Մարտի 25-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացրել 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրությունը:
Պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի համար 1 եւ 2 դպրոցների աշակերտներին եւ մանկավարժներին:
Խորհրդարանը շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:
Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հանձնաժողովի գործառույթներին, ծրագրի առաջնահերթություններին, գնագոյացման խնդիրներին, մասնավորապես առաջին կենսապահովման ապրանքների չհիմնավորված թանկացումներին, տնտեսվարող քաղաքականությանը, ոլորտում օրենսդրության զարգացմանը, մենաշնորհին, սննդամթերքի մակնշմանը, սպառողների շահերի պաշտպանության ապահովմանը:
Հարակից ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ հանձնաժողովում հարցը մանրամասն քննարկվել է: Հանձնաժողովի՝ վերջին շրջանում կատարած աշխատանքի դրական միտումները մատնանշելով՝ նա ներկայացրել է նաեւ առաջարկներ ու դիտողություններ:
ԱԺ պատգամավորներն իրենց տեսակետներն են արտահայտել քննարկվող հարցի վերաբերյալ: Խոսրով Հարությունյանը խոսել է շուկայական եւ ազատ մրցակցային հարաբերություններից, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներից՝ նշելով, որ այս հարցում հանձնաժողովը պետք է նոր գործիքակազմ ու համակարգային մոտեցումներ կիրառի: Նրա գնահատմամբ՝ եթե հանձնաժողովի աշխատանքն առավել համակարգված լինի, ապա արդյունքներն ավելի տեսանելի կլինեն: Հովհաննես Մարգարյանն առաջարկել է ընդլայնել հանձնաժողովի իրավասությունների շրջանակը, որը հնարավորություն կտա հանձնաժողովին մենաշնորհների դեմ պայքարում եւ հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցում ավելի արդյունավետ գործել:
Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի մարտի 26-ի նիստում:
Վերջին նիստը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրվել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: