Մարտի 24-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները, որին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել եւ լրագրողների հարցերին է պատասխանել ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը:
Խորհրդարանի փոխխոսնակը, ամփոփելով ԱԺ հերթական նիստերի աշխատանքը, անդրադարձել է օրակարգում չընդգրկված եւ չընդունված այն նախագծերին, որոնք հեղինակել է ընդդիմությունը:
Իշխան Սաղաթելյանը նաեւ տեղեկացրել է, որ փակ ձեւաչափով քննարկվել է ««Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» հարցը:
Բանախոսը հիշեցրել է, որ խորհրդարանական մեծամասնության կողմից մերժվել են ընդդիմության այլ նախաձեռնությունները եւս:
«Մերժվել է ընդդիմության՝ ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը՝ պատճառաբանելով, որ կա միջխորհրդարանական հանձնաժողով, որն ավելի բարձր կարգավիճակ ունի, եւ անհրաժեշտություն չկա եւս մեկ մշտական հանձնաժողով ստեղծել Արցախի հարցով: Արդյունքում այդ միջխորհրդարանական հանձնաժողովն անցնող 8 ամիսների ընթացքում որեւէ նիստ չի գումարել»,- ընդգծել է նա:
Ազգային ժողովի նախագահի տեղակալի խոսքով՝ իշխանության եւ ընդդիմության բախման հիմնական պատճառը Հայաստանի վաղվա օրվա մասին պատկերացումների հակադրությունն է:
Լրագրողներն Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվել են փակ ձեւաչափով անցկացված քննարկման մանրամասներով:
«Փակ հանդիպումները նրա համար են, որ բաց հարթակներում չխոսենք: Բայց կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու հետ կապված քննարկում տեղի չի ունեցել, այդ մասին չի խոսվել»,-նշել է Սաղաթելյանը: