Ազգային ժողովը փետրվարի 25-ի նիստում ընդունեց «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված
արժեքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու կառավարության առաջարկը եւ անցավ նախորդ օրն անավարտ մնացած` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը:
Օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը: Նա եւս մեկ անգամ մանրամասնելով լրամշակված հոդվածները` ներկաների ուշադրությունը հրավիրեց նախաձեռնության հիմնական նպատակի` հոդվածները հստակեցնելու եւ սողանցքների հնարավորոթյունը բացառելու վրա: Այս խնդիրը հանձնաժողովը համարում է լուծված եւ տվել է դրական եզրակացություն:
Ելույթ ունենալու համար հերթագրվել էր 6 պատգամավոր: Վիկտոր Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը թեեւ փորձում է լուծել իրավական խնդիրներ, ունի քաղաքական ենթատեքստ: Պրն. Դալլաքյանն իր ելույթում բացասական երեւույթ համարեց քաղաքական գործընթացները քրեականացնելու գործելակերպը: Նա առաջարկեց նախագծից հանել իշխանությունը յուրացնելուն ուղղված կոչերի համար պատասխանատվություն սահմանող դրույթը: Արմեն Ռուստամյանը նկատեց, որ այս նախաձեռնությամբ եւ օրենսդրական միջամտությամբ խորհրդարանը կարող է իրավիճակը լրջորեն փոխել: Նրա դիտարկմամբ` գործող քրեական օրենսգիրքը շահարկումների լայն հնարավորություն է ստեղծում. չկա հստակ գիծ քաղաքականի եւ քրեականի միջեւ: Արծվիկ Մինասյանը մտահոգված էր, որ իշխանությունը յուրացնելու մասին հոդվածում ներառված չեն բոլոր պետական մարմինները, որոնց լիազորություններին տիրանալը նույնպես կարող է վտանգավոր լինել: Պատգամավորի տեսակետով` նախատեսված պատժաչափերն անհամաչափ են, եւ պետք է առանձին դեպքերում տարբերակումներ նախատեսել: Նա առաջարկեց նաեւ 225-րդ հոդվածից հանել զանգվածային անկարգությանը մասնակցելու համար պատիժ նախատեսող կետը, եթե անձը չի կատարել անկարգություն` օրենքով նկարագրված գործողությունները: Անահիտ Բախշյանն առաջարկեց ընդհանրապես հանել «զանգվածային անկարգություն» ձեւակերպումը: Այլապես, նրա գնահատմամբ, ժողովրդավարությանը հակասող քայլ կկատարվի: Սամվել Նիկոյանը հիմնավորված չի համարում աշխատանքային խմբի գործունեությունից դժգոհությունը եւ ասաց, որ լուծվել են առաջադրված խնդիրները: Չնայած, որ նախագծում չեն արտացոլվել ստացված բոլոր առաջարկները: Լարիսա Ալավերդյանն այս ողջ գործընթացում
վտանգավոր համարեց այն հանգամանքը, որ նույնացվել են ժողովուրդն ու ամբոխը: Նա համոզմունք հայտնեց, որ պատգամավորական այս նախաձեռնությունը բխում է մարտի 1-ի իրադարձություններից:
«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ զանգվածային անկարգության վերածված միջոցառումից անհապաղ հեռանալու պահանջը մահակ է դատախազության ձեռքում` ցանկացած քաղաքացու հետապնդելու համար: Խմբակցությունը նախագծի վերաբերյալ կներկայացնի գրավոր առաջարկություններ:
Արձագանքելով պատգամավորների հարցադրումներին եւ առաջարկություններին` եզրափակիչ ելույթում Դավիթ Հարությունյանը հիմնավորումներ ներկայացրեց թե ընդունելի եւ թե անընդունելի դիտողությունների վերաբերայլ: Նա տեղեկացրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունելու համար նախագիծը քվեարկության կդրվի առանց նախագծի 225-րդ հոդվածի 5-րդ մասի, որտեղ պատասխանատվություն էր սահմանված զանգվածային անկարգությանը մասնակցելու համար` առանց անմիջական գործողությունների: Հիմնական զեկուցողը նկատեց, որ նախագծում արտացոլված մոտեցումներն ավելի մեղմ են, քան եվրոպական շատ երկրներում:
Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար խորհրդարանականների գնահատմանը ներկայացվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի օրենսդրական նախաձեռնությունը: Արմեն Աշոտյանի ներկայացմամբ` առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ստացվել, բացառությամբ հեղինակների` օրենքը պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից ուժի մեջ դնելու առաջարկը:
Արմեն Աշոտյանը ներկայացրեց նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին իր եւ Նաիրա Զոհրաբյանի, Հեղինե Բիշարյանի, Լիլիթ Գալստյանի, Անահիտ Բախշյանի օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցողի բնորոշմամբ` փաթեթն ունի քաղաքական հնչեղություն եւ հասարակական հետաքրքրություն: Նա տեղեկացրեց, որ օրինագծերը շրջանառության երկար ճանապարհ են անցել, եւ այժմ ներկայացված է ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի մասնագետների օգնությամբ փորձաքննություն անցած տարբերակը: Փոփոխություններով հեղինակները նպատակ ունեն կանոնակարգել էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեության դաշտը` վերացնելով առկա
բացերը: Օրինագծերի լրամշակված տարբերակում հստակեցվել են լրագրողների եւ այլ մասնագետների ցանկացած տեղեկատվություն փնտրելու եւ գտնելու, տեսագրություններ եւ ձայնագրություններ կատարելու իրավունքները: Մասնավորապես նշվել է, որ դրանք չեն սահմանափակվում` բացառությամբ օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող, ինչպես նաեւ ապօրինաբար կատարված տեսաձայնագրությամբ ստացված տեղեկատվության տարածման դեպքերի։ Հեռուստառադիոհաղորդումների հովանավորությանը վերաբերող հոդվածում, ի թիվս կրոնական կազմակերպությունների եւ կուսակցությունների, կարգելվի նաեւ նախընտրական հիմնադրամների կողմից կամ միջոցներով հովանավորությունը, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքի, դեղատոմսով տրամադրվող դեղերի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից: Հովանավորության մասին հոդվածի վերնագրից հանվել է «բարեգործական» բառը: Օրինագիծը նախատեսել է յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին հաղորդման պատասխանատուի մասին տեղեկություններ նշելու պարտադիր պայման: Հեղինակներն առաջարկում են բռնություն եւ դաժանություն քարոզող հաղորդումների չափորոշիչները սահմանելու լիազորությունը վերապահել ոչ թե կառավարությանը, այլ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: Ինչպես ընտրական օրենսգրքում, այնպես էլ այս նախագծում հեղինակները սահմանել են քվոտա` կանանց մասնակցության համար: Ըստ նախագծի` հանրային հեռուսառադիոընկերության խորհրդի հինգ անդամներից առնվազն մեկը պետք է կին լինի: Պետությունը յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության համար, հեղինակների առաջարկով, կնախատեսի նախորդ տարվա գումարից ոչ պակաս հատկացումներ` բյուջեի եկամտային մասի աճի դեպքում: Ներկա կարգով օրենքի դրույթները, Ազգային հանձնաժողովի որոշումները եւ բնագավառը կարգավորող այլ իրավական
ակտերը, ինչպես նաեւ արտոնագրի պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում Ազգային հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ կաuեցնել հեռուuտաընկերության, ռադիոընկերության կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչեւ դատարանի կողմից համապատաuխան որոշման կիրառումը: Նախագծով բացառություն է դիտարկվել Հանրային հեռուստաընկերությունը եւ Հանրային ռադիոընկերությունը: Օրենսդրական փաթեթում մանրամասնված է ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդի ձեւավորման կարգը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով` հեղինակներն այնտեղ ամրագրել են ՀՌԱՀ-ի անդամների կեսին խորհրդարանի կողմից ընտրելու կարգը:
Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 26-ի նիստում:
Քառօրյայի երրորդ օրվա վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին: