National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
14.03.2016
Մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը
1 / 10

Մարտի 14-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն, ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածու Կարեն Շախմուրադյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ` քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ հետաձգման մասին ԱԺ որոշման նախագիծը: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը:

Խորհրդարանն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած եւ նախորդ նիստում քննարկված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Այնուհետեւ Ազգային ժողովը շարունակել է քննարկել «ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը»: Հիշեցնենք, որ հիմնական զեկուցող, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախորդ նիստում ներկայացրել էր ընթացիկ տարում նախատեսված ծրագրերն ու 2015 թվականին իրականացված աշխատանքները` նշելով, որ 2016 թվականին եւս հանձնաժողովը շարունակելու է իրեն վերապահված ոլորտներում նախատեսված բարեփոխումները:

Ռոբերտ Նազարյանն անդրադարձել էր նաեւ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագնային քաղաքականությանը, գնումների արդյունավետությանը, սպառողների սպասարկման որակի ցուցանիշներին եւ առկա խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումներին:

Ծրագրի վերաբերյալ շարունակել են իրենց տեսակետները ներկայացնել ԱԺ պատգամավորները: Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանն անդրադարձել են ոլորտի հիմնախնդիրներին:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Մհեր Շահգելդյանը: Խմբակցության քարտուղարի խոսքով՝ ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակում քաղաքացիներին հետաքրքրում է մեր երկրում գների աճի հարցը, երբ հարեւան երկրներում, մասնավորապես Վրաստանում, գները ցածր են: Նա փաստաթղթին անդրադարձել է օրենդրական դաշտի շարունակական կատարելագործման տեսանկյունից եւ ներկայացրել բացթողումներն ու խնդիրները: Պարոն Շահգելդյանի կարծիքով՝ ծրագիրը եւ հաշվետվությունը պետք է տարբերակված ներկայացվեն:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ քննարկվող հարցը երկրի զարգացման հեռանկարին եւ ապագային է վերաբերում: Նա նշել է, որ ոլորտի փորձառու մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել. ոլորտի խնդիրների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ճիշտ քայլեր կատարելու դեպքում գազի եւ էլեկտրաէներգիայի գները կարելի է նվազեցնել առնվազն 25 տոկոսով: Պարոն Զուրաբյանը խոսել է նաեւ տնտեսական ոլորտի հիմնախնդիրների, մասնավորապես ոլորտում առկա կոռուպցիոն դրսեւորումների, ՀՀ-ում գազի կորուստների մասին:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը, ով խոսել է մենաշնորհների հաղթահարման եւ արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունից: Նա անդրադարձել է էներգետիկայի ոլորտի խնդիրներին, մասնավորապես Հայաստանի էլեկտրական ցանցերի վարկունակությանը, գազի սակագնի հաշվարկման մեխանիզմին, այս համատեքստում՝ Իրան-Հայաստան հարաբերությունների մասին: Նա կարեւորել է քիչ էներգատար արտադրությունների զարգացումը, անդրադարձել ազատ տնտեսական գոտիներում անհատ ձեռնարկատերերին եկամտային հարկի մասով արտոնություններ տալու խնդրին: ԲՀԿ-ի համար նման ծրագիրն անընդունելի է. նշել է ԲՀԿ ներկայացուցիչը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը խորհրդարանին փոխանցել է Վարդան Այվազյանը: Նա նշել է, որ քննարկումների ընթացքում խոսվել է ամեն ինչի մասին, բացի ծրագրից: Պարոն Այվազյանը հիշեցրել է գործընկերներին, որ գազի կորուստը ՀՀ-ում կազմում է 5.37 տոկոս, իսկ հարեւան Վրաստանում՝ 8.7 տոկոս: Պարոն Այվազյանը խոսել է Հայաստանում եւ Վրաստանում էլեկտրաէներգիայի որակի խնդիրներից, ազգաբնակչության եւ արդյունաբերության համար հատկացվող գազի սակագնից: Կարեւորելով համատեղ աշխատանքը՝ նա կոչ է արել գործընկերներին առաջարկություններ ներկայացնել՝ հնարավորություն տալով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին իրականացված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանել են պատգամավորներին հարցերին եւ առաջիկայում համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Նշենք, որ ծրագիրն Ազգային ժողովի կողմից ընդունվում է ի գիտություն:

Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Առաջարկվող փոփոխություններով միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական նոր հզորություններ, այդ թվում՝ արեւային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը՝ նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից: Դրա արդյունքում կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը՝ էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից եւ կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Փաթեթի վերաբեյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները: Արամ Մանուկյանը, խոսելով ոլորտի խնդիրներից, նշել է, որ Հայաստանում էներգետիկ համակարգը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ փաթեթի ընդունումը կարեւոր նշանակություն կունենա երկրի տնտեսական, էներգետիկ անկախության եւ անվտանգության ամրապնդման համար: Հովհաննես Մարգարյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ նշել, որ այն թույլ կտա էլեկնտրաէներգիայի բնագավառում ունենալ խնայողություններ, ինչպես նաեւ հարկային արտոնություններ կտրվեն իրականացնողին՝ նոր վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման ժամանակ: Հրանտ Բագրատյանը, կողմ լինելով նախաձեռնությանը, նշել է, որ նման օրենքները պետք է ընդունել ծրագրային դիտակետով:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արեգ Գալստյանը պարզաբանումներ է տվել ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորների եւ ՀՀ կառավարության կողմից համատեղ ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող եւ համահեղինակ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ, որն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Այս տեսանկյունից, ըստ պարոն Այվազյանի, Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: Ուստի, Վարդան Այվազյանի խոսքով` առաջարկվում է վերացնել այդ հակասությունը եւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:

Խորհրդարանը կշարունակի փաթեթի քննարկումը մարտի 15-ի ԱԺ նիստում:


14.03.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 14-ին ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը, որը Հայաստան այցից հետո լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-բելգիական եւ հայ-ֆլանդրիակա...

14.03.2016
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 14-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը եւ պատգամավոր Աղվան Վարդանյանը հանդիպել են Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է երկկողմ խորհրդարանական...

14.03.2016
Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատեւ արձակուրդում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատեւ արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաեւ բժշկական հետազոտություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am