այլընտրանքային թեկնածուներ չլինելուն: Նա հանձնաժողովի աշխատանքում կարեւորեց   երկրի էներգետիկ անվտանգության ապահովումը, նշելով, որ էնեգետիկ ռեսուրսների 95 տոկոսի օտարումը ազգային անվտա նգությանը լուրջ վտանգ է:

Արամայիս Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը` նկատելով, որ անհրաժեշտ է աշխատելու եւ դրսեւորվելու հնարավորություն ընձեռել նաեւ նոր քաղաքական գործիչներին: Նա կարեւորեց հանձնաժողովի դերը ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործում:

«Գործարար» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Մարգարյանը տեղեկացրեց, որ խումբը պաշտպանում է Արամայիս Գրիգորյանի թեկնածությունը:

Հաջորդ օրակարգային հարցը` ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունն էր: Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՄԱԿ խմբակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանն առաջադրեց հանձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանի թեկնածությունը:

Որպես ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ելույթ ունենալով` Մնացական Պետրոսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը երեք տարիների ընթացքում համագործակցել է թե կառավարության, թե պատգմավորների հետ: Թեկնածուն անդրադարձավ սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական ոլորտների հիմնախնդիրներին` կարեւորելով բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը միտված քաղաքականությունը: Ըստ նրա` անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությունը համահունչ դարձնել Եվրամիության կանոնակարգերին եւ սկզբունքներին: Մնացական Պետրոսյանը հավաստիացրեց, որ ընտրվելու դեպքում կարդարացնի իր օգտին քվեարկողների եւ ժողովրդի սպասումները:  

ԱԺ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը Մնացական Պետրոսյանի սկզբունքայնությամբ, աշխատունակությամբ եւ աշխատասիրությամբ մեկնաբանեց ՄԱԿ խմբակցության դիրքորոշումը` նրան առաջադրելով հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ երկրում կա ժողովրդավարության ոտնահարում եւ նահանջ: Ներկայացնելով իր մոտեցումները սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական ոլորտներում` Վիկտոր Դալլաքյանը երկրում առողջապահության մատչելիության եւ սոցիալական բեւեռացման խնդիրներ է տեսնում: Ըստ նրա` ծնելիության ցածր եւ մահացության բարձր ցուցանիշները, գործազրկությունը, արտագաղթը ժողովրդագրական ծանր վիճակ են ստեղծելու հանրապետությունում: 

«Գործարար» պատգամավորական խումբը, ինչպես ներկայացրեց խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը, պաշտպանում է Մնացական Պետրոսյանի թեկնածությունը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ընտրության համար տրված մեկժամյա ընդմիջումից հետո, ներկայացրեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը. 71 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Մնացական Պետրոսյանը, իսկ 70 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ` Արամայիս Գրիգորյանը:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական ծառայողներին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու գործընթացները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծով ծառայության բարձրագույն խմբի (բացառությամբ քրեակատարողական վարչության պետի) եւ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոններում նշանակում եւ ազատում կատարելու է ՀՀ արդարադատության նախարարը, իսկ քրեակատարողական մյուս պաշտոններում` քրեակատարողական վարչության պետը:

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նաեւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» օրինագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախարարը վստահեցրեց, որ Սահմանադրության փոփոխությունները եւ արդարադատության արդյունավետությունն ապահովելու հրամայականը թելադրում են վճռաբեկության կարգի վերանայում: Օրենքը պետք է սահմանի վճռաբեկ բողոքների «թույլատրելիության» համակարգ, ըստ որի` վճռաբեկության կարգով քննվելու են հույժ կա րեւոր գործեր: Պարոն Հարությունյանի հավաստմամբ` վճռաբեկ դատարանի գործունեությունը պետք է ուղղված լինի օրենքի միասնական կիրառմանը: Վերադաս դատարանի դատական ակտի որոշիչ ուժի ամրագրումն օրենքով կապահովի արդարադատության կանխանտեսելիությունը եւ կնվազեցնի դատական կամայականությունները, որի արդյունքում կբարձրանա հասարակության վստահությունը դատարանի նկատմամբ: Տեղեկացվեց, որ սահմանադրական փոփոխություններով հանվել է նաեւ օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները եւ որոշումները վճռաբեկ դատարան միայն գլխավոր դատախազի, նրա տեղակալների կամ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների միջոցով բողոքարկելու պահանջը: Դատավորի կարգապահական պատասխանատվության գործընթացում էական դերակատարությունը պետք է վերապահվի արդարադատության խորհրդին, իսկ վարույթ հարուցելու` վճռաբեկ դատարանի նախագահին: Արդարադատության խորհրդի գործունեության արդյունքում են սահմանվելու կարգապահական պատասխանատվության եւ դատավորի վարքագծի չափանիշները:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ: Նա տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունը նպատակ ունի իրականացնել էլեկտրոնային աճուրդներ: Պարոն Հարությունյանը նշեց, որ օրինագիծը նպատակ ունի կարգավորել հարկադիր կատարողի պաշտոնի նշանակման եւ ազատման, խրախուսանքի ու կարգապահական պատասխանատվության ենթարկելու, հարկադիր կատարողի կողմից արգելված գույքի իրացման մեխանիզմները: Օրենքի ընդունումը բխում է բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ հարկադիր աճուրդների կազմակերպման եւ անցկացման թափանցիկությունը եւ արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դրոշի մասին», «ՀՀ պետական զինանշանի մասին», «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Սպառելով օրակարգը, Ազգային ժողովի արտահերթ նիստը ավարտեց աշխատանքները:

 

 


02.06.2006
ԱԺ մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահների կենսագրությունները
 Արամայիս Թեմուրի ԳրիգորյանԾնվել է 1965 թ. հոկտեմբերի 6-ին, Արարատի շրջանի Ավշար գյուղում: 1988 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) թեթեւ արդյունաբերության ինստիտուտը:Ճարտարագետ-տեխնոլոգ: 1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987-1988 թթ. աշխատել է Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայում որակի գծո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am