National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.06.2015
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը
1 / 12

Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը:

Միջոցառումն իրականացվել է երկրորդ անգամ՝ ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ: Միջոցառման նպատակն է նպաստել պատգամավորների, ԱԺ հանձնաժողովների, ԱԺ աշխատակազմի եւ քաղաքացիական հասարակության միջեւ արդյունավետ եւ փոխշահավետ երկխոսությանը: Միջոցառման ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովներում կազմակերպվել են քննարկումներ: Ոլորտային հանձնաժողովների անդամների հետ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են իրենց կողմից բացահայտված եւ մտահոգիչ հրատապ խնդիրները:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համակողմանի քննարկվել են մարզերում կրթական համակարգին, Ախթալա համայնքում հողերի դեգրադացիային, համայնքներում սոցիալական աշխատողների իստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր։

Մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանն ու պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն անկաշկանդ զրույցի ընթացքում հանգամանալի անդրադառնալով բարձրացված յուրաքանչյուր խնդրի` տվել են սպառիչ պատասխաններ։

Նշվել է, որ բնագավառում այսօր անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Մշտական հանձնաժողովը համագործակցում է կառավարության համապատասխան գերատեսչության հետ եւ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում կլուծվեն բազմաթիվ խնդիրներ։

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, կարեւորելով հասարակական կազմակերպությունների հետ գործակցությունը, նշել է, որ որոշ հարցերի վերաբերյալ առաջիկայում կկազմակերպվեն առավել ընդգրկուն քննարկումներ՝ պատգամավորների, գերատեսչությունների ներկայացուցիչների, եւ մասնագետների մասնակցությամբ։

Ակտիվ քննարկումներ են ծավալվել նաեւ ԱԺ գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ ԱԺ-ում» միջոցառման շրջանակում հանձնաժողովում հյուրընկալվել են տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուրն իր կատարած ուսումնասիրության համաձայն՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին է ներկայացրել կրթական ոլորտում առկա մի շարք խնդիրներ ու երիտասարդությանը մտահոգող հարցեր: Բանախոսները հիմնականում անդրադարձել են կրթություն-աշխատաշուկա կապին, մեր երկրում միջին մասնագիտական ուղղություններին եւ որակյալ կադրերի պակասին: Առաջիկայում դրական արդյունք արձանագրելու համար ՀԿ ներկայացուցիչներն առաջարկել են օրենսդրորեն կարգավորել եւ դպրոցներում ու բուհերում որպես առարկա ընդգրկել նաեւ ձեռնարկատիրության ուսուցումը: Արտակ Դավթյանը, ամփոփելով զրույցը, դրական է գնահատել նմանատիպ հանդիպումները՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս համակողմանի ուսումնասիրել օրենսդրական լուծումներ պահաջող խնդիրները եւ առավել տեղեկացված լինել երիտասարդներին մտահոգող խնդիրների վերաբերյալ:

Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ քննարկվել են գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներին առնչվող հարցեր:

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանը ներկայացրել է Մեծ Այրում համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի շահագործումից հետո ի հայտ եկած խնդիրները:

Նա առաջարկել է մշակել օրենսդրական մեխանիզմ, որի ընդունման պարագայում Մեծ Այրում համայնքը կհամարվի ազդակիր համայնք եւ կիրականացվեն սոցիալական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն առողջապահական եւ բնապահպանական խնդիրների լուծմանը:

Քննարկման ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ պատգամավորներին: Դրանք հիմնականում վերաբերել են Աղստեւ գետի աղտոտման կանխարգելմանը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի դրույթներին եւ գայլերի թվաքանակի կարգավորմանն ուղղված միջոցառումներին:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտներին վերաբերող եւ իրենց հուզող խնդիրները: «Ունիսոն» ՀԿ ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանն անդրադարձել է բուժհաստատություններ ուղեգրվելիս հանդիպող արհեստական խոչընդոտներին, թերի հյուսվածքների եւ օրգանների դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստրի գործունեության մասին տեղեկությունների գրանցման եւ օգտագործման ՀՀ կառավարության կարգին, հաշմանդամների հիմնախնդիրներին, վաուչերների համակարգի ներդրմանը:

Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել քննարկման համար եւ նշել, որ բոլոր խնդիրներին պետք անդրադառնալ եւ լուծումներ գտնել միասնաբար:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀԿ-ների ներկայացրած օրենսդրական առաջարկությունները:

Հովհաննես Սահակյանը ողջունել է հյուրերին եւ լինելով «Բնապահպան իրավաբանների եւ տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ համանախագահ` կարեւորել է ՀԿ-ների դերն ու գործունեությունը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գրասենյակի տնօրեն Քրիստինա Գեւորգյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ Ընտրական եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու առաջարկը: Նա նշել է, որ անհրաժեշտ է դատական կարգով ամուսնալուծությունների դեպքում սահմանել երկու կողմերի պարտադիր մասնակցության պայմանը:

ՀԿ-ի ներկայացրած հաջորդ առաջարկը երեխայի խնամքի հետ կապված գործերի քննությունն առավել սեղմ ժամկետներում իրականացնելն է` հաշվի առնելով երեխայի հոգեբանական վիճակը:

Հաջորդ առաջարկը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ էր: Այն ներկայացրել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ նախագահ Գեւորգ Մանուկյանը: ՀԿ-ն 12 կետերից բաղկացած նախագծի փաթեթով առաջարկել է սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու փոխարեն հանրաքվեի ներկայացնել ՀՀ նոր` երկրորդ Սահմանադրության նախագիծ:

ՀԿ հաջորդ առաջարկը «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի մասին», ինչպես նաեւ «ՀՀ հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին էր: Այս հարցերին անդրադարձել է հանձնաժողովի կողմից քննարկմանը հրավիրված ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Մնացական Բիչախչյանը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում էլ փոփոխությունների առաջարկ էր ներկայացրել «Պետական կառույցների հետ համագործակցության հանրային ցանց»-ի համակարգող Թամարա Աբրահամյանը:

Հանձնաժողովի քննարկած վերջին նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը` առաջարկելով քրեական օրենսդրությունում «խոշտանգում» եզրույթը համապատասխանեցնել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիային եւ կատարել դրանից բխող անհրաժեշտ փոփոխություններ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկների կառուցողական եւ ծավալուն քննարկման համար կձեւավորվի աշխատանքային խումբ, որին կմասնակցեն նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչները:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում եւս ծավալվել էր մասնագիտական քննարկում: Ոլորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպել են հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ փոխնախագահ Իշխան Խաչատրյանը:

Հակոբ Հակոբյանը մանրամասն անդրադարձել է հնչեցրած բոլոր հարցերին, որոնք վերաբերել են հաշմանդամություն ունեցող անձանց խնամակալներին վարձատրելուն, լսողության խանգարում ունեցող անձանց աջակցությանը, մասնակի կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնմանը, հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր նպաստի անհրաժեշտությանը, համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առանձին հարցերի վերաբերյալ կազմակերպել հանդիպումներ եւ մանրամասն քննարկել բոլոր վիճահարույց հարցերը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանի հետ քննարկվել են մի շարք օրինագծեր: Հանդիպմանը մասնակցել են «Աշխատանքային խումբ», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Հավասարության խորհուրդ» «Եվրասիա համագործակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նիստում մասնակիցները հանդես են եկել առաջարկներով. մասնավորապես, առաջարկվել է մշակել օրինագծեր խտրականության դեմ պայքարի, հասարակական կազմակերպությունների, կամավորների վերաբերյալ: Նշվել է, որ կամավորների մասին օրենքի բացակայությունը խնդիրներ է առաջացնում, քանի որ շատ հաճախ կամավորներն աշխատում են, բայց չեն վճարվում:

Առաջարկվել է նաեւ փոփոխություններ կատարել եւ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:

«Հավասարության խորհուրդ» ՀԿ անդամ Բաբկեն Սահրադյանն էլ առաջարկել է ստեղծել հավասարություն խրախուսող անկախ մարմին:

Թեմատիկ քննարկումներից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ամփոփել են ԱԺ մշտական հանձնաժողովներում կատարած աշխատանքի արդյունքները: Նրանք կարեւորել են նման հանդիպումների անցկացումը՝ հասարակական հատվածի կարծիքը հասկանալու, առաջարկները լսելու եւ օրենսդրական բացերը լրացնելու հարցում: Թեմատիկ քննարկումների մասնակիցները նշել են, որ հանձնաժողովներում արդյունավետ քննարկումներ են ծավալվել:

ՀԱԺԱԾ-ի ղեկավար Շոն ՄակՆելլին կարեւորել է նման միջոցառումների շարունակականությունը եւ ԱԺ-քաղաքացիական հասարակություն կառուցողական համագործակցության անհրաժեշտությունը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի ներկայացուցիչ Նունե Պեպանյանն անդրադարձել են ՀԿ-ների հարցադրումներին եւ առաջարկներին:


11.06.2015
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը: Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ա...

11.06.2015
Ասուլիս խորհրդարանում
Հունիսի 11-ին «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառման շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված մամուլի ասուլիս: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է, որ Քաղաքացիական հասարակության օրն ԱԺ-ում նշելն արդեն ավանդույթ է դարձել, ...

11.06.2015
ԱԺ փոխնախագահը հանդիպել է ձեռներեց կանանց հետ
Հունիսի 11-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ են այցելել «Նոր զարգացումների հեռանկար» կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի մասնակիցները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, հետեւել նիստերին, պատգամավորների օրենսդրական գործունեությանը, ապա հանդիպել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, պատգա...

11.06.2015
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Հանս Հորբախի եւ Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի բաժնի պետ Դաֆնե Բերգսմայի հետ: Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի բաժնի պետն ու դեսպանը հետաքրքրված էին Հայաստան-ԵՄ ապագա իրավական փաստ...

11.06.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լատվիայի դեսպանին
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լատվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Դեսպանը նշել է, որ իր այցի նպատակն է Լատվիայի՝ Եվ...

11.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբին
Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիին եւ բարեկամական խմբի անդամներին: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտն...

11.06.2015
Հանդիպումներ խորհրդարանում
Հունիսի 11-ին չորսօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիի, խմբի անդամներ Ռոբերտ Բեգլարյանի, Կարեն Խանլարիի, Յունաթան Բեթ Քելիայի, Ղասեմ Ահմադի Լաշեքի եւ Շահլա Միր Գոլավի Բայաթիի հետ հանդիպել են Հայաստան-Իրան բարեկամական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am