National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
14.12.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով խորհրդաժողովի մասնակիցներին
1 / 1

«Վրաստանի խորհրդարանի մեծարգո նախագահ,

Հարգարժան գործընկերներ,

Հարգարժան դեսպաններ,

Հարգելի ներկաներ

Պատիվ ունեմ ողջունելու խորհրդաժողովի բոլոր մասնակիցներին: Հատկապես ուրախ եմ Վրաստանի խորհրդարանի նախագահ պարոն Ուսուպաշվիլիի ներկայության համար: Երկու խորհրդարանների նախագահների մասնակցությունը միանշանակ վկայում է մեր պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու երկուստեք պատրաստակամության մասին: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալությունս հայտնել դեսպան Սորոկինին ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կողմից ցուցաբերված օժանդակության համար:

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն՝ հիմնված բարի կամքի դրսեւորման եւ փոխադարձ հարգանքի վրա: Մեր երկու ժողովուրդներին միավորում են նաեւ մշակութային եւ հոգեւոր ընդհանրությունները, ինչպես նաեւ մշակութային ժառանգության հանդեպ պետությունների հոգատար վերաբերմունքը: Մեր երկու երկրները մշտապես առաջնորդվել են համամարդկային արժեհամակարգով, եւ մենք հանձնառու ենք շարունակելու բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ:

Անկախությունից հետո Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, ինչը կայուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակցության դինամիկ զարգացման համար: Ուրախությամբ նշեմ, որ այսօր ակտիվ համագործակցություն է նկատվում տրանսպորտի եւ հաղորդակցության, գյուղատնտեսության, ