ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ:
Շնորհավորելով Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մարտահրավերներին դիմակայելու եւ լուծումներ փնտրելու ճանապարհին Հայաստանը շարունակելու է ապավինել Եվրոպայի խորհրդի աջակցությանը: ԱԺ նախագահը նշել է, որ այս տարվա մարտ ամսին Երեւանում կայացած իրենց հանդիպումից ի վեր Հայաստանը մի շարք հաստատակամ քայլեր է կատարել դատաիրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ազգային ժողովի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանի խորհրդարանն այժմ ձեռնամուխ է եղել Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխմանը:
Լիլիան Մորի Պասքիեն, ողջունելով Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն իրենց միջազգային պարտավորությունների կատարման ճանապարհին, իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին: Լիլիան Մորի Պասքիեի խնդրանքով Արարատ Միրզոյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի կողմից կանանց եւ երեխաների նկատմամբ բռնությունը կանխելուն ուղղված գործընթացին: