National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.2.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
25.02.2014
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Փետրվարի 25-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում օրենսդիր մարմնում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Արարատի մարզի Արարատի Վազգեն Սարգսյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին:

Այնուհետեւ Ազգային ժողովը շարունակեց քննարկել ԱԺ պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հեղինե Բիշարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ որոշման նախագծում անհրաժեշտ է ներառել հետեւյալ հարցերը՝ արդյոք 2011 թ.-ի ապրիլի 1-ից գործադրված գազի պայմանագրի գործընթացը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին, արդյոք 204 դոլար է կազմում գազի գնի գոյացումը սահմանից մինչեւ սպառող եւ ինչու է մինչեւ 2043 թ.-ը արգելվում էներգակիրների նոր ռեսուրսների հայտնաբերումը: Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու որոշման նախագծին, իսկ հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու հարցը դեռ կքննարկվի խմբակցությունում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նմանատիպ առաջարկ ներկայացրել է դեռեւս 2010 թ.: Ըստ խմբակցության ղեկավարի՝ ստեղծվող հանձնաժողովը պետք է խորքային ուսումնասիրություններ կատարի եւ փորձի բացահայտել ոլորտում առկա խնդիրները:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այսօր հանրությանը հուզում է մի քանի հարց՝ որտեղից է կուտակվել 300 մլն դոլարի պարտքը, ինչպես է ձեւավորվում գազի գնի գոյացումը սահմանից մինչեւ սպառող եւ ինչու է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը տրվել այդպիսի լիազորություններ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում պետք է քննարկվի եւ պատասխան տրվի հիմնականում երեք հարցի՝ ինչպես է կուտակվել 300 մլն դոլարի պարտքը, սահմանից գազը սպառողին ինչու է հասնում ավելի թանկ գնով եւ ինչու է կնքվել գազի պայմանագիրը:

Քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ երբ չորս քաղաքական ուժերը ներկայացրել էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, նա իր ելույթում ասել էր, որ հնարավորություն են ստեղծելու եւ անդրադառնալու են այդ հարցին, եւ տրվելու են հանրության բոլոր շերտերին՝ քաղաքացիական հասարակությանը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին հուզող բոլոր հարցերի պատասխանները: ԱԺ նախագահը նշեց, որ քննարկել են կուսակցությունում, առաջարկել ՀՀ Նախագահին, որ կոալիցիան նախաձեռնի` ստեղծելու ժամանակավոր հանձնաժողով, որը օժտված կլինի ավելի լայն լիազորություններով: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ որոշման նախագծում ընդգրկված են ընդդիմության կողմից ներկայացված բոլոր հարցերը, նաեւ առաջարկվել են մի շարք հարցեր, որոնք կուսումնասիրի հանձնաժողովը:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության այն արտահայտությանը, թե քաղաքական մեծամասնության նպատակն է այս հանձնաժողովի ստեղծմամբ թաքցնել ճշմարտությունը, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրենք որեւէ բան թաքցնելու ցանկություն եւ փորձ չունեն: Նա նշեց, որ երբ այդ հարցը քննարկվել է կուսակցության գործադիր նիստում, ՀՀ Նախագահը ասել է, որ եթե կան մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը եւ զբաղվել են ապօրինությամբ, պետք է պատասխան տան, եւ հանձնաժողովը պետք է հետամուտ լինի ճշմարտության բացահայտմանը: ԱԺ նախագահը անթույլատրելի համարեց, որ վարկաբեկում են դեռ չստեղծված հանձնաժողովը, եւ ինքն այն տպավորությունն ունի, թե խոչընդոտում են հանձնաժողովի ստեղծմանը: Ըստ ԱԺ նախագահի՝ եթե ուսումնասիորթյունների արդյունքում կբացահայտվեն ապօրինություններ, ապա դրանք թույլ տված պաշտոնյանները անպայման կպատժվեն: Խոսելով հանձնաժողովի ձեւավորման մասին՝ Հովիկ Աբրահամյանը փաստեց, որ համաձայնության են եկել հանձնաժողովը ձեւավորել կոալիցիոն եւ մյուս բոլոր քաղաքական խմբակցություններից հավասարապես: Նա նշեց, որ հանձնաժողովում քաղաքական բոլոր ուժերի ներկայացվածությամբ կլուծվի կողմերի տեղեկացվածության եւ բոլոր խնդիրներին տիրապետելու հարցը:

Անդրադառնալով ընդդիմադիրների մյուս դժգոհությանը, որը վերաբերում է հանձնաժողովի գործունեության ժամկետներին` մինչեւ նոյեմբերի 8-ը, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եթե ընդդիմությունը պնդում է, որ գործունեությունը լինի մինչեւ հունիս, ապա իրենք դրան համաձայն են: «Կարեւորը ուսումնասիրեք հիմնավոր: Մենք լուրջ տրամադրված ենք, որ հանձնաժողովը կայանա, արդյունավետ աշխատի եւ տա այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք առկա են հանրության մոտ»,-ասաց ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը վստահեցրեց, որ ցանկություն չկա որեւ հարց կոծկելու, եւ հանձնաժողովը կլինի լուրջ լծակ՝ հայտնաբերելու ապօրինությունները, եթե կան այդպիսիք, եւ ներկայացնելու հանրությանը: Որպես խորհրդարանի նախագահ՝ Հովիկ Աբրահամյանը խոստացավ հետամուտ լինել եւ ստեղծել բոլոր հնարավորությունները` հանձնաժողովին ուսումնասիրելու եւ բացահայտելու հանրությանը հուզող հարցերը:

ԱԺ նախագահը նշեց, որ ապագայում նման հանձնաժողովներ շատ են ստեղծվելու: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ այն հարցերը, որոնք այսօր արդիական են եւ մտահոգում են հանրության լայն շերտերին, կուսումնասիրվեն եւ կներկայացվեն հանրությանը: Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշման նախագծին:

Ամփոփիչ ելույթում նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով հնչած ելույթներին եւ առաջարկներին, նշեց, որ առաջարկներ ներկայացրել են միայն ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունները: Նա առաջարկեց հանել այն կետը, ըստ որի՝ հանձնաժողովի նիստերին մասնակցող անձինք քննարկվածը իրավունք չունեն հրապարակելու: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ թեեւ այդ կետը ոչինչ չէր ասում գաղտնիության մասին, բայց դա հանվում է, որ պարզ լինի, որ որեւէ անձ սահմանափակված չէ հանձնաժողովից դուրս ներկայացնել աշխատանքը:

Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.2 հոդվածի 5-րդ կետի համաձայն ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցը քննարկվում է ԱԺ մեկ նիստում: Պարոն Աբրահամյանը ներկայացրեց հարցի քննարկման ընթացակարգը, որը սահմանված է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 55-րդ հոդվածով:

Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ունեցած զգալի դերակատարությամբ: Հանձնաժողովի ստեղծումը պայմանավորված է գործարանի պարապուրդի կամ տեւական ժամանակ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու հանգամանքների, ընկերության մասնավորեցման եւ ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ մամուլում հանրային լուրջ հնչեղություն ունեցող հրապարակումներն ուսումնասիրելու, ընկերության վերագործարկման ուղղությամբ իրականացման ենթակա առաջարկությունների մշակման անհրաժեշտությամբ: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ բազմաթիվ հրապարակումներ խնդրի վերաբերյալ խոսում են այն մասին, որ գործարանը սնանկանում է, ինչը Հայաստանի տնտեսության դեմ ուղղված մարտահրավեր է: Պարոն Մինասյանի համոզմամբ՝ «Նաիրիտ»-ի ապագան ու ճակատագիրը որոշելը դառնում է կարեւոր խնդիր, եւ խորհրդարանը պետք է մասնակցություն ունենա այս խնդիրները բացահայտելու գործում:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ որոշման նախագիծը իր գլխավորած հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվել էր նստաշրջանի օրակարգում, սակայն քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել, քանի որ նախագծով մի շարք հարցերի պատասխաններ չեն տրվում: Պարոն Այվազյանը նշեց, որ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությանը չի արժանացել քաղաքական շահարկումներից խուսափելու նպատակով նաեւ:

Հիմնական եւ հարակից զեկուցողները պատասխանեցին պատգամավորների հարցերին:

Հարակից զեկույցում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն եւ խորհրդային, եւ հետխորհրդային ժամանակներում եղել եւ մնում է Հայաստանի ամենախոշոր ընկերություններից մեկը, որը ունեցել է ամենածանր խնդիրները: Նա ասաց, որ այսօր այնտեղ աշխատում են մոտ 2500 մարդ եւ բնական է, որ ընկերության հետ կապված ցանկացած հարց հնչեղություն է ստանում, բայց դրանք, ըստ պարոն Մովսիսյանի, պետք է զերծ լինեն քաղաքական երանգավորումներից: Նախարարի խոսքով՝ այսօր մեծ ծրագիր կա կապված «Ռոսնեֆտ»-ի հետ եւ ճիշտ չէ այս պահին որեւէ հանձնաժողով ստեղծել եւ խաթարել այդ աշխատանքները:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ պատգամավորները: Լեւոն Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը եւ Արամ Մանուկյանը անդրադարձան գործարանում իրականացված չարաշահումներին, ֆինանսական խախտումներին: Արմեն Ռուստամյանը կարեւորեց «Նաիրիտ»-ի հարցի միասնական եւ հրապարակային ուսումնասիրությունը: Արտաշես Գեղամյանը կարեւորեց «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումը եւ հորդորեց գործընկերներին գործարանի վերաբերյալ «Ռոսնեֆտ»-ին ներկայացնել առաջարկներ: Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց միակ նպատակն է անել հնարավորը գործարանն աշխատեցնելու համար: Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ էլ քաղաքական շահարկման խնդիր չկա. նպատակ կա ստեղծելու հանձնաժողով եւ քննարկելու խնդիրները: Հեղինե Բիշարյանը նշեց, որ կոալիցիոն քաղաքական ուժերը դեմ չեն հանձնաժողովի ստեղծմանը, պարզապես այս փուլում պետք է չխոչընդոտել «Ռոսնեֆտ» նավթային ընկերության գործունեությունը:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդուրժողականության կոչ արեց գործընկերներին եւ նշեց, որ իշխանությունները կողմնակից են նման հանձնաժողովների ստեղծմանը: Անդրադառնալով իշխանության հասցեին պատգամավորների ելույթներում հնչած քննադատություններին՝ ԱԺ նախագահը նշեց, որ իրենք մտադրություն չունեն ինչ-որ բան թաքցնելու եւ կոծկելու: Նա նշեց, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ չի զբաղվում ապօրինություններով, եւ իրենք դեմ են նման երեւույթներին: «Եթե կան նման մարդիկ, եկեք բոլորիդ օգնությամբ բացահայտենք եւ դատապարտենք»,- ասաց պարոն Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ աշնանը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հարցին անդրադառնալու հնարավորություն կստեղծի: ԱԺ նախագահը եւս մեկ անգամ հանդուրժողականության կոչ արեց եւ հորդորեց գործընկերներին զուսպ լինել հայտարարություններում եւ չշահարկել վարչապետի ու այլ պաշտոնյաների անունները:

Եզրափակիչ ելույթում Վարդան Այվազյանը նշեց, որ խնդիրը «Նաիրիտ»-ը աշխատեցնելն է: Նա ընդգծեց, որ հանձնաժողովը, հարցը համարելով սկզբունքային, գտնում է, որ խնդրին անդրադառնալու համար ժամանակ է անհրաժեշտ:

Ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին կառուցողական ելույթի համար: Նա ընդգծեց, որ իրենց նպատակը արդար է, եւ ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելն է, այլ պետությանը օգնելը: Դիմելով քաղաքական մեծամասնությանը՝ պարոն Մինասյանը կոչ արեց կողմ քվեարկել եւ ներկայացնել առաջարկներ:

ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քննարկման ներկայացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Պարոն Ջհանգիրյանը նշեց, որ այս հանձնաժողովը տարբերվելու է նախորդ հանձնաժողովից, փաստահավաք առաքելություն չի իրականացնելու: Հանձնաժողովը զբաղվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ, գնահատելու է ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու կայացրած որոշումների օրինականությունը եւ հիմնավորվածությունը:

Հարցի քննարկումը կշարունակվի վաղը՝ փետրվարի 26-ի Ազգային ժողովի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն վերջին նիստի մեկ ժամը հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:


25.02.2014
ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի հետ
Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության հետ: Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին Ազ...

25.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունաստանի խորհրդարանի նախագահին
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Հունաստանի խորհրդարանի նախագահին` Հայաստանի եւ Հունաստանի...

25.02.2014
ԱԺ աշխատակազմի ղեկավարն ընդունեց Հունաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարին
Փետրվարի 25-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ընդունեց Հունաստանի Հանրապետության խորհրդարանի գլխավոր քարտուղար Աթանասիոս Պապաիոանուին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: Գուրգեն Դումանյանը հյո...

25.02.2014
Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը այցելեց Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանեց Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը։ Զվարթնոց օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ ա...

25.02.2014
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային ժողովում
Փետրվարի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի օժանդակությամբ խորհրդարանում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում» միջոցառումը: Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ միջոց...

25.02.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Փետրվարի 25-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Արարատի մարզի Արարատ գյուղի Վ. Սարգսյանի անվան համար 1 դպրոցի մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների: Հյուրերը ներկա գտնվեցին քառօրյա նիստերին, ապա հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հա...

25.02.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի հետ
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Դեսպան Թիան Չանչունը գոհունակություն հայտնեց Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակության՝ փետրվարի 14-16-ի Հայաստան այցի առթիվ` վստահեցնելով, ...

25.02.2014
Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am