ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի՝ նախատեսվում է հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննության անցկացման գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ կամ եթե դիմում-բողոք բերած անձի կողմից դիմումով ներկայացվել են քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ:
Մեկ այլ փոփոխությամբ՝ հարկային մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
Զեկուցողի խոսքով՝ փոփոխությունները կնպաստեն վարչական վարույթների արդյունավետ եւ սեղմ ժամկետում քննարկմանը:
Ծովինար Սողոմոնյանի տեղեկացմամբ՝ հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը մեկ շաբաթում գումարում է երկու նիստ, քննարկում 20-25 հարց: Նշվել է, որ 2021 թվականին հանձնաժողովը տնտեսվարողներից ստացել է 1877 բողոք, որից 225-ը կարճվել է, 749-ը՝ բավարարվել, իսկ 58-ը՝ մասնակի բավարարվել:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: