ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մարտի 1-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի քաղաքական հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության դեպարտամենտի Հայաստանի պատասխանատու Ստեֆեն Էլգերսմայի հետ:
Կորյուն Նահապետյանը նշել է, որ Հայաստանը եվրատլանտյան կառույցների հետ համագործակցության շրջանակում շարունակում է բարեփոխումները պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում: Նա հավելել է, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) մնում է կարեւոր շրջանակ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության համար: Պարոն Նահապետյանն այս համատեքստում առանձնացրել է ԱԳԳԾ շրջանակում իր գլխավորած հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները` զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության ընդլայնում, պաշտպանության եւ անվտանգության ոլորտների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ամրապնդում, հանձնաժողովի կարողությունների բարելավում, պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության մշակման գործընթացներին քաղաքացիական հասարակության ներգրավվում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, սահմանադրական փոփոխություններին համապատասխան նոր օրենսդրության ձեւավորման աշխատանքներին: Կորյուն Նահապետյանի խոսքով` պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում եւս նոր օրենքներ պետք է ընդունվեն, որոնք ուղղված պետք է լինեն զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը եւ բարեվարքության ամրապնդմանը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Սահմանադրությամբ հիմքեր են ստեղծվել պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում խորհրդարանական վերահսկողության, մասնավորապես կառավարության հաշվետվողականության բարձրացման եւ հանձնաժողովի վերահսկողական գործիքակազմի կատարելագործման համար:
Ստեֆեն Էլգերսման խոսել է այցի նպատակի մասին, ներկայացրել իր տեսակետը Հայաստանի կողմից ԱԳԳԾ շրջանակում իրականացվող աշխատանքի վերաբերյալ` բարձր գնահատելով գրանցված արդյունքները եւ իրականացվող բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել նպաստելու ԱԳԳԾ-ի արդյունավետ իրականացմանը եւ շարունակականությանը` կարեւորելով պաշտպանության եւ անվտանգության ոլորտների օրենսդրական բարեփոխումները: