National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.09.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 5

Սեպտեմբերի 11-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը: Նա նշել է, որ ՀՀ Նախագահը օգոստոսի 21-ին Ազգային Ժողով է ներկայացրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որի վերաբերյալ հանրային քննարկումներ են կազմակերպվել, ԱԺ հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ընթացքում եւս հարցը մանրամասն քննարկվել է, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ: Պարոն Պողոսյանի խոսքով՝ նախագիծը նախատեսում է լայնածավալ փոփոխություններ Սահմանադրության տեքստում, սակայն որեւէ փոփոխության չեն ենթարկվում հիմնարար դրույթները, որոնք անփոփոխ են եւ կարող են փոփոխվել միայն նոր Սահմանադրության ընդունման պարագայում: Առանցքային խնդիրներից է կառավարման համակարգի բարեփոխումը, ուստի հանձնաժողովն առաջարկել է գործող կիսանախագահական կառավարման ձեւից անցնել պառլամենտական կառավարման համակարգի:

Նշվել է, որ հիմնական իրավունքների բնագավառում փոփոխությունները նպատակ ունեն ուժեղացնելու անհատի իրավական դերը պետությունում, մեծացնելու նրա ազատությունները, հստակեցնելու սահմանափակումների այն շրջանակը, որն անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական հասարակությունում եւ սահմանելու սահմանափակումների նկատմամբ այն պահանջները, որոնք ընդունված են իրավական ցանկացած պետությունում: Նախագահի ներկայացուցիչը նշել է, որ կառավարման համակարգի բարեփոխումները միտված են շարունակելու այն հիմնախնդիրների լուծումը, որոնք առաջադրվել էին դեռեւս 2005 թ. բարեփոխումների գործընթացում: Սահմանադրության փոփոխությունների նախագծի կարեւոր առանձնահատկություններից է կառավարման գործընթացում ժողովրդի անմիջական մասնակցության ուժեղացումը: Առաջարկված նախագծով Սահմանադրության հիմնարար հատվածների փոփոխությունների համար անհրաժեշտ է խորհրդարանի փոխհամաձայնությունը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդի առկայությունը: Կարեւոր փոփոխություններ են իրականացվում վերազգային կազմակերպություններին միանալու եւ տարածքային ամբողջականության խնդիրների հետ կապված. առաջարկվում է նման հարցերի վերաբերյալ վերջնական լուծման իրավունք վերապահել ՀՀ ժողովրդին: Պառլամենտական կառավարման համակարգը, ըստ պարոն Պողոսյանի, հնարավորություն կտա, որ երկիրն առավել ճկուն արձագանքի այն մարտահրավերներին, որոնք տեղի են ունենում երկրի ներքին քաղաքական կյանքում: Այն նաեւ հնարավորություն կտա, որ անհրաժեշտության պարագայում կառավարությունը փոփոխվի եւ առավել համահունչ լինի տվյալ պահին երկրում իշխող հասարակական տրամադրություններին:

Վարդան Պողոսյանն անդրադարձել է նաեւ ընդդիմության լիազորությունների ընդլայնմանը, միջազգային կառույցների՝ մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը, ինչպես նաեւ՝ սահմանադրական բարեփոխումների առանցքային դրույթներին: Ընդդիմության իրավունքների ընդլայնման տեսանկյունից ամենակարեւոր փոփոխությունը քննիչ հանձնաժողովների ստեղծման դրույթն է: Քննիչ հանձնաժողովներ կարող են ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով:

Վարդան Պողոսյանն ընդգծել է, որ ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել ԱԺ խմբակցությունների հետ եւ քննարկել նախագիծը՝ կառուցողական երկխոսության պատրաստակամություն հայտնելով: Նա նշել է, որ ինքը եւս՝ որպես ՀՀ Նախագահի ներկայացուցիչ, հանդիպել է ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունների հետ: Ավարտելով խոսքը՝ պարոն Պողոսյանը հույս է հայտնել, որ ընդունվելու պարագայում Սահմանադրության նոր նախագիծը լիարժեքորեն կապահովի երկրի իրավական եւ ժողովրդավարական զարգացումը, ինչը Սահմանադրության հիմնական նպատակն է:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին, որոնք վերաբերել են քննիչ հանձնաժողովների ստեղծմանը, պատգամավորների թվի հստակեցմանը, պատգամավորների կողմից կառավարությանը գրավոր հարցերով դիմելու ժամկետներին, խորհրդարանական ընտրությունների՝ երկրորդ փուլով անցկացման ժամկետներին, նախագահական եւ կիսանախագահական կառավարման համակարգերի առավելություններին եւ թերություններին, ԿԲ խորհրդի կազմավորման կարգին եւ այլ խնդիրների:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ նախագիծը լայնորեն քննարկվել է, մի շարք առաջարկներ են ներկայացվել: Նա նշել է, որ նախագիծն առաջընթաց կապահովվի մի շարք ոլորտներում: Նա անդրադարձել է նաեւ փոքր կուսակցությունների վերահսկողական մեխանիզմների ավելացման եւ մասնակցության ապահովման խնդրին: Նշվել է, որ ՀՀ կառավարությունը եւ ԱԺ իրավաբանական վարչությունը ներկայացրել են դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է դրական եզրակացություն տալ Սահմանադրության փոփոխությունների նախագծին:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Գագիկ Ջհանգիրյանը, հղում կատարելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության որոշ դրույթների, համոզմունք է հայտնել, որ նախագծով ոչ միայն չի լուծվում քաղաքական մենաշնորհի հաղթահարման խնդիրը, այլեւ դառնում է սահմանադրական սկզբունք: Պարոն Ջհանգիրյանը դեմ է քվեարկելու նախագծին: Խոսելով քաղաքական մենաշնորհի հաղթահարման խնդրից՝ Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ գործող Սահմանադրությամբ եւս մենաշնորհի վերացման խնդիրը լուծված չէ, ուստի առաջարկվում է փոփոխություններ կատարելու հնարավորություն: ՀՅԴ-ն կողմ է փոփոխություններին եւ գտնում է, որ առաջարկվող քաղաքական լուծումները հնարավորություն կտան երկրում ձեւավորել բազմակարծության մթնոլորտի վրա հիմնված, ազատ ընտրությունների համակարգի միջոցով ձեւավորված խորհրդարան, որը կձեւավորի գործադիր իշխանություն եւ կապահովի երկրի կայուն զարգացում: Տիգրան Ուրիխանյանը դեմ է քվեարկելու Սահմանադրության փոփոխությունների նախագծին, քանի որ հռչակված նպատակների տեսանկյունից ազնվություն չի տեսնում: Էդմոն Մարուքյանն այս տեսքով նախագծի ընդունմանը դեմ է, սակայն վերջնական դիրքորոշում կարտահայտի նախագծի ամբողջական քննարկումներից հետո: Պարոն Մարուքյանն անդրադարձել է խորհրդարանական համակարգի անցման դեպքում զսպումների եւ հակակշիռների մեխանիզմներին: Նրա գնահատմամբ՝ ընտրատարածքները պետք է փոքրացնել եւ անցնել 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգի: Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է քաղաքական մենաշնորհին, իշխանությունների վերարտադրության խնդրին: Նա իրազեկել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունը դեմ են սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

Եզրափակիչ ելույթներում Հովհաննես Սահակյանը եւ Վարդան Պողոսյանը պատասխանել են պատգամավորների հարցադրումներին եւ անդրադարձել առաջարկներին՝ նշելով, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պատրաստ է շահագրգիռ քննարկումները շարունակելու եւ բարելավելու նախագծի որակը:

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ սեպտեմբերի 15-17-ի նիստերի օրակարգերի նախագծերում: Ներկայացվել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշել է, որ փաստաթղթով կողմերը քրեական հետապնդման, քննության եւ դատական վարույթի շրջանակներում կտրամադրեն փոխադարձ իրավական օգնություն այնպիսի հանցագործությունների առնչությամբ, որոնց համար պատժի նշանակումն իրավական օգնություն խնդրելու ժամանակ գտնվում է հարցում ուղարկող կողմի իրավասության ներքո:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել է 2015 թվականի փետրվարի 13-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջեւ «Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթով կողմերը համաձայնել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում հիմնել ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանի գիտնականներին եւ մասնագետներին մասնակցել ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից կազմակերպվող եւ իրականացվող միջոցառումներին, օգտվել ԻԿՐԱՆԵՏ-ի սարքավորումներից եւ ռեսուրսներից: Կենտրոնի ստեղծումը նաեւ կխթանի ռելյատիվիստական աստղաֆիզիկայի եւ հիմնարար գիտությունների առաջընթացը Հայաստանում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը նշել է, որ համաձայնագրի նպատակն է կազմավորել կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհուրդ, որն իր գործունեությունը կիրականացնի կանոնադրությանը համապատասխան:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է Երեւանում ունենալ էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես նախատեսվում է Երեւանի 28 փողոցներում փոխարինել հենասյուները, անցկացնել ստորգետնյա մալուխներ, օգտագործել էներգախնայող լամպեր, ինչպես նաեւ ներդնել կառավարման ավտոմատացված համակարգ:

Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ գումարել էր հերթական նիստը: Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014թ-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշել է, որ սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Այնտեղ ամրագրված է, որ ՀՀ կառավարությունը պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարության ներկայացրած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը նշել է, որ նախագծով մասնավորապես հնարավորություն է ստեղծվում հայտարարությունը, գործունեության դադարեցման եւ վերսկսման դիմումները, տեղեկությունները հարկային մարմին ներկայացնել նաեւ Էլեկտրոնային եղանակով: Առաջարկվում է նաեւ տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչների կողմից գործունեությունն սկսելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացվող հայտարարության ժամկետը սահմանել առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանը, հիմնավորելով փոփոխության անհրաժեշտությունը, նշել է, որ մանր բիզնեսում գործունեության որոշ տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց առաջարկվում է տեղական բյուջե հարկ վճարել: Առաջարկվում է նաեւ արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնելու համար ձեռնարկատիրական արտոնագիրը ստանալ տեղական ինքնակառավարման մարմնից:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ առաջարկել է հարկի գանձման համար սահմանել նվազագույն եւ առավելագույն շեմ, որոնց շրջանակում էլ կկատարվեն գանձումները:

Կառավարության ներկայացրած հաջորդ օրինագիծը «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթն էր: Հիմնական զեկույցով կրկին հանդես է եկել Արմեն Եղիազարյանը: Նա տեղեկացրել է, որ սահմանվել են ապրանքային նշանների գրանցման նոր ժամկետներ:

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ու կից օրենքների նախագծերի փաթեթը կրկին ներկայացրել է Արմեն Եղիազարյանը: Գործարար միջավայրը բարելավելու նպատակով մասնավորապես առաջարկվում է անհատական եւ ընդհանուր թույլտվությունները տրամադրել 5 տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում? պայմանագրի գործողության ժամկետով, մեկանգամյա թույլտվությունների համար սահմանել 1 տարվա գործողության ժամկետ: Կառավարությունն առաջարկում է նաեւ անհատական եւ ընդհանուր թույլտվությունների տրամադրման համար սահմանված պետական տուրքը սահմանել բազային տուրքի երեսունապատիկի չափով:

«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես քննարկման է դրվել առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանն առաջարկել է գործակալության որեւէ որոշում կայացնելուց հետո հայտատուին/դիմումատուին որոշման մասին էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցման համար սահմանել 3 աշխատանքային օր՝ գործող 5-ի, իսկ որոշ դեպքերում 10 աշխատանքային օրվա փոխարեն, վկայագրի, ինչպես նաեւ վկայագրի կրկնակի հանձնման համար սահմանել 5 աշխատանքային օր? ներկայում սահմանված համապատասխանաբար մեկ ամսվա եւ 10 օրվա փոխարեն, ինչպես նաեւ քաղվածքների տրամադրման համար սահմանել 3 աշխատանքային օր :

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա նշել է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առանձին կատեգորիայի դեղերի (պատվաստանյութերի, ինսուլինի, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի)` բուժման որակի եւ անվտանգության, ինչպես նաեւ արդյունավետության ապահովմամբ:

Ներկայացված բոլոր նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի եւ կից նախագծի փաթեթը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ով նշել է, որ այս նախագիծը մշակվել է սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության, ինտերնետ շահումով խաղերի գովազդի միջոցով անչափահասներին եւ քաղաքացիներին մոլախաղերով հրապուրվելու, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման նպատակով: Այսինքն` կկատարելագործվեն ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմները:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկած ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, հիմնավորելով նախագծի անհրաժեշտությունը, նշել է, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի ընթացքում առաջացող հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությունից: Ըստ նրա` նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն փոխադրման գործընթացի ժամանակ երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպողների միջեւ, ինչպես նաեւ ուղեւորների, բեռնառաքողի, բեռ ստացողի հետ ծագած հարաբերությունները, ինչը կկանխի կամայականությունները, կապահովի անհրաժեշտ միջավայր բարեխիղճ մրցակցության համար` պաշտպանելով երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների շահերը:

Ներկայացված երկու նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», ինչպես նաեւ Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Պատգամավորներ Վարդան Այվազյանի եւ Միքայել Մելքումյանի ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էլ հեղինակների առաջարկով հանվել է շրջանառությունից:


11.09.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների նախագծերը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի ...

11.09.2015
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Յուզբաշյանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Յուրի Յուզբաշյանին: Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Յուզբաշյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ձեր բազմամյա մանկավարժական գործունե...

11.09.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ազգային բարերար Հրայր Հովնանյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Հովնանյան,Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 85-ամյակի առթիվ: Դուք ստեղծել եք մեր ժամանակների ազգային գործչի մի ինքնատիպ տեսակ, ով ամուր շաղկապված է Հայաստանի ու Արցախի ճակատագրին, համահայկական խնդիրներին՝ տարաբնույթ բ...

11.09.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Նշենք, որ պաշտոնական այցի ընթացքում Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am