National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.06.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 9

Հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հունիսի 16-ին Լոս Անջելեսում մահացած հայազգի գործարար եւ բարերար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակը:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ Քըրք Քրքորյանի ավանդը Հայաստանի Հանրապետությունում անգնահատելի է, կորուստը` մեծ բոլորի համար: ՀՀ Ազգային ժողովի անունից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցություն է հայտնել մեծ բարերարի հարազատներին եւ աշխարհասփյուռ հայերին:

Քվեարկությամբ ընդունվել են նախորդ նիստում քննարկված օրինագծերը, որից հետո խորհրդարանը շարունակել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը սահմանելու է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաեւ ճանապարհածախսի եւ կեցության համար գումար հատկացնելու կարգը եւ պայմանները՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում: Ըստ անհրաժեշտության՝ կհատուցվեն նաեւ զինվորին ուղեկցող անձի ճանապարհի եւ կեցության ծախսերը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Նա թեեւ դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, այդուհանդերձ ներկայացրել է որոշ մտահոգություններ՝ կապված հիվանդությունների ցանկի եւ գումարի տրամադրման հնարավորության վերաբերյալ:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնելով պատգամավորներին քննարկման, առաջարկներիեւ մտահոգոթյունների համար, նշել է, որ այս պահին օրենքի կարգավորման շրջանակը թույլ է տալիս միայն առաջարկվող փոփոխությունները կատարել:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերացնել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում առկա թերությունները, հստակեցնել վտանգավոր թափոններ առաջացնողների կողմից թափոնների անձնագրերի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության եւ թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի ներկայացման հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքով սահմանվում է նաեւ, որ օրենքի դրույթները կիրառվում են ինչպես ընդերքօգտագործման թափոնների վրա, այնպես էլ սահմանվել են «ընդերքօգտագործման թափոններ», «մակաբացման ապարներ», «հանքահարստացման թափոններ» հասկացությունները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին՝ որոշ վերապահումներով: Պարոն Այվազյանի խոսքով՝ անձնագրավորումը պետք է վերաբերի միայն վտանգավոր թափոններին: Նրա գնահատմամբ՝ կառավարության առաջարկը նպատակ ունի հստակեցնել եւ կանոնակարգել օրենսդրական դաշտը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կլինեն համապատասխան լրամշակումներ:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձել է ոչ մետաղական եւ մետաղական հանքանյութերի մշակման հարցում իրականացվող քաղաքականությանը, ներկայացրել բացթողումները: Նա նշել է, որ ԲՀԿ-ն կողմ է օրենսդրական փաթեթի ընդունմանը՝ այն համարելով հանգրվանային քայլ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին՝ շահագրգիռ քննարկումների եւ ընդերքօգտագործման արդյունավետ կառավարմանը միտված առաջարկների համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է Դիլիջան քաղաքը եւ հարակից տարածքները որպես կրթական, պատմամշակութային, զբոսաշրջության կենտրոնի ձեւավորման, քաղաքի եւ հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացման կարեւորության անհրաժեշտությամբ: Նախագիծը բխում է նաեւ Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի, գոտիավորման, քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման անհրաժեշտությունից: Փոխնախարարը նշել է, որ հարցը մանրամասն քննարկվել է Դիլիջանի քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ ՀԿ-ների հետ:

Հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին քաղաքի գոտիավորմանը, գլխավոր հատակագծին, բնապահպանական հարցերին, սահմանամերձ համայնքների արտոնություններին, հարակից տարածքներում ծրագրերի իրականացման հնարավորությանը, ներդրումների հնարավորությանը, քաղաքում բուսաբուծության ու անասնաբուծության արգելքին եւ այլն:

Մտքերի փոխանակության համար հերթագրվել էր ինը պատգամավոր: Մհեր Շահգելդյանը, ընդհանուր առմամբ կարեւորելով մարզերի եւ համայնքների համաչափ զարգացումը, դեմ է արտահայտվել ներկայացված փաթեթին: Ըստ նրա՝ այն բազմաթիվ մտահոգությունների տեղիք է տալիս: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ օրենսդրական նախաձեռնությունն արժանի է դրվատանքի եւ ուղղված է մեծածավալ ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, որի կարիքն ունի Հայաստանը: Պատգամավորը ներկայացրել է նաեւ իր մտահոգությունները: Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ փաթեթով հստակ մեխանիզմներ են ստեղծվում տարածաշրջանում ներդրումների խրախուսման համար: Պատգամավորն անդրադարձել է ստեղծվելիք խորհրդի գաղափարին եւ ընդգծել ձեւակերպումներում հստակեցումների անհրաժեշտությունը: Գագիկ Ջհանգիրյանը կարեւորել է ոչ միայն Դիլիջանում եւ հարակից տարածքներում, այլ նաեւ ողջ Հայաստանում ներդրումների խրախուսման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Նա խոսել է իրավական ձեւակերպումներից, ներկայացրել է դրանց վերաբերյալ իր առաջարկները: Միքայել Մելքումյանն անդրադարձել է հարկային արտոնությունների սահմանմանը, խոսել անհավասար մրցակցային պայմաններից: Ըստ պատգամավորի՝ որոշ դրույթներ վերաձեւակերպման կարիք ունեն: Հեղինե Բիշարյանը խոսել է «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրինագծի որոշ հոդվածներից՝ դրանց վերաբերյալ ներկայացնելով բազմաթիվ առաջարկներ: Արծվիկ Մինասյանը, ողջունելով տարածքի զարգացման եւ ներումների խրախուսման որակապես նոր փաստաթղթի ներկայացումը, միեւնույն ժամանակ առավել կարեւոր է համարել, որ խորհրդարնն անմիջականորեն ներգրավվում է տարածքների զարգացման ծրագրերին: Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է տարածքների համաչափ զարգացումը եւ ներդրումների խրախուսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Պատգամավորը խոսել է քաղաքաշինական եւ ներդրումների խրախուսման խորհրդի գործունեությունից եւ ձեւաչափից: Նա առաջարկել է հիմնական զեկուցողին առաջինից երկրորդ ընթերցում վերանայել եւ հստակեցնել որոշ հոդվածներ:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա չի համաձայնել իր այն գործընկերների տեսակետների հետ, ովքեր օրենսդրական փաթեթը համարել են հակապետական կամ դեմ՝ պետության շահերին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ վերջին տարիներին մշտապես կարեւորվել է մարզերի եւ համայնքների համաչափ զարգացումը, ինչպես նաեւ կրթության զարգացումը եւ ներդրումների խրախուսումը, ուստի, ըստ նրա՝ անհրաժեշտ է միանշանակ կողմ քվեարկել փաթեթին: Էդուարդ Շարմազանովը չի բացառել, որ ձեւակերպումները հստակեցման կամ փոփոխման կարիք ունեն, սակայն շեշտել է, որ փաթեթը բխում է Հայաստանի շահերից եւ միտված է զարգացնելու համայնքները եւ խրախուսելու ներդրումային ծրագրերը:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա հույս է հայտնել, որ առաջինից երկրորդ ընթերցում հեղինակը՝ ՀՀ կառավարությունը, կբարելավի «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրինագիծը: Հեղինե Բիշարյանը նշել է, որ իրենց ներկայացրած առաջարկները փաթեթում ներառելուց հետո խմբակցությունը կորոշի՝ ինչպես քվեարկել:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ Միքայել Մելքումյանը ողջունել է նախաձեռնության գաղափարը եւ հետքրքրվել է Դիլիջանում եւ հարակից տարածքներում գործազրկության մակարդակից, արտագաղթի չափերից: ԲՀԿ-ն կմասնակցի քվեարկությանը, եթե խմբակցության առաջարկները ներառվեն փաստաթղթում:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ տվել է պարզաբանումներ: Կառավարության ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում հաշվի առնել պատգամավորների առաջարկները եւ բարելավել օրենսդրական նախաձեռնությունը:

Արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակվի հունիսի 18-ին:


17.06.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ
«Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի մահվան մասին: Հայ ժողովուրդը կորցրեց անվանի զավակներից մեկին, ով, բնակվելով հայրենիքից հեռու, միշտ ապրում էր նրա հետ, նրա մասին մտածելով, ով իր ժողովրդին ու Հայաստանին կապված էր գուցեեւ ոչ բոլորին տեսանելի, սակայն ջեր...

17.06.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելառուսի դեսպանին
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am