National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.12.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
24.12.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի ասուլիսը
1 / 1

Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի ասուլիսը:

Ամփոփելով կատարված աշխատանքը` ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասաց. 

«Բարեւ ձեզ հարգելի լրագրողներ, 

Տարին մոտենում է ավարտին, ավարտվեց նաեւ չորրորդ գումարման Ազգային Ժողովի վեցերորդ նստաշրջանը եւ ես ամփոփ կներկայացնեմ խորհրդարանի վերջին մեկ տարվա կատարած աշխատանքները։

Ստանձնելով խորհրդարանի նախագահի պաշտոնը՝ ես մի քանի կարեւոր առաջնահերթություններ էի սահմանել, ինչը խորհրդարանի աշխատանքներում բովանդակային եւ որակական առաջընթաց ապահովելու առումով համարել եմ կարեւոր ու սկզբունքային։ Ինձ համար առաջնային խնդիր էր, որ խորհրդարանը հստակ կատարի Սահմանադրությամբ իրեն վերահապված լիազորությունները, եւ որ նույնչափ կարեւոր է՝ օրենսդիր մարմնում դրվի քաղաքական գործընթացների եւ ավանդույթների նոր սկիզբ, որպեսզի մենք մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին անդրադառնանք նոր մոտեցումներով, լուծումների նոր հայեցակարգով։

Ես այժմ կփորձեմ հնարավորինս հակիրճ եւ անաչառ գնահատել օրենսդիր մարմնի գործունեությունն ու պիտի ասեմ, որ բովանդակային առումով խորհրդարանի գործունեության մեջ դրական տեղաշարժ կա։ Բավականաչափ ակտիվ են սկսել աշխատել խորհրդարանական մշտական հանձնաժողովները, որոնց վերապահված է օրենսդրական գործունեության հիմնական բեռը։ Այսուհետ, բոլոր 12 մշտական հանձնաժողովների նախագահները հանդես կգան տարեկան հրապարակային հաշվետվությամբ եւ բոլորիս ու առաջին հերթին ընտրողների համար տեսանելի կլինի, թե հաշվետու ժամանակաշրջանում ի՞նչ է արել տվյալ հանձնաժողովը։ Այս աշխատաոճը այսուհետ լինելու է ավանդույթ, որովհետեւ մեզանից ոչ մեկը չպետք է մոռանա, որ առաջին հերթին ինքը հաշվետու է իր ընտրողներին, մեր ժողովրդին։ Խորհրդարանի եւ հանձնաժողովների գործունեության եւ կատարած աշխատանքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կարող եք ստանալ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ասեմ, որ անցնող տարում, իմ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Ազգային ժողովին ընդունել է 327 օրենք։ Ընդունված օրենքներից ես հատկապես կցանկանային առանձնացնել «Հանրակրթության մասին» օրենքը, «Հաշվապահական հաշվառման  մասին» օրենքը եւ Հարկային փաթեթը։ Այս օրենքների ընդունումը իրապես հրատապ էր եւ կանոնակարգում էր խիստ կարեւոր ոլորտներ։ Շրջանառության մեջ են դրված բազմաթիվ նախագծեր, որոնց մենք կանդրադառնանք արդեն գարնանային նստաշրջանում։

2009 թվականի ընթացքում խորհրդարանը մեր քաղաքացիներից ստացել է 5562 նամակ, որոնք բոլորն էլ ստացել են իրենց պատասխանը։

Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնը լինելուց զատ, Ազգային ժողովին մեր երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված են բազմաթիվ գործառույթներ եւ պատասխանատվության ոլորտներ, որոնց լիարժեք իրագործման հարցում ինձ համար սկզբունքային էր, որ խորհրդարանը հետեւողականորեն ավելացնի իր քաղաքական կշիռն ու հեղինակությունը պետական իշխանության համակարգում եւ հանրության մեջ: Իհարկե, ամենաանաչառ գնահատականը պիտի տա մեր երկրի քաղաքացին, սակայն վստահ եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ բավականաչափ  բարձրացել է խորհրդարանի քաղաքական կշիռն ու հեղինակությունը: Եւ եթե հանրության շրջանում երբեմն այն մտայնությունը կար, գուցե ինչ-որ տեղ նաեւ իրավացի,  որ խորհրդարանը գործադիրի կցորդն է եւ ընդամենը կառավարության նախագծերի մեխանիկական դակիչը, ապա ցանկացած նախագծի շուրջ թե՛ հանձնաժողովներում եւ թե՛ լիագումար նիստերում ընթացող ակտիվ, երբեմն նաեւ բուռն քննարկումները վկայում են, որ խորհրդարանը  հստակ իրականացնում է իր գործառույթները։ Բնականաբար, խոսքը չի վերաբերում ինքնանպատակ առճակատմանը եւ որպես ԱԺ նախագահ, ես մշտապես դեմ եմ եղել ինքնանպատակ հակադրություններին։ Սակայն եթե խորհրդարանն ունի իր կարծիքը, որ չի համընկնում կառավարության տեսակետի հետ, ապա այս ընթացքում համոզվել եք, որ այդ կարծիքը հնչում է եւ հնչելու է մշտապես։

Որպես խորհրդարանի ղեկավար, ինձ համար անչափ կարեւոր էր նաեւ խորհրդարանը իրական քննարկումների եւ բանավեճերի հարթակ տեսնելը։ Իմ ընտրության ժամանակ ես ասել եմ, եւ հիմա էլ կրկնում եմ, որ մենք  չպետք է զգուշանանք սուր անկյուններից, չպետք է խուսափենք հրապարակայնությունից եւ հիմնահարցերը բաց ու համակողմանի քննարկելուց։ Դա է խորհրդարանի խնդիրը՝ լինել քաղաքական իրական քննարկումների, կարծիքների եւ տեսակետների բախման, համաձայնության եւ համագործակցության ամբիոն։ Քանզի խորհրդարանական քննարկումներում է ամրանում ժողովրդավարությունն ու բազմակարծությունը։ Իհարկե, քաղաքական բանավեճի մեր մշակույթը դեռ հեռու է կատարյալ լինելուց, սակայն ինձ գոհացնում է այն, որ խորհրդարանը վերածվում է քաղաքական կարծիքների եւ հրապարակային բանավեճերի հարթակի։  Եւ կարեւորը՝ որ փողոցներից ու հարթակներից այսօր ավելի եւ ավելի թվով հարցեր ու խնդիրներ են տեղափոխվում իրական քաղաքական  բանավեճի հարթակ՝ Ազգային ժողով։ 
  
Հարգելի լրագրողներ, 
  
Օրենսդիր մարմնի գերխնդիրների շարքում է միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում խորհրդարանական դիվանագիտության առավել ակտիվացումը, միջազգային կառույցներում առավել հետեւողական ու լիարժեք աշխատանքի իրականացումը։ Միջազգային տարբեր կառույցներում ներկայացված մեր պատվիրակությունների աշխատանքը ես արդյունավետ եմ գնահատում։ Իհարկե, ոչ բոլոր պատվիրակություններն են աշխատում  նույն արդյունավետությամբ, բայց ես բոլորի առջեւ խնդիր եմ դրել անել առավելագույնը՝ մեր երկրի շահերը բարձր մակարդակով ներկայացնելու  համար։ Անցած շաբաթ Փարիզում ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերի ընթացքում արձանագրվեց, որ Եվրոպայի Խորհրդի 47 պետությունների մեջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակությունը լիագումար նիստերին,  հանձնաժողովների աշխատանքներին եւ քվեարկություններին մասնակցելու իր ակտիվությամբ առաջին տասնյակում  է։ Լիագումար նիստերին մասնակցելու ակտիվությամբ Հայաստանը 47 երկրի մեջ զբաղեցնում է 3-րդ տեղը, հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու ակտիվությամբ մենք 9-րդն են, իսկ քվեարկություններին մասնակցելու ակտիվությամբ մեր պատվիրակությունը 8-րդն է։ Սա ես համարում եմ հրաշալի ցուցանիշ, եւ խնդիր եմ դրել մնացյալ բոլոր պատվիրակությունների առջեւ՝ ակտիվորեն  ներգրավվել միջազգային լրջագույն այդ կառույցների աշխատանքներին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի։ 
  
