Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության անդամներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, նշել է. «Դուք այսօր պատվով կատարում եք ձեր առջեւ դրված խնդիրը՝ նպաստելով երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակմանը եւ գաղափարների տարածմանը: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամենօրյա աշխատանք է պահանջում, եւ յուրաքանչյուր ոլորտ, սկսած դպրոցից, իր դերակատարումը պետք է ունենա: Ժամանակները փաստում են, որ դուք մշտապես հավատարիմ եք ձեր որդեգրած առաքելությանը: Ես հպարտ եմ, որ օգոստոսին՝ սահմանային գոտում տիրող լարվածության ժամանակ, «արծիվներն» իրենց տեղում էին եւ թշնամուն չհանդուրժող կեցվածքով զգաստ կանգնած էին»:
Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուրախությամբ փաստել է, որ «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությունն այսօր ուրույն դերակատարում ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում:
«Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը խորհրդարանի ղեկավարին մանրամասնությամբ ներկայացրել է չորսուկես տարիների աշխատանքը եւ խոսել Հայաստանի սահմաններում տեղակայված գրասենյակների ու մասնաճյուղերի գործունեության վերաբերյալ: