ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 17-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը:
Նա նշել է, որ նախագծով առաջարկվում է հրաժարվել ավելացված արժեքի հարկը սահմանի վրա գանձելուց, այլ այն պետական բյուջե մուտքագրելու ժամկետ սահմանել ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրվան հաջորդող 60-րդ օրը ներառյալ:
Հանձնաժողովի առաջարկով նախագծի հեղինակները առաջիկայում կներկայացնեն լրամշակված տարբերակ, որը հանձնաժողովում լրացուցիչ կքննարկվի եւ կքվեարկվի:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության նախագիծն հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվել է ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթով կարգավորվում են ՀՀ ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանվում է հասարակական միավորման առանձին տեսակ՝ «ՀՀ ճարտարապետների պալատը»:
Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ՀՀ ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» լրամշակված օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նույնպես կընդգրկվի ՀՀ ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում: