National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.12.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
21.12.2006
Արտահերթ նստաշրջանում քննարկվեց ընտրական օրենսգիրքը

Դեկտեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «ԱԺ վերահսկիչ պալատի 2007 թվականի տարեկան ծրագիրը», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը, «Հաստատագրված վճարների մասին» եւ դրան առնչվող այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ռազմա կան ոստիկանության մասին» օրենդրական փաթեթները:

Շարունակվեցին նախորդ օրն ընդհատված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումները:

«Ազգային միաբանություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը: Ըստ նրա` նորմալ գործընթաց է յուրաքանչյուր համապետական ընտրություններից առաջ բարելավել ընտրական օրենսգիրքը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Նրա կարծիքով` փոփոխությունները կեղծիքների եւ չարաշահումների սողանցքները փակելու միտում ունեն: Նա կեղծիքների կանխման միջոց դիտարկեց ծրարների օգտագործումը, ընտրացուցակները հրապարակային դարձնելը, պատժամիջոցների կիրառումը: Պարոն Կարապետյանը նշեց, որ վստահված անձանց լիազորությունների մեծացումը կնպաստի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը: Նա փաստեց, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել օրինագիծը բարելավվելու համար, այդ աշխատանքներին մասնակցել է նաեւ ՕԵԿ-ը: Ըստ նրա` անթույլատրելի է առանց քվորումի ապահովման հանձնաժողովի նիստեր հրավիրել եւ անցկացնել քվեարկություն: Հովհաննես Մարգարյանը կարեւորեց նաեւ զինծառայողների քվեարկության եւ շրջիկ քվեատուփերի հարցը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արտահերթ ելույթում անդրադարձավ պատգամավորների դիտարկումներին եւ առաջարկություններին` ընդգծելով, որ «Ընտրական օրենսգրիրքը» չբարեփոխելը կարող է շահարկումներ առաջացնել: Նա պատգամավորներին հորդորեց ոչ թե բողոքել եւ գնահատականներ տալ, այլ աշխատել, ներկայացնել առաջարկություններ: Անդրադառնալով ընտրություններին միջազգային կազմակերպություններին հրավիրելու խնդրին` պարոն Թորոսյանը ճշտեց, որ խոչընդոտների ստեղծման բազում մեխանիզմներ կան, որոնք կապ չունեն հրավիրել-չհրավիրելու հետ, իսկ հրավիրելու հանգամանքն ամրագրված է` հստակեցնելու համար, թե ովքեր են հրավիրողները: ԱԺ նախագահը հիշեցրեց պատգամավորներին, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կոնվենցիաներ, որոնց համաձայն համապետական ընտրություններին պետքէ հրավիրել մի քանի միջազգային կազմակերպություններ:

Անդրադառնալով ընտրական հանձնաժողովներում քվորումի բացակայության պարագայում որո շման չընդունմանը եւ այդ պատճառով ընտրությունների ընթացքի անորոշությանը` Տիգրան Թորոսյանն առաջարկեց գտնել մեխանիզմներ որոշումներ կայացնելու, որպեսզի մարդիկ կարողանան գնալ Սահմանադրական դատարան, բողոքարկել այդ որոշումը, եւ որ ՍԴ-ն կամ հաստատի ընտրությունների արդյունքները կամ չեղյալ համարի. «Այսինքն մի գործընթաց, որ սկսվել է եւ մի քանի ամիս շարունակ ընթացել է երկրում, պետք է ավարտ ունենա` անկախ իր ելքից` դրական կամ բացասական: Սա մեխանիզմ է, որ հեղինակներն առաջարկում են կիրառել այդ փակուղուց դուրս գալու համար այն ժամանակ, երբ հանձնաժողովի անդամների զգալի մասը չի մասնակցի նիստին»: Խորհրդարանի նախագահը նշեց, որ անհրաժեշտ է բոյկոտի դեմ մեխանիզմներ ամրագրել «Ընտրական օրենսգրքում»: Տեղեկացվեց նաեւ, որ ընդունվել են ընդդիմության ներկայացուցիչների բազմաթիվ առաջարկություններ: Տիգրան Թորոսյանը գտնում է, որ այս նախագծով «Ընտրական օրենսգիրքը» չի ազատվելու բոլոր թերություններից:

ԱԺ նախագահի համոզմամբ` «Ընտրական օրենսգիրքը» այն փաստաթուղթը չէ, որը պետք է ձեւավորվի զիջումների կամ քաղաքական համաձայնությունների արդյունքում. այն պետք է լինի իրավական տեսանկյունից կատարյալ փաստաթուղթ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցման ներկայացված օրինագծի դրույթները հնարավոր չէր իրականացնել տեխնիկապես. այդ հանգամանքը մատնանշել են նաեւ միջազգային փորձագետները: Պարոն Նիկոյանը, անդրադառնալով հանձնաժողովների անդամների քվորումի խնդրին, նշեց, որ անթույլատրելի է որոշ մարդկանց անպարտաճանաչության պատճառով ձախողել համապետական ընտրությունները: Հիմնական զեկուցողը կարեւորեց ընտրողների համար փակ, գաղտնի քվեարկության ապահովումը: Պարոն Նիկոյանի կարծիքով` համամասնական ընտրակարգին անցնելը դեռ չի նշանակում քաղական դաշտի կայունացում:

Կազմակերպվեց նաեւ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Տեղեկացվեց, որ ընտրություններից 41 օր առաջ լիազոր մարմինը ԿԸՀ է ներկայացնելու ընտրացուցակները: Օրինագծով կանոնակարգվում է նաեւ ոստիկանների ընտրություններին մասնակցելու գործընթացը. ոստիկանները քվեարկելու են ոչ թե իրենց ընտրատեղամասում, այլ ծառայության վայրի: Ըստ հիմնական զեկուցողի` հարմար չէ զինծառայողների ցուցակները հրապարակել, քանի որ դա պետական գաղտնիք է եւ չպետք է վերահսկվի: Տեղեկացվեց, որ հետայսու զինվորները պետք է քվեարկեն ոչ թե զինվորական տեղամասերում, այլ սովորական ընտրատեղամասերում:

ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով` ՏԻՄ ընտրություններին քաղաքացիություն չունեցող, բայց բնակության վայր ունեցող անձանց ընտրական իրավունքի ապահովումը, ընտրատեղամասերում ընտրողների թիվը 2000 դարձնելը, վստահված անձանց իրավունքների ընդլայնումը, միջազգային դիտորդներին հրավիրելը, հանձնաժողովի անդամների պետական վարձատրությունը եւ ուսուցումը, շրջիկ քվեատուփերի կիրառումը եւ այլ փոփոխություններ կնպաստեն ընտրությունների արդար եւ թափանցիկ կայացմանը: Վիկտոր Դալլաքյանը նախագիծը որակեց հանձնաժողովի մեկ անդամով ընտրությունները կեղծելու մասին օրենսդրական նախաձեռնություն, նա առաջարկեց ԱԺ խմբերից եւ խմբակցություններից ստեղծել հավասարակշռված ընտրական հանձնաժողովներ, անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով էլ «Ընտրական օրենսգիրքը» հիմնարար նշանակություն ունի գալիք համապետական ընտրություններում: Նա անթույլատրելի է համարում օրինագծի հապճեպ ընդունումը, քանի դեռ քննարկման կարիք ունեն ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման, հանձնաժողովի անդամների քվորումի ապահովման, զինծառայողների քվեարկության եւ այլ հիմնահարցեր: Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ անհրաժեշտ է թույլատրել միջազգային կազմակերպություններին սեփական նախաձեռնությամբ դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանում:Գագիկ Մելիքյանն առաջարկում է նախագծից հանել 97 հոդվածի 4-րդ կետը: Նրա կարծիքով ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն գործող «Ընտրական օրենսգրքով», քանի որ ընտրությունների կազմակերպումը իրականացվել է դրանով: Նա անդրադարձավ նաեւ դատական ծառայողների ատեստավորման խնդրին: Մանուկ Գասպարյանը գտնում է, որ չպետք է փոփոխել օրենսգիրքը: Նա կողմնակից է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն: Պատգամավոր Կորյուն Առաքելյանի համոզմամբ էլ փոփոխությունները որեւէ նշանակություն չեն ունենալու գալիք ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գործում: Նա գտնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամների մասնակցությունը ուսուցման դասընթացներին պետք է հիմք ծառայի վկայական ստանալուն: Արամ Գասպարի Սարգսյանը կոչ արեց ԱԺ մեծամասնությանը գործնական քայլեր կիրառել ընտրակեղծիքները բացառելու համար: Նա առաջարկում է օրենսդրական փոփոխությամբ քվեատուփի հափշտակելը, արձանագրություն կեղծելը, կեղծված արդյունքները հաստատելը դիտարկել պետական հանցագործություն: Արշակ Սադոյանն առաջարկում է կիրառել վերահսկողության տեխնիկական միջոցներ` էլեկտրոնային վերահսկողության մեխանիզմ: Նա կարեւորեց նաեւ ընտրական գործընթացի տեսանկարահանումը:

ՄԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: Նրա համոզմամբ` օրենսգրքի փոփոխությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Նա հավաստեց, որ ՄԱԿ-ը պատասխանատվություն է ստանձնում 2007 թ. ընտրությունների արդար անցկացման համար: Տեղեկացվեց, որ սկսված է հանձնաժողովների կազմակերպման եւ ուսուցման գործընթացը. ՄԱԿ-ի 3000 անդամ մասնակցել է ուսուցման դասընթացներին: Ըստ պարոն Արսենյանի` հնարավոր չէ ունենալ կատարյալ ընտրական օրենսգիրք, ընտրությունների արդար, ազատ եւ թափանցիկ անցկացման համար կարեւորը քաղաքական կամքի դրսեւորումն է: ՄԱԿ-ը կողմ է քվեարկելու նախագծին:

«Ազգային միաբանություն» խմբակցության առաջարկությունները չեն ընդունվել աշխատանքային խմբի կողմից, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծի ընդունմանը: Ըստ խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանի` նախագծով իշխանությունները վերարտադրվելու նպատակ ունեն:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը բարձրաձայնեց Հովհաննես Մարգարյանը. խմբակցության վերջնական տեսակետը կախված կլինի նրանից, թե որքանո՞վ կընդունվեն ներկայացված առաջարկությունները աշխատանքային խմբի կողմից: Արդար ընտրությունների կազմակերպման գործում նա կարեւորեց համաժողովրդական կամքի դրսեւորումը: Առաջարկվեց կրկնակի քվեարկությունը բացառելու համար կնիք դնել անձնագրերում եւ զինվորական գրքույկներում:

«Գործարար» պատգամավորական խմբի տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Մեխակ Մխիթարյանը` փաստելով, որ օրինագծի ընդունման նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան արդար, ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումն է: Նա ընդգծեց, որ ընտրական նախկին մեխանիզմները չեն կարող գործել գալիք ընտրություններում, քանի որ քաղաքական ուժերը եւ հասարակությունը այլ կերպ են ընկալում ընտրական գործընթացները: Խմբակցության քարտուղարի համոզմամբ` մեր երկրում արդար ընտրություններն այլընտրանք չունեն: «Գործարար»-ը կողմ է քվեարկելու նախագծի ընդունմանը:

«Արդարություն» խմբակցությունը դեմ է օրինագծի ընդունմանը: Խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանի պնդմամբ` հասարակությունը չի հավատում արդար ընտրություններին, քանի որընտրակեղծարարները չեն պատժվում: Գելափի ինստիտուտի սոցոլոգիական հարցումներով Հայաստանի բնակչության 80 տոկոսը չի հավատում արդար ընտրություններին, իսկ 90 տոկոսը դեմ է իշխանություններին: Նա հավաստեց, որ «Արդարություն» խմբակցությունը պայքարելու է ընտրությունների արդար անցկացման համար:

ՀՀԿ խմբակցության տեսակետն էլ բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Դիմելով նախագիծը քննադատողներին` պարոն Սահակյանը նշեց, որ չի կարելի ընտրական օրենգիրքը դարձնել իշխանական կառույցների քննադատման թիրախ: Խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծի ընդունմանը:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելություններին, տեղեկացրեց, որտվյալ երկիրն է հրավիրում միջազգային կազմակերպություններին` ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու: ԱԺ նախագահն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս քաղաքացուն ընտրական տեղամասում անհիմն ձերբակալել, դրա համար լուրջ հիմքեր են պետք: Պարոն Թորոսյանը հիշեցրեց պատգամավորներին, որ բացի որոշ դեպքերից, Հայաստանում վարչական կալանքը վերացված է: Նրա կարծիքով` նման փոփոխություններով ամեն ինչ կատարյալ լինել չի կարող, բնական է` կլինեն թերություններ: ԱԺ նախագահի համոզմամբ` Հայաստանում քաղաքական կյանքի ճիշտ ընթացքի համար պատասխանատու են եւ իշխամետ, եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը, եւ անգամ այն կուսակցությունները, որոնք խորհրդարանում չեն: «Բոլորը պատասխանատվություն են կրելու եւ ավելի լավ է աշխատել: Իսկ խոսելու իրավունք ունեն նրանք, ովքեր աշխատում են»,- եզրափակեց Տիգրան Թորոսյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am