Հատուկ անդրադարձ եմ ուզում կատարել նաեւ մայիսին մեկնարկած Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերության» ձեւաչափին, որը նախատեսում է առավել սերտ համագործակցություն Եվրամիության հետ։ Ինչպես գիտեք, մեկնարկել են «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական ձեւաչափի՝ «Եվրանեսթի» կազմակերպչական աշխատանքները եւ մեր խորհրդարանն ակտիվորեն ներգրավված է այդ աշխատանքներում։ Ի դեպ, վերջերս խորհրդարանն ունեցավ նաեւ Եվրամիության խորհրդատու, որի հետ մենք նախանշել ենք աշխատանքի մեծ ծավալ։

Անցնող տարում  Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովի  ասոցացված անդամ եւ վստահ եմ, որ մենք լուրջ անելիքներ ունենք նաեւ այդ հարթակում։

Որպես Ազգային ժողովի նախագահ, արտերկրի իմ հանդիպումների ընթացքում ես նկատում եմ այն լուրջ եւ գործընկերային վերաբերմունքը, որ կա մեր երկրի հանդեպ։ Այսօր Հայաստանն ունի վստահելի գործընկերոջ համարում, որի հետ հաշվի են նստում համաշխարհային քաղաքականության խաղի կանոնները թելադրող գերտերությունները, եւ դա գործող իշխանության, Նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու արդյունք է։

Մի քանի խոսքով անդրադառնամ նաեւ խորհրդարանական արտաքին կապերին։ Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ-ում անցկացված միջազգային կազմակերպությունների նիստերին, ապա անցնող՝ 2009 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ-ում անցկացվեց Հայաստան-Եվրոպական Միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը, նոյեմբերին գումարվեց ՀՀ Ազգային Ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 17-րդ նիստը, իսկ այս ամիս՝ ՀՀ Ազգային Ժողովի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ հերթական նիստը։

Անդրադառնալով իմ կատարած պաշտոնական այցերին` նշեմ, որ 2009-ի փետրվարին ես պաշտոնական այցով մեկնել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այնուհետեւ՝ ապրիլին Լեհաստան, հունիսին մասնակցել եւ ելույթ եմ ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, հուլիսին մասնակցել եմ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական Վեհաժողովի նիստին, որտեղ մեր երկիրը ստացավ ասոցացված անդամի կարգավիճակ, սեպտեմբերին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, նոյեմբերին մասնակցություն  Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին եւ դեկտեմբերին` պաշտոնական այց Հարավային Կորեա։ Բոլոր այս այցերը ես համարում եմ խիստ կարեւոր, որոնց ընթացքում ձեռք են բերվել բազմաթիվ լրջագույն պայմանավորվածություններ, ստորագրվել են համաձայնագրեր, հուշագրեր։ Օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովը ոչ մի պետության խորհրդարանի  հետ հուշագիր չէր ստորագրել, առաջին պետությունը, որ ստորագրել է ` եղել է  Հայաստանի Հանրապետությունը:

Եւս մեկ խնդիր, որ ես դրել էի իմ առջեւ՝ ամեն ինչ անել, որ խորհրդարանը հանրության համար դառնա  բաց եւ հրապարակային, որ Ազգային  ժողովը հասու լինի մեր հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին:

Այո՛, մենք իսկապես խորհրդարանը մարդկանց համար ավելի հասկանալի, ավելի մոտ ու ընկալելի դարձնելու խնդիր ունենք: Վաղուց ունենք։

Այս տարվա ընթացքում մեզ հաջողվեց միայն առաջին քայլերն անել այս ճանապարհին: Սա «տաբու»-ներ ջարդելու տարի էր: Շատ շատերն անձամբ տեսան ու զգացին, որ Ազգային ժողովը ինչ-որ խորհրդավոր ու բազմաթիվ դռների հետեւում թաքնված փակ մի կառույց չէ: Մենք ջարդեցինք խորհրդավորության այդ զգացումը: Բայց սա միայն սկիզբն է: Մենք պետք է կարողանանք նաեւ ցույց տալ, որ Ազգային ժողովը ինստիտուտ է, որը լսում է մարդկանց, մարդկանց կողքին է ու հենց մարդկանց համար է: Եվ երբ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող մեր քաղաքացիները անձամբ նկատեն, որ անգամ իրենց զավակների կողմից բարձրացված խելացի առաջարկությունները այնուհետեւ մշակվում, օրենք ու որոշում են դառնում, այսինքն կյանքի են կոչվում, հաստատ կհամոզվեն, որ խելացի գաղափարների, մարդկանց հոգսը թեթեւացնող` լավ կշռադատված առաջարկների համար արգելքներ չեն կարող լինել մեր երկրում: «Լավ միտքը, խելամիտ գաղափարը հաղթում է Հայաստանում». սա է, որ համոզմունք ու իրականություն պետք է դարձնենք: Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրիի շրջանակներում տարբեր միջոցառումներ ենք անցկացրել խորհրդարանում եւ դրական արդյունքն ակնհայտ է: Այսպես է, որ պետք է մտածեն ու  գործիեն  խորհրդարանի պատերից ներս աշխատող մարդիկ, այս ընկալումն է, որ պիտի կարողանանք մեր իսկ գործերով ու գործելաոճով սերմանենք հասարակության մեջ: Եվ սրա համար է, որ հետեւողականորեն շարունակելու ենք հասարակություն-խորհրդարան  կապն ամրապնդելուն, այդ կապն ամենօրյա համագործակցություն դարձնելուն ուղղված մեր ջանքերը:

Անցնող տարին ցույց տվեց, որ մենք դա կարող ենք անել, գալիք տարին ցույց կտա, որ դա նաեւ արագ իրականանալի էր: Չեմ կասկածում, որ «Բաց դռներ»-ի շրջանակներում ծրագրերը ավելի զարգացնելու ենք  եւ հնարավորություն ենք տալու հասարակության բոլոր խավերին այցելել ԱԺ, շփվել ԱԺ պատգամավորների հետ: Մենք մտածում ենք առաջիկայում իրականացնել մի գաղափար, որը եղել է նաեւ  նախկինում` ստեղծել երիտասարդական խորհրդարան:

Հիմա մենք քննարկում ենք եւ մեր ծրագրում նախատեսված է ունենալ է 131 երիտասարդներ, ուսանողներ, որոնք կներկայացնեն հանրապետության 10-ը մարզերը եւ Երեւան քաղաքը: Կունենանք մեր երիտասարդական խորհրդարանը, որը ամեն ամիս կգումարի մեկ նիստ, կներկայացնի առաջարկություններ, կքննարկի այն նախագծերը, որոնք   կլինեն ԱԺ օրակարգում եւ կփորձի իր մասնակցությունը բերել, իր ծրագրերը ներկայացնել  ԱԺ: Դա իմ կարծիքով` շատ կարեւոր է, մեծ առաջընթաց է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այն քննարկվող հարցերը, քննադատությունները, որոնք կան իշխանությունների նկատմամբ, տեղափոխվեն ԱԺ հարթակ: Դա, իմ կարծիքով,  ինչ որ մասով  հաջողվել է, բայց այդ արդյունքներից ես դեռ գոհ չեմ:

Մենք եւ ես` որպես ԱԺ նախագահ, վստահ եմ, որ ապագայում լուծելու ենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները»:
 
Այնուհետեւ ԱԺ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին: 
 

ԱԺ նախագահին հարց ուղղվեց` իր կարծիքով` ինչ ժամկետներում կարող են հայ-թուրքական աձանագրությունները մտնել խորհրդարան, քանի որ հունվարի 12-ին Սահմանադրական դատարանում քննվելու է հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը   եւ անձամբ պարոն Աբրահամյանն ինչ դիրքորոշում ունի այս հարցում: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացման հարցը կքննարկենք այն ժամանակ, երբ որ քննարկի եւ որոշում կայացնի Թուրքիայի խորհրդարանը»,- ասաց ԱԺ նախագահը: «Մենք բազմիցս ասել ենք, որ ակնկալում ենք, որ Թուրքիայի խորհրդարանը ողջամիտ ժամկետում կքննարկի, կվավերացնի արձանագրությունները, եթե ոչ, ապա կանենք քայլեր, որոնք կհապատասխանեն թուրքական կողմից արվող  քայլերին:

Անդրադառնալով  Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերություններում կաեւորը ոչ  թե ժամանակի գործոնն է, այլ ավելի լայն հեռանկարը, եւ որ առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայ-թուրքական հարբերությունների նորմալացումն առողջ չի լինի` ԱԺ նախագահն ասաց, որ բացասական է վերաբերվում յուրաքանչյուր պաշտոնյանի նման արտահայտություններին: «Գտնում եմ, որ դա նաեւ ազնիվ չէ, քանի որ ի սկզբանե կողմերի միջեւ պայմանավորվածություն եղել է, որ ստեղծում ենք դիվանագիտական հարաբերություններ առանց որեւէ նախապայմանի: Նրանք իրենց տարբեր ելույթներում փորձում են դա կապել ԼՂ հակամարտության հետ, գտնում եմ, որ դա անարդար քայլ է, եւ եթե իրենք ողջամիտ ժամկետում առանց որեւէ նախապայմանի չվավերացնեն արձանագրությունները, մենք կփորձենք մեր քայլը կատարել», -եզրափակեց ԱԺ նախագահը:

Պատասխանելով 2009թ-ին ՀՀ կառավարության եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության մասին հարցին` ԱԺ նախագահն ասաց, որ խորհրդարանը կառավարության հետ սերտորեն է աշխատում, որեւէ  տարաձայնություն չկա իր եւ վարչապետի միջեւ. «Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջարկել է ՀՀԿ-ն` հաշվի առնելով նրա պրոֆեսիոնալ ունակությունները, եւ համարում եմ, որ կառավարությունը, Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ, ամեն ինչ անում է, որպեսզի համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարի, եւ ԱԺ-ն աջակցում է` տալով լրացուցիչ լծակներ, մեխանիզմներ, որպեսզի հակաճգնաժամային ծրագրերն իրականացվեն: Տիգրան Սարգսյանն արդեն ՀՀԿ անդամ է, եւ դա նրան ավելի է պարտավորեցնում, քանի որ դրանով նա ստանձնել է եւս մեկ լրացուցիչ պատասխանատվություն կուսակցության առջեւ»: ՀՀ ԱԺ նախագահը նաեւ դրական գնահատեց վարչապետի մուտքը ՀՀԿ` դա բնական համարելով, քանի որ Տիգրան Սարգսյանը եւՀՀԿ-ին անդամակցած երկու նախարարները կուսակցության համակիրներ էին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  միջեւ հակասությունների առկայության մասին լուրերին, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խորհրդարանական երկու խմբակցությունների միջեւ տարաձայնություններ չկան: «Եղել են առանձին օրինագծերի վերաբերյալ տարակարծություններ, փորձել ենք իմ մոտ քննարկել, գալ ընդհանուր հայտարարի: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Օրինաց երկիր»-ը կոալիցիոն գործընկերներ են, եւ մենք բոլոր խնդիրները քննարկում ենք այդ համատեքստում»,-ավելացրեց նա:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ դատապարտյալ Սասուն Միքայելյանին ազատ արձակելու դիմումի տակ ստորագրած ՀՀԿ-ական պատգամավորների քայլին` նշելով, որ չի կարծում, թե ՀՀԿ խմբակցության անդամները պետք է ստորագրեին մի թղթի տակ, որը վերաբերում է կուսակցության ղեկավարին: Ըստ նրա` կուսակցականները կարող էին այդ հարցը բարձրացնել ՀՀ եւ ՀՀԿ նախագահի հետ հանդիպումների ժամանակ, ինչի հնարավորությունն ունեն: Նա քայլը կոռեկտ չի համարում, հատկապես որ ՀՀ Նախագահը օրենսդրությամբ նման իրավունքով օժտված չէ:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի` ԱԺ պատգամավոր ընտրվելու հնարավորությանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ միայն ուրախ կլինի, քանի որ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների թվի ավելացումը կնպաստի, որ հարցերն ավելի խորը քննարկվեն. ողջամիտ հակասությունների արդյունքում ծնվում են շատ լավ նախագծեր:

Անդրադառնալով հարցին` թե արդյոք փակված է համարում մարտի 1-ի էջը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Որպես փաստ` այո, բայց որպես երեւույթ` շատ անելիքներ ունենք, որպեսզի նման դեպքեր Հայաստանում չկրկնվեն»:

Մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե նա պատրաստվում է ներքաղաքական հեղաշրջում կատարել, պարոն Աբրահամյանն ասաց.«Ես թիմի մարդ եմ եւ իմ ողջ գործունեության շրջանում  ապացուցել եմ իմ հավատարմությունը, եւ երբեք, ոչ մի դեպքում չեմ դառնա դավաճան»: 
 
Լրագրողի հարցին` ո՞վ է լինելու հանրապետության հաջորդ Նախագահը  եւ արդյոք ընտրվելու է հերթակա՞ն թե արտահերթ ընտրությունների միջոցով, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Լինելու են  հերթական ընտրություններ եւ ընտրվելու է Սերժ Սարգսյանը: Գոնե ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը ընտրվի»: Իսկ այն հարցին, թե հավակնում է Նախագահի պաշտոնին, հնչեց հետեւյալ պատասխանը.«Ոչ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը  ինձ բավարարում է»:

Արտաշատյան հայտնի իրադարձությունների հետ կապված ԱԺ նախագահը, ում անունը կապվում է այս պատմության հետ, հերքեց իր ներգրավվածությունը: «Ինձ համար, որպես ԱԺ նախագահ, այդ դեպքերը դատապարտելի են, քանի որ առնչվում են պետության, օրենքի եւ մարդու իրավունքներին: Իհարկե, արտաշատյան դեպքերը կապել ինձ հետ նույնպես ազնիվ չէ, եւ ես կարծում եմ, որ օրենքով այն պատժամիջոցները, որոնց արժանի են այդ դեպքի մասնակիցները, պետք է դատապարտվեն: Ես ընդհանրապես որեւէ հաշվեհարդարի կամ հետապնդման խնդիր չունեմ: Վեճ է եղել, պատժվել են մարդիկ, եղել են կրակոցներ, եղել են որոշ գործողություններ, որոնք դատապարտվել են իրավապահ մարմինների կողմից: Եվ իմ անելիքը հետեւյալն է, որպեսզի օրենքով բոլորը ստանան համապատասխան պատիժները»:  
 
Քաղաքական դաշտն աշխատո՞ւմ է մարտահրավերներն արդյունավետությամբ դիմակայելու համար հարցադրման առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի, յուրաքանչյուր քաղաքացու գործողությունները պետք է միտված լինեն երկրի, պետության շահերին, սակայն, ցավոք սրտի, միշտ չէ, որ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներն անում են առաջարկներ, կամ ելույթներ, կամ իրենց գործողությունները տանում են դրան:  Պարոն Աբրահամյանը հավաստիացրեց, որ որպես կոալիցիոն քաղաքական ուժեր` եւ Ազգային ժողովում, եւ կառավարությունում անելու են ամեն ինչ, որպեսզի այդ մարտահրավերներին կարողանան միասին դիմակայել:

Լրագրողները հետաքրքրված էին Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված ԶԼՄ դաշտը կարգավորող նոր օրինագծի ճակատագրով: ՀՀ ԱԺ նախագահը գործընթացի իրականացմանը կողմ է, բայց նաեւ կողմ է, որ լրագրողը կամ լրատվամիջոցը մարդուն, քաղաքացուն, քաղաքական գործչին վիրավորելու եւ զրպարտելու համար գոնե ֆինանսական տուգանքի  ենթարկվի: Նա պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակցել խորհրդարանական լսումների կազմակերպմանը, կարծիքների եւ առաջարկների արդյունքում ունենալ նախագիծ, որը կբխի բոլորի շահերից:

Կատարված աշխատանքի արդյունքում որքանո՞վ է բարձրացել ԱԺ հեղինակությունը հասարակության շրջանում հարցի վերաբերյալ պարոն Աբրահամյանը կարծում է, որ ԱԺ աշխատանքն արդարացի գնահատելու դեպքում առաջընթացը ակնհայտ է:  «Իհարկե, ինձ չեն բավականացնում այդ արդյունքները եւ հնարավոր չէ մեկ տարի երեք ամիս աշխատելով` դերակատարություն բարձրացնել: Դա կախված չէ միայն Ազգային ժողովի նախագահից, դա կախված է բոլոր պատգամավորներից, մեր բոլորից: Տարբեր ծրագրեր կան, որ մենք փորձելու ենք 2010 թ-ին լիովին իրականացնել»: Նրա գնահատմամբ` ԱԺ պատգամավորը 48 օր աշխատում է Ազգային ժողովում, իսկ մնացած օրերին    պետք է հանդիպի ընտրողների հետ, լսի նրանց կարծիքները, առաջարկները, պետք է հրավիրի կառավարության համապատասխան անդամին, հարցը բարձրացնի, խնդիրը քննարկի եւ փորձի ներառել հաջորդ տարվա բյուջեի նախագծում:

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի` Ազգային ժողովի բակում եկեղեցի կառուցելու երբեմնի առաջարկի վերաբերյալ հարցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ եկեղեցի կառուցել պետք է: «Ես ինքս կառուցում եմ Արտաշատում իմ գործընկերների հետ միասին: Իսկ Ազգային ժողովում, այս պահի դրությամբ` դեմ եմ»:

«Եթե լիներ իրական Ձմեռ պապ, ի՞նչ կցանկանայիք 2010 թ. Ձմեռ պապիից» հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ձմեռ պապի նվերները նախօրոք չպետք է իմանալ, դա պետք է անակնկալ լինի: «Քանի որ իմ միակ որդին ամուսնացել է այս տարի, ուղղակի Ձմեռ պապից կխնդրեի  եւ կցանկանայի, որ որդիս արու թոռնիկ պարգեւի ինձ 2010 թ.-ին, որը կծառայի հայոց բանակում եւ կդառնա մեր պետության կայացման գործընթացի ակտիվ մասնակից»,- այսպիսի ցանկություն հայտնեց խորհրդարանի ղեկավարը: Նա ցանկանում է նաեւ, որ Ձմեռ պապը 2010 թ.-ին երկրին բերի խաղաղություն, հակամարտությունները լուծվեն խաղաղ ճանապարհով, որովհետեւ ոչ մի երկրի, ոչ մի ժողովրդի պատերազմը չի բերի հաջողություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am