National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
18.09.2015
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
1 / 12

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի նախաձեռնած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, Ազգային ժողովի բակում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված «Անկախ սերունդ, առողջ սերունդ՝ հեծանվավազք ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը եւ բոլոր քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու միջոցառմանը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի սեպտեմբերի 18-ին հրավիրված արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը՝ որով առաջարկվում է արտահերթ նիստի աշխատանքները շարունակել մինչեւ օրակարգային հարցի սպառումը՝ յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը սահմանելով կես ժամ:

Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ շարունակել են ելույթ ունենալ ԱԺ պատգամավորները:

Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում արդարացված չէ Սահմանադրության փոփոխությամբ խնդիրների լուծումը: Նրա խոսքով՝ «Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում միայն արդարացված կլինի անցումը կառավարման խորհրդարանական մոդելին:

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն ո?չ իշխանության, ո?չ իշխող քաղաքական ուժի, ո?չ էլ առանձին վերցրած որեւէ կուսակցության համար: Ըստ ԱԺ նախագահի, դրանք կենսական անհրաժեշտություն են երկրի հասարակության եւ քաղաքական ուժերի ապագայի համար ու խոսքը բնավ վաղվա կամ մյուս օրվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճության համար պնդում են որոշ քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների մշտական հաճախորդներ: Գալուստ Սահակյանի դիտարկմամբ՝ Սահմանադրության փոփոխությունները հետապնդում են շատ հստակ եւ կոնկրետ նպատակներ՝ շարունակել Հայաստանում կայուն ժողովրդավարական համակարգի, իշխանության թեւերի բաժանման ու հավասարակշռման վրա հիմնված պետական կառավարման արդյունավետ կառուցվածքի ձեւավորումը, ինչպես նաեւ ապահովել սահմանադրական հիմքեր՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համար: Նաիրա Կարապետյանն անդրադարձել է այն թյուր կարծիքին, թե իբր Սահմանադրության փոփոխությունների նախագծում խրախուսվում է միասեռականների ամուսնությունը: Պատգամավորը եւս մեկ անգամ նշել է, որ նախագծով միայն տղամարդու եւ կնոջ միջեւ կարող է կնքվել ամուսնություն, ինչն էլ գտնվում է պետության հոգածության ներքո: Պատգամավորը սա որակել է միտումնավոր քայլ՝ հակադրվելու համար Սահմանադրությանը:

Խոսրով Հարությունյանն անդրադարձել է հայեցակարգային մի շարք խնդիրների: Նրա խոսքով՝ Սահմանադրության նախագիծը երաշխիքներ է ստեղծում հանրային կյանքի ժողովրդավարացման համար: Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ մի երկրի համար, որը չունի բնական ռեսուրսներ, ժողովրդավարությունն ու ազատությունը անվերապահորեն անգնահատելի ռեսուրսներ են: Արաիկ Հովհաննիսյանը բնական է համարել սահմանադրական բարեփոխումների շուրջ թեժ քննարկումները, որոնք, ըստ նրա, հանգեցրել են նոր գաղափարների եւ առաջարկների ի հայտ գալուն: Նրա կարծիքով՝ Սահմանադրության փոփոխությունը կարեւոր է հատկապես քաղաքացիների՝ երկրի կառավարման գործընթացին ներգրավվածության ընդլայնմամբ: Իշխան Խաչատրյանը նշել է, որ այսօր սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Ըստ պատգամավորի՝ մեր երկրի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերների առկայության պայմաններում կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտություն չկա: Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բնական է համարել սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթացող բուռն քննարկումները, քանի որ խնդրո առարկան, ըստ ԱԺ փոխնախագահի, պետության հիմնաքարն է, որից բխում են մնացած օրենքները: Նրա խոսքով՝ Սահմանադրության բարեփոխումները լոկ իրավական գործընթաց չէ, այլ իրավաքաղաքական, քանի որ ձեւավորվում են պետության եւ հասարակության կենսագործունեության արժեհամակարգային կողմնորոշիչները եւ քաղաքական ռազմավարական նպատակները: Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը, ըստ ԱԺ փոխնախագահի, կայացել է եւ ստացվել, քանի որ եղել են տասնյակ գաղափարական ելույթներ, առաջարկներ, որոնք որոշակիացրել են եւ գործուն են դարձրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունները բարձր հիմքի վրա են, իսկ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան կայացել է: Պատգամավոր Կարինե Աճեմյանն առաջարկներ է ներկայացրել հատկապես կրթությանը, մշակույթին, առողջապահությանը վերաբերող հոդվածներում: Պատգամավորը կողմ է խորհրդարանական կառավարման մոդելի անցնելուն՝ նկատելով, որ այդ դեպքում Ազգային ժողովը կլինի ավելի ակտիվ եւ էլ ավելի կմեծանա պատասխանատվությունը: Հայկ Բաբուխանյանի խոսքով՝ բոլոր համակարգերում էլ կան թերություններ, դժվարություւններ, եւ համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն կա: Նա անդրադարձել է գործընկերների քննադատական հարցադրումներին եւ պարզաբանել իր տեսակետը, ըստ որի, գործող Սահմանադրությունն ունի որոշ թերություններ եւ այն անհրաժեշտ է բարեփոխել: Արտաշես Գեղամյանը եւս իր ելույթում անդրադարձել է գործընկերների հարցադրումներին եւ պարզաբանումներ տվել: Նրա գնահատմամբ՝ Սահմանադրության փոփոխությունները Հայաստանում էապես բարելավելու են ժողովրդավարությունը: Վահրամ Մկրտչյանի դիտարկմամբ՝ Սահմանադրության բարեփոխումների արդյունքում կունենանք որակապես նոր Հայաստան. առավել պաշտպանված եւ արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացիներ, անկախ եւ անաչառ դատարաններ: Մհեր Շահգելդյանը տեղեկացրել է, որ ի սկզբանե «Օրինաց երկիր» խմբակցությունը նպատակահարմար չի համարել Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելը, սակայն, ելնելով իրողությունից՝ մասնակցում է քննարկումներին եւ ներկայացնում իր առաջարկներն ու տեսակետները: Թեւան Պողոսյանը խոսել է հանրապետությունում տեղի ունեցած ընտրական գործընթացներից՝ նշելով, որ դրանց արդյունքում կորել է մարդկանց հավատը ընտրությունների նկատմամբ: Նրա կարծիքով՝ գործող օրենքները չեն խանգարում իրականացնել այն նպատակները, որոնք ցանկություն կա իրականացնելու Սահմանադրության փոփոխությունների արդյունքում: Լեւոն Մարտիրոսյանը բարձր է գնահատել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքը, անդրադարձել քաղաքական կուսակցությունների գործունեությանն ու վերարտադրության խնդրին՝ այն համարելով բնական եւ ընդունելի նպատակ: Նա առաջարկել է հանել «մեռելածին» դրույթները եւ ավելացնել դրույթներ, որոնք կբխեն մեր իրականությունից: Զարուհի Փոստանջյանը քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, կարծիք հայտնել, որ իշխանությունների նպատակը բացառապես վերարտադրվելն է: Նա խոսել է ՀՀ արտաքին պարտքից, արտագաղթից, սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու՝ իշխանության հեռահար նպատակներից եւ այլն: Սամվել Ֆարմանյանն էլ կարծում է, որ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հայաստանում անշրջելի կդառնան ժողովրդավարացման գործընթացները, իսկ խորհրդարանական կառավարման մոդելին անցումը կնպաստի կուսակցական համակարգի կայացմանը: Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագրային դրույթներում առաջնային տեղ է հատկացվել Սահմանադրության փոփոխությունների իրականացմանը, ուստի ինքը դրական է վերաբերվում առաջարկվող փոփոխություններին՝ այն է՝ խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը: Մարգարիտ Եսայանն անհրաժեշտ է համարել Սահմանադրության փոփոխություններն ու Սահմանադրության կատարելագործումը, խորհրդարանական կառավարման մոդելին անցումը, խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ձեւավորումը եւ այլն: Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ ներկայացրել է իր առաջարկները եւ ցանկանում է, որ Հայաստանն ունենա ավելի լավ Սահմանադրություն: Պատգամավորը հորդորել է իշխանություններին ապահովել թափանցիկ եւ արդար հանրաքվեի անցկացում: Գագիկ Մինասյանի կարծիքով՝ նախագծով ավելանում են խորհրդարանի վերահսկողական գործառույթները, իսկ կառավարման համակարգի փոփոխման արդյունքում հնարավոր է դառնում վերացնել մենաշնորհը, Ըստ պատգամավորի՝ ժողովուրդը ողջախոհ կգտնվի եւ «այո» կասի Սահմանադրությանը:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է Զարուհի Փոստանջյանը: Նա տեղեկացրել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է ՀՀ Նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, որի նպատակը, ըստ պատգամավորի, երկրում կուսակցապետության ստեղծումն է: Տիկին Փոստանջյանը համոզմունք է հայտնել, որ երկրի համար օրակարգայինը ոչ թե սահմանադրական բարեփոխումներն են, այլեւ իշխանափոխությունը եւ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ Հովհաննես Մարգարյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումները կարեւոր նշանակություն ունեն ցանկացած երկրի, այդ թվում՝ ՀՀ-ի համար: Սակայն այս պահին, ըստ պատգամավորի, Հայաստանում չկա սահմանադրական փոփոխություններ կատարելու քաղաքական եւ հասարակական պահանջ: Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ ներկայացված նախագիծը հակասում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Պատգամավորը հորդորել է իշխանություններին չցուցաբերել շտապողականություն եւ եւս մեկ անգամ կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ քննարկումներ: Հովհաննես Մարգարյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ խմբակցության առաջարկները եւ մտահոգությունները: Նա նշել է, որ խմբակցությունը կներկայացնի առաջարկներ, որոնց ընդունումից հետո խմբակցությունը կհայտնի իր վերջնական դիրքորոշումը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նախ շնորհակալություն է հայտնել մասնագիտական խմբին մեծածավալ աշխատանք կատարելու համար, ապա նշել, որ խմբակցությունն աշխատել է հանձնաժողովի հետ եւ արդյունքում նախագծում ընդգրկվել են իրենց հիմնական առաջարկները: Պատգամավորն անդրադարձել է այն առավելություններին, որոնք առաջարկվում են ներկայացված նախագծով: Ըստ խմբակցության ղեկավարի՝ նախագծով ապահովվում է ավելի բարձր ժողովրդավարություն ՝ նրա բոլոր տեսակների մեջ: ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խոսելով երկրի անվտանգության խնդիրներից, համոզմունք է հայտնել, որ առաջարկվող կառավարման մոդելի փոփոխությունը համարժեք չէ երկրի անվտանգության դեմ սպառնալիքներին: Պատգամավորն առաջարկել է երկրի առողջացման համար Սահամանդրությունը փոխելու փոխարեն հրաժարական տալ` միանգամից բացելով Սահմանադրության դուռը դեպի ժողովրդավարություն: Ըստ խմբակցության ղեկավարի՝ հանրաքվեի դրվելու է երկրի մենաշնորհացմանը «այո ասելը»: Պատգամավորը կոչ է արել հանրությանը «ոչ ասել» նախագծին:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միաքայել Մելքումյանը: Նա նախ արձագանքել է ԲՀԿ-ի հասցեին ուղղված քննադատություններին` ասելով, որ ԲՀԿ-ն երկու տարի առաջ քաղաքական կոնսուլտացիաներ էր սկսել սահմանադրական փոփոխությունների շուրջ եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել: Պատգամավորը խոսել է վերջին տարիների տնտեսական եւ սոցիալական բեկումներից, նախագծով առաջարկվող կառավարման մոդելի փոփոխությունից: Ըստ Միքայել Մելքումյանի՝ իրականության մեջ գերկատարյալ փաստաթղթեր չեն լինում, ուստի պետք է գնալ փոխզիջման: ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն աննախադեպ է համարել խորհրդարանում մի քանի օր տեւած քննարկումները: Նա ողջունել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ քննարկումներին ակտիվ մասնակցելու համար: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է որոշ ելույթների եւ տվել քաղաքական գնահատականներ: Նշվել է, որ խմբակցությունը 1 տարուց ավել քննարկել է առաջարկվող փոփոխությունները, ներկայացրել է իր առաջարկները: ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին:

Եզրափակիչ ելույթում Հովհաննես Սահակյանն ընդգծել է, որ բոլոր ելույթ ունեցողները փաստել են մասնագիտական խմբի՝ մեծածավալ աշխատանք կատարելու հանգամանքը: Պատգամավորը նշել է, որ համակարգային փոփոխություններ հնարավոր է իրականացնել միայն Սահմանադրության միջոցով: Հովհաննես Սահակյանը շնորհակալություն է հայտնել Վարդան Պողոսյանին՝ պատգամավորների՝ 100-ից ավելի հարցերին մանրամասն պատասխանելու եւ նախագծի դրույթները մեկնաբանելու համար: Նա վստահություն է հայտնել, որ հետագա աշխատանքը կլինի նույնքան բովանդակալից:

Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար՝ նշելով, որ պատգամավորների եւ խմբակցությունների հնչեցրած առաջարկները հետապնդել են մեկ նպատակ՝ առավել բարեփոխված տեսնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ունենալ այնպիսի Սահմանադրություն, որը կծառայի երկար ժամանակ եւ անհրաժեշտություն չի լինի կրկին փոփոխություններ ձեռնարկելու: Վարդան Պողոսյանն անդրադարձել է նաեւ քառօրյա քննարկումների ընթացքում հնչած հարցադրումներին եւ պնդումներին, տվել պարզաբանումներ, նաեւ նշել, որ դրանցից շատերը բացարձակապես առնչություն չեն ունեցել քննարկվող նախագծի հետ: Հիմնական զեկուցողը հորդորել է առաջիկա օրերին, եթե կլինեն այլ առաջարկներ, դրանք եւս ներկայացնել մասնագիտական հանձնաժողովին, որը կքննարկի դրանք եւ ընդունելի լինելու պարագայում կներառի նախագծում: Վարդան Պողոսյանը խորհրդարանին առաջարկել է նախագծի քվեարկությունը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ կազմակերպել հաջորդ քառօրյա նիստի ընթացքում:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


18.09.2015
Տեղի կունենա «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը
ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված կազմակերպում են «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը: Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, Իսակովի պողոտա 27/8 հասցեում գտնվող հեծա...

18.09.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, կարեւորել է երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը, երկու երկրների միջխորհրդարանական կապերի հետագա խո...

18.09.2015
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը սեպտեմբերի 18-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ : Ողջունելով հյուրին՝ Էլինար Վարդանյանը ներկայացրել ...

18.09.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 18-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի դերը Հայաստանում ժողովրդավարական գործընթաց...

18.09.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ
«Հարգելի գործընկերներ, արդեն մի քանի ամիս է քաղաքական ուժերի ու հասարակության քննարկումների կարեւորագույն թեման սահմանադրական բարեփոխումներն են: Բնականաբար, գործընթացը պետք է ուղեկցվեր բուռն քննարկումներով, քանի որ բանավեճը երկրի, պետության եւ հասարակության զարգացման իրավական հիմքերի շուրջ է: Սահման...

18.09.2015
Կորյուն Նահապետյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենին
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ռազ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am