Մարտի 17-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի «Օհանյան» կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները:
Ավանդույթի համաձայն` հյուրերը նախ հետեւել են պատգամավորների օրենսդրական աշխատանքին ու ծավալած բանավեճին: Խորհրդարանական էքսկուրսն ամբողջացրել է բաց դասը, որը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Հանդիպման հենց սկզբից հաստատվել է ջերմ ու անմիջական մթնոլորտ: Վաղվա օրով մտահոգ կրտսեր սերունդն Արտակ Դավթյանին ուղղել է հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են երկրի ապագային: Արտակ Դավթյանը խոսել է սահմանադրական բարեփոխումներից, ներկայացրել խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատկություններն ու արդյունավետությունը: Երեխաների խնդրանքով նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին ու ղարաբաղյան հիմնախնդրին: Հնչեցված հարցերի առանցքում են եղել նաեւ կրթական ոլորտին առնչվող խնդիրներ: Ապագա ուսանողներին մասնավորապես հետաքրքրել է արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու կարգն ու պետության կողմից գերազանցիկներին ցուցաբերվող օժանդակությունը:
Ավարտին կրթահամալիրի աշակերտները նիստերի դահլիճում լուսանկարվել են Արտակ Դավթյանի հետ: