Հոկտեմբերի 20-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկել է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախագծի նպատակն է հստակեցնել խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն եւ վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող հարաբերությունների իրավակարգավորումները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ խնամքի նպաստի եւ ծառայության կողմից վճարվող այլ դրամական վճարների վճարմանն առնչվող հարաբերությունների նույնականացման նպատակով, նախագծով առաջարկվում է որպես խնամքի իրավունք տրվող պայման սահմանել ծնողի եւ երեխային ՀՀ բնակչության պետական ռեգիստրում նույն վայրում հաշվառումը:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ հստակեցվել է նաեւ, որ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկանք չի ներկայացվում, եթե տեղեկատվությունը ներառված է համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական բազայում: Սահմանվել է նաեւ, որ երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը նշանակվում է այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: