National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 4

30 հունիսի 2022

Ժամը 11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ

 

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Բարև ձեզ, հարգելի պատգամավորներ։ Խնդրում եմ տեղադրել քարտերը և նախապատրաստվել գրանցման. գրանցում։ Գրանցվել է 57 պատգամավոր, քվորում ունենք։ Մենք ունենք նաև պատգամավորներ, որոնք նոր մոտեցան, խնդրում եմ նրանց նույնպես հաշվառել։

Հարգելի պատգամավորներ, ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քվեարկության կարգը, տեղը և ժամը ներկայացնելու համար: Խնդրեմ, պրն Բաբայան։

 Ն.ԲԱԲԱՅԱՆ

-Բարև ձեզ։ Հարգելի պրն նախագահ, հարգելի գործընկերներ, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի երեք թափուր պաշտոնների համար քվեարկությունները որոշվել է անցկացնել դահլիճին կից նախասրահում։ Երկրորդ պաշտոնի համար՝ ժամը 11։10-11։40, երրորդ պաշտոնի համար` 11։50-12։20 և երրորդ պաշտոնի համար ` 12։30-13։00։

Երկրորդ պաշտոնի համար առաջադրվել են Լուսինե Աբգարյանը, Կարեն Բատիկյանը, Սերգեյ Չիչոյանը։ Քվեաթերթիկն ունի հետևյալ տեսքը։

Երրորդ պաշտոնի համար առաջադրվել են հետևյալ թեկնածուները. Հովհաննես Ավագյան, Կարեն Բիշարյան, Նելլի Հարությունյան։

Եվ չորրորդ պաշտոնի համար առաջադրվել են Ռուբիկ Մխիթարյանը, Արսեն Նիկողոսյանը, Արթուր Սարգսյանը։ Հիշեցնում եմ՝ երկրորդ պաշտոնի համար քվեարկությունը տեղի կունենա 11։10, այսինքն` 7 րոպեից սկսած, 11։10-ից և կտևի կես ժամ՝ մինչև 11։40, երրորդ պաշտոնի համար` 11։50-12։20, նորից՝ կես ժամ և վերջինը` 12։30-13։00։ Շնորհակալություն։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այժմ կսկսվեն քվեարկությունները։ Խնդրում եմ հետևել կոչնակին, որպեսզի ամփոփենք նաև քվեարկության արդյունքները։ Նիստն ավարտված է։

ԸՆԴՄԻՋՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, վերսկսում ենք նիստը։ Ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին` քվեարկության արդյունքները ներկայացնելու համար։ Խնդրեմ, պրն Բաբայան, կենտրոնական ամբիոնի մոտ։

   Ն.ԲԱԲԱՅԱՆ

-Շնորհակալություն։ Մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համար առաջադրել էր հետևյալ թեկնածուներին. Լուսինե Աբգարյան, Կարեն Բատիկյան, Սերգեյ Չիչոյան։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը։ Քվեատուփում առկա էր 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Լուսինե Աբգարյան՝ կողմ` 0, Կարեն Բատիկյան՝ կողմ` 0, Սերգեյ Չիչոյան՝ կողմ` 67։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հաջորդ եռյակը. առաջադրվել էին Հովհաննես Ավագյանի, Կարեն Բիշարյանի և Նելլի Հարությունյանի թեկնածությունները։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը։ Քվեատուփում առկա էր 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հովհաննես Ավագյան՝ կողմ` 0, Կարեն Բիշարյան՝ կողմ` 68, Նելլի Հարությունյան՝ կողմ` 0։

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Եվ վերջին եռյակը. առաջադրվել էին Ռուբիկ Մխիթարյանի, Արսեն Նիկողոսյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 62-ը։ Քվեատուփում առկա էր 62 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբիկ Մխիթարյան՝ կողմ` 29, Արսեն Նիկողոսյան՝ կողմ` 0, Արթուր Սարգսյան՝ կողմ` 33։ Շնորհակալություն։

Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն, մեկ վայրկյան։ Եվ այսպես փաստացի մենք ունենք երկու ընտրված դատավոր, որոնց շնորհավորում ենք և ունենք մի քվեարկություն, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության մասին հոդվածի 143-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Հարցը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։ Ուստի, պրն Բաբայան, մենք պետք է նոր քվեարկություն նշանակենք, պատրա՞ստ եք ասել ժամ։

 Ն.ԲԱԲԱՅԱՆ

-Նոր քննարկում պետք է անենք։ Լավ: Ուրեմն, անցնում ենք նոր քննարկման փուլին։

 Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Պրն Խաչատուրյան, պետք է նորից ներկայացնեք թեկնածուներին։ Կարծում եմ՝ դրա կարիքը չկա։ Եկեք միանգամից ձայնը տանք թեկնածուներին։ Կարո՞ղ ենք բաց թողնել ներկայացման փուլը։ Լավ, եկեք անցնենք թեկնածուներին ձայն տրամադրելուն ... Չեմ լսում … Իսկ ի՞նչ է խանգարում մեզ՝ հիմա անել դա, ինչ-որ խոչընդո՞տ եք տեսնում։ Ոչ թե 10 օր հետո։ Խնդրեմ, թեկնածուներից, ըստ հերթականության, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ։ Ընդմիջում 20 րոպե, հարգելի գործընկերներ։

 ԸՆԴՄԻՋՈՒՄ

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Հարցը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանին ներկայացնելու համար ձայնը տրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանին։

 Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

-Ռուբիկ Հրանտի Մխիթարյանը ծնվել է 1973 թ. Վրաստանի Հանրապետության Մարնեուլի շրջանի Դամիա գյուղում։

2013 թ. նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, ապա 2016 թ. հունվարի 8-ից եղել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ 2016 թ. մայիսի 23-ից առ այսօր հանդիսանում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում։ Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Ձայնը տրվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանին։ Համեցեք։

 Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

-Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ես իմ ելույթը, իմ տեսլականը Վճռաբեկ դատարանում ստեղծվող նոր պալատի առնչությամբ ներկայացրել եմ երեկ իմ ելույթում։ Ըստ էության, կարելի է շատ խոսել այդ պալատի դերի, հնարավոր դատական պրակտիկայում ունենալիք նշանակության վերաբերյալ։ Նախորդ օրվա իմ ելույթին կավելացնեմ, որ այդ պալատի և, ընդհանրապես, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանների ստեղծմամբ արդեն իսկ էական քայլ է կատարվել դատարանների ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչը չարչրկված, բազմիցս այս ամբիոնից հնչեցված խնդիրներից է, և կարծում եմ, որ այդ մասնագիտացված դատարանի և դատավորների թվաքանակի ավելացումն իր հերթին կբերի նաև արդարադատության արդյունավետության որակի և հնարավորինս կբացառի ուշացած արդարադատություն ունենալու մեր երկրի դատական պրակտիկան։ Թերևս, այսքանը, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում։ Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արթուր Սարգսյանին ներկայացնելու համար ձայնը տրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանին. համեցեք։

  Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

-Արթուր Պարգևի Սարգսյանը ծնվել է 1969թ. Արարատի մարզի Վեդի քաղաքում։

1986 թ. մինչև 2015 թ. աշխատել է «ՏՀՏ-4»-ում՝ որպես առաջին կարգի բետոնագործ, «Այրարա» ՍՊԸ՝-ում որպես տնտեսագետ, «Անի-21» փոքր ձեռնարկությունում՝ որպես տնօրեն, Արարատի ԱՇԿ-ում՝ որպես տնօրեն, ԱՇԿ պետական ձեռնարկությունում՝ որպես տնօրեն, բնակչության կենցաղային սպասարկման Արարատի պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու, «Արարատ-Սպասարկում» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, «Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացում» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան, «Էյ Ար Այ Սի Թի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2007 թ. հուլիսի 19-ից առ այսօր աշխատում է փաստաբանների պալատում: Ամուսնացած է, ունի երեք երեխա։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում։ Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Ձայնը տրվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արթուր Սարգսյանին։

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, նկատի ունենալով, որ այսօր մեր՝ որպես թեկնածուի քվեարկության արդյունքներն օրենքի ուժով կրկնակի ընտրությունների հարց բարձրացրին օրակարգ, թույլ տվեք իմ շնորհակալությունը հայտնել այն քվեների համար, որոնք իմ օգտին են եղել և շնորհակալություն նաև նրանց, ովքեր չեն քվեարկել, թեև վերջիններիս խոստանում եմ նաև իմ գործունեությամբ այնպիսի ծառայություն մատուցել, որ նրանք երբեք չփոշմանեն նաև իմ օգտին քվեարկելու համար։ Սա՝ պարզապես որպես նախաբան։ Նկատի ունենալով, որ իմ ելույթը բավականին վերջերս՝ երեկ այս պատասխանատու հարթակից հնչեցվել է, ես, ընդամենը, կհավելեմ մի բան ևս, որ 2007 թ. մինչ օրս ունեմ անընդմեջ փաստաբանական գործունեություն և իմ գործունեության ողջ ժամանակահատվածում մշտապես հանդիսացել եմ որպես դատավարության մրցակցային կողմ։ Իմ կողմից բազմիցս նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով ներկայացվել են վճռաբեկ բողոքներ, և իմ համեստ լուման եմ ունեցել Վճռաբեկ դատարանի կողմից կայացված համապատասխան նախադեպային որոշումներում։ Ես ևս մեկ անգամ հավաստիացնում եմ այն պատասխանատվությունը, որ նպատակ ունեմ որպես Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քրեական գործերով կոռուպցիոն հանցագործությունների գործով դատարանի կազմը համալրել իմ թեկնածությամբ, ես պարտավորվում եմ և դրա պատասխանատվությունը գիտակցում եմ, ուստի, պատրաստ եմ նաև այդ կարգավիճակը ստանձնել, առավել ևս, որ ներկա ժամանակահատվածը հնարավորություն և լայն, մեծ իրավունք է վերապահում, ըստ իս՝ համարձակ, արդարադատության շահից բխող դատական ակտեր կայացնել։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերի համար` հերթագրում։ Վլադիմիր Վարդանյան։

 Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Շնորհակալություն, պրն Սարգսյան, հաշվի առնելով, որ ընդդիմությունը բացակայում է, ես, այդուհանդերձ, փորձեմ որոշակի առումով փաստաբանություն անել և ձեզ մի հարց տամ։ Դուք երկար տարիներ փաստաբանական գործունեություն եք իրականացրել և խառնվածքով, ընդհանրապես, դատավորի և փաստաբանի կերպարները, որպես կանոն, տարբեր են լինում։ Նոր կարգավիճակում Վճռաբեկ դատարանում, հատկապես այս պալատում, որը զբաղվելու է հատկապես հակակոռուպցիոն գործերի քննությամբ, ձեզ մոտ ներքին ինչ-որ կոնֆլիկտ չի՞ առաջանա։

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Ավելի շուտ, կոնֆլիկտ չի առաջանա, պարզապես, ներքին այսպիսի խմորում կառաջանա այդ կարգավիճակը զբաղեցնելու պատասխանատվության առումով, և ինքս քանի դեռ … 15 տարին, պրն Վարդանյան, քիչ ժամանակ չէ, առավել ևս անընդմեջ գործունեության և բուռն գործունեության համար, և հատկապես, երբ ես զբաղեցրել եմ դատավարության մրցակացային կողմ և հատկապես փաստաբանական տիրույթից բխող այն նախադեպային որոշումները, որոնք կայացվում են, հատկապես կայացվում են մեր ջանասիրության, մեր աշխատանքի արդյունքում նկատած խախտումների առումով և շտապում եմ նաև այդ կարգավիճակը ստանձնել, բնականաբար, ձեր քվեի արդյունքով միայն, որպեսզի փորձեմ իմ հնարավոր լուման ունենալ այնպես, որ այսուհետ այն, ինչ ես մտածել եմ դատական ակտեր կայացնելիս, այդպիսի խախտումներ այլևս իմ դեպքում չլինեն։ Այսինքն` ես ինձ տեսնում եմ և համարձակ եմ՝ այդ գործում լինելու և դիսկոմֆորտ կամ ինքս ինձ հետ կոնֆլիկտ, հաստատ, չեմ ունենա, որովհետև մի փոքր էլ ունեմ երկարամյա վաստակ, և՛ տարիքս, և՛ փորձս, և՛ աշխատանքային մասնագիտության ընթացքում ձեռք բերած հմտություններս բոլորը միասին ինձ թույլ են տալիս՝ նման հայտ ներկայացնել։

  Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Արձագանք։

 Վ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

-Շնորհակալություն պրն Սարգսյան։ Շատ ավելի անկեղծ ձեզ կասեմ։ Շատ դեպքերում փաստաբանները, հատկապես վերջին շրջանում, հաշվի առնելով, որ բավականաչափ հարուստ՝ և՛ չակերտավոր, և՛ ոչ վստահորդներ են ի հայտ եկել, խուսափում են փաստաբանական գործունեությունը դադարեցնել և չեն ցանկանում ստանձնել որևէ պաշտոն պետական ծառայության մեջ, հաշվի առնելով, որ վարձատրությունը շատ ավելի բարձր է, ավելի մեծ է։ Սա՝ առաջին հարցը. ձեր պարագայում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենալու։

Երկրորդը. այդուհանդերձ, ամենավտանգավոր բաներից մեկն այն է, որ դու այլևս իքս կարգավիճակը չես զբաղեցնում, չունես, ունես իգրեկ կարգավիճակ, բայց և՛ մտածելակերպդ, և՛ վերաբերմունքն այդ երևույթների նկատմամբ նախորդ կարգավիճակով է պայմանավորված։ Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնելու։

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

-Շնորհակալություն հարցի համար։ Պրն Վարդանյան, ես տեսնում եմ այդ հարցում ավելի շատ պատասխանատվություն և ինքս ինձ հետ առերեսվել այն խնդիրների հետ, որոնք արդեն իսկ ինձ հետևել են 15 տարի անընդմեջ և առաջիկա խնդիրները կարելի է համարել խնդիրներ, բայց ոչ բարդ տեսքով, ոչ անլուծելի կամ ոչ անորոշ տեսքով։ Դրանք ինձ համար, կարծում եմ՝ իմ դեպքի համար մի փոքր էլ … Ես այստեղ՝ ձեր հարթակում ունեմ նաև իմ վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր իմ անցած ճանապարհի վերաբերյալ և երբևէ իմ գործունեությամբ չեմ կարողացել վստահորդիս մոտ որևէ խնդիր հարուցել, առավել ևս, 15 տարվա ընթացքում ես վաստակել եմ միայն պալատի խորհրդի և վստահորդներիս գոհունակությունը նաև շնորհակալագրերի և գովեստի խոսքերի առումով։ Իսկ ինչ վերաբերում է, ցիտեմ ձեր խոսքից՝ վարձատրությունը կամ այն փաստաբանները, որոնք փորձում են չշտապել՝ այլ կարգավիճակ զբաղեցնել, այդ հարցում գուցե կա մի փոքր մտածելու առիթ, բայց այդ առիթն այնքան փոքր է, որ ինձ թույլ է տալիս՝ ավելի համարձակ գտնվել, չնայելով վարձատրության չափին։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակության համար` հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան։ Ենթադրում եմ, որ թեկնածուները եզրափակիչ ելույթի կարիք չեն տեսնում։

Հարգելի գործընկերներ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին` քվեարկության կարգը, տեղը և ժամը ներկայացնելու համար։ Համեցեք։

 Ն.ԲԱԲԱՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա 5 րոպեից, կտևի 30 րոպե։ Քվեաթերթիկն ունի հետևյալ տեսքը. թեկնածուների անուն-ազգանունը` Ռուբիկ Մխիթարյան, Արթուր Սարգսյան, նրանց դիմաց համապատասխան նշումների վանդակներով։ Կրկնում եմ՝ քվեարկությունը կսկսվի 5 րոպեից և կտևի 30 րոպե մինչև 14։25։ Շնորհակալություն։

  Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Այսինքն` ժամն էլ ասենք, ամեն դեպքում, որովհետև 5 րոպեիցը մի քիչ հարաբերական հասկացություն է՝ 13։55-14։25։ Այսպիսով, հարգելի գործընկերներ, հիմա կանցնենք քվեարկության, հետևեք կոչնակին, որպեսզի արդեն ծանոթանանք քվեարկության արդյունքներին։

 ԸՆԴՄԻՋՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, զբաղեցրեք ձեր տեղերը։

Ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանին` քվեարկության արդյունքները ներկայացնելու համար։

 Ն.ԲԱԲԱՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համար երկրորդ փուլով առաջադրել էր Ռուբիկ Մխիթարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 55-ը, քվեատուփում առկա էր 55 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբիկ Մխիթարյան՝ կողմ` 40, Արթուր Սարգսյան՝ կողմ` 15։ Շնորհակալություն։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Այսպիսով, քվեարկության արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից ոչ ոք չի ընտրվել։ Հետևաբար՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ։ Այսպիսով, մեր նիստն ավարտված է։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am