National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.10.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 14

Հոկտեմբերի 27-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող «Երիտասարդությունը` ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված տարբեր մարզերի աշակերտներին:

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

ԱԺ պատգամավորները շարունակել են ելույթ ունենալ «2014 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի վերաբերյալ:

Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ հաշվետու տարում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց չի արձանագրվել: Խոսելով զեկույցի բովանդակությունից եւ կառուցվածքից՝ Հովհաննես Սահակյանը կարեւորել է զեկույցի կառուցվածքն օրենքով սահմանելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը կարեւոր է համարել, որ ՄԻՊ-ն իր զեկույցներում հետեւողականորեն բարձրաձայնում է 2008 թվականի մարտիմեկյան սպանությունների բացահայտված չլինելը որպես ՀՀ-ի համար կարեւորագույն նշանակություն ունեցող խնդիր: Կարինե Աճեմյանի կարծիքով՝ վերջին տարիների ընթացքում բարձրացել է ՄԻՊ ինստիտուտի հեղինակությունը եւ մեծացել է կառույցի հանդեպ հասարակության վստահությունը: Էլինար Վարդանյանը մտահոգություն է հայտնել զեկույցում ներկայացված կրկնվող խախտումների գոյության վերաբերյալ: Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ ՄԻՊ-ի՝ մարդու իրավունքների ամենատարբեր ոլորտներում արձանագրած խախտումները բավարար են, որպեսզի մյուս կառույցները կարողանան լուծել բարձրացված խնդիրները: Սամվել Ֆարմանյանն իր բացասական տեսակետն է ներկայացրել զեկույցի վերաբերյալ: Միքայել Մելքումյանը խոսել է ՄԻՊ գրասենյակի հանդեպ հանրության վստահության խնդրից, հասարակական հնչեղության հարցերի վերաբերյալ ՄԻՊ-ի միջամտության անհրաժեշտությունից: Նա ներդրողների շահերը պաշտպանելու տեսանկյունից կարեւորել է բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Չափազանց կարեւոր համարելով թե՛ ՄԻՊ ինստիտուտը եւ թե՛ զեկույցը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն ներկայացնում է մեկ տարում երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերի պատկերը: Ըստ տիկին Նաղդալյանի՝ փաստաթղթում երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, պատմամշակութային ողջ պատկերն է բացվում: Նշվել է, որ ՄԻՊ զեկույցը ցուցիչ է ոչ միայն ժողովրդավարության վիճակի, այլեւ բոլոր ոլորտներում առկա իրավիճակի: «Լսելով բոլոր ելույթները, ՄԻՊ-ին ներկայացվող պահանջները, առաջարկները, խորհուրդները, հորդորները, իշխանության հետ կամ ընդդիմության հետ ու ընդդիմություն լինելու, կամ էլ? բոլորին ընդդիմություն լինելու կոչերը, Կարեն Անդրեասյանի ելույթն ու պատասխանները պատգամավորների հարցերին, ինձ չի լքում այն զգացողությունը, որ մենք ունենք օրենսդրական բաց, կամ օրենսդրական անկատարություն, ավելի ճիշտ? ՄԻՊ-ի մասին օրենքի լրացման կամ կատարելագործման անհրաժեշտություն»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ ՄԻՊ ինստիտուտը չի գործում, որ տարեկան զեկույցներ կազմի, այլ գործում է, որ հնարավորինս նվազեցնի մարդու իրավունքների խախտման դեպքերը: Նշվել է, որ զեկույցն իսկապես բարելավվել է, նկատելի է նրա ազդեցությունը գործադիրի աշխատանքների վրա եւ դա արտահայտվում է բազմաթիվ ոլորտներում մարդու իրավունքների խախտումների դինամիկայով, դրանց նվազմամբ, բազմաթիվ խնդիրների լուծմամբ: Տիկին Նաղդալյանն ընդգծել է այն հսկայական աշխատանքը, որ կատարել եւ կատարում է Պաշտպանի անձնակազմը՝ դրանք են՝ արժեքավոր ուսումնասիրությունները, օպերատիվ գործողությունները բազմաթիվ քաղաքացիների կյանքում տեղ գտած խնդիրների լուծման, խախտված իրավունքների վերականգման եւ պաշտպանության ուղղությամբ:

Արտահերթ ելույթ է ունեցել նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով զեկույցի վերաբերյալ մի քանի օր տեւած քննարկումների ընթացքում հնչած ելույթներին՝ պարոն Շարմազանովը ճիշտ չի համարել, երբ որոշ ելույթներում փորձ է արվել Պաշտպանին ներքաշել ներքաղաքական պայքարի թատերաբեմ կամ քննարկումն առիթ դարձնել սեփական կուսակցության անունը հնչեցնելու համար: Խոսելով ոստիկանների վերաբերյալ հնչեցրած արտահայտություններից՝ փոխնախագահը չի բացառել, որ ուժային համակարգում կան խնդիրներ, սակայն նշել է, որ ոստիկանությունը, ընդունելով օմբուդսմենի դիտողություններն ու առաջարկները, պատրաստակամություն է հայտնել լսելու դիտողությունները՝ ավելի բարելավելու վերջինիս աշխատանքը: Համեմատելով ՄԻՊ ինստիտուտի դերը, իրականացրած աշխատանքը, ստացված բողոքները, հասարակության վստահության ավելացումը՝ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ այսօր թե ՄԻՊ ինստիտուտն է ավելի կատարելագործված եւ թե երկրում ժողովրդավարացման մակարդակն է ավելի բարձրացել: Որպես ԱԺ փոխնախագահ եւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ Էդուարդ Շարմազանովը ՄԻՊ-ի հետ արդյունավետ աշխատելու պատրաստակամություն է հայտնել:

Զեկույցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ ծավալուն, գրագետ եւ լրջորեն ուսումնասիրված զեկույց է ներկայացված, որի վերաբերյալ պետք է կառուցողական քննարկում իրականացնել եւ կոնկրետ առաջարկներով օգնել Պաշտպանին խնդիրների լուծման հարցում, այլ ոչ թե դատափետել նրան: Նա անդրադարձել է ընտրական իրավունքի իրացման հարցում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ԴԱՀԿ, առողջապահության, արդարադատության համակարգերում առկա խնդիրներին:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հիշեցրել է գործընկերներին, որ Պաշտպանը գործել է իր մանդատի շրջանակում: Նա կարեւորել է իրավունքի գերակայության սկզբունքի ապահովումը, ինչին երկօրյա քննարկումների ընթացքում անդրադարձ չի եղել: Պարոն Մինասյանը խնդրին անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների շրջանակում՝ նշելով, որ մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ոչ բավարար մակարդակով պաշտպանության պատճառը նաեւ սահմանադրական թերի կարգավորումներն են: Այս համատեքստում նա կարեւորել է սահմանադրական բարեփոխումները: ՀՅԴ խմբակցությունը դրական է գնահատել ՄԻՊ-ի զեկույցը:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է ՄԻՊ-ի կողմից համակարգային խնդիրների վերհանման եւ դրանց լուծման մեխանիզմների մատնանշման, խախտումների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առաջարկ ներկայացնելու հարցում Պաշտպանի լիազորությունների պակասի խնդրին: Նա այս համատեքստում անդրադարձել է զեկույցի վիճահարույց որոշ կետերի:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ մեր երկրում խախտված է արդարության սկզբունքը եւ այդ համատեքստում հասկանալի են դառնում երկօրյա բուռն քննարկումները: Տիկին Զոհրաբյանի խոսքով՝ զեկույցում մատնանշված են խնդիրները, սակայն բացակայում են դրանց լուծման ուղիները: Նա անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում կալանավորների իրավունքների խախտմանը, կարեւորել հասարակական հնչեղության հարցերի ժամանակ Պաշտպանի կամ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների միջամտությունը: Խմբակցության ղեկավարն առաջարկել է իր գլխավորած խմբակցության եւ հանձնաժողովի աջակցությունը խնդիրների լուծման հարցում:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Խոսրով Հարությունյանը: Նրա գնահատմամբ՝ խնդիրը խախտումների մեջ չէ, այլ դրանց արձագանքելու համակարգային մոտեցման: Պարոն Հարությունյանի համոզմամբ՝ զեկույցում ոլորտ առ ոլորտ արձանագրված խախտումները հետագայում կարող են ԱԺ հանձնաժողովների համար քննարկումների թեմա դառնալ՝ այդկերպ նպաստելով նաեւ հանրության շրջանում Պաշտպանի դերի բարձրացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն, քննադատաբար վերլուծելով ՄԻՊ տարեկան զեկույցը, արձանագրում է, որ ինստիտուտն անցնում է կայացման յուրահատուկ հանգրվան եւ կառույցի կայացման համար նպաստավոր պայմաններ կստեղծի նոր Սահմանադրության ընդունումը՝ ապահովելով քաղաքական եւ իրավական անշրջելի երաշխիքներ Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել են պատգամավորների առաջարկներին եւ մտահոգություններին:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի եւ Գագիկ Մելիքյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հովհաննես Սահակյանը նշել է, որ քաղաքացու ընտրական իրավունքը՝ որպես սահմանադրական իրավունք, չի կարող սահմանափակվել, եթե վերջինս ներկայացնում է պետության կողմից ճանաչված եւ իր անձը հաստատող միակ փաստաթուղթը` նույնականացման քարտը: Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ նպատակ ունենալով ապահովելու նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:


27.10.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 27-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը՝ ներգրավված հասարակության մեջ» բանավեճի ակումբի անդամները: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին: Ա...

27.10.2015
ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի համագործակցության արդյունքում մշակվել են մի շարք ուղեցույցներ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) սերտ համագործակցության արդյունքում մշակվել է երեք ուղեցույց, որոնք կնպաստեն ՀՀ ԱԺ խորհրդարանական լսումների ընթացակարգի, խորհրդարանական էթիկայի նորմերի ընկալման եւ ընտրողն...

27.10.2015
Տեղի է ունեցել հիշատակի արարողություն
Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի 16-րդ տարելիցը: Ողբերգական իրադարձության տարելիցի կապակցությամբ այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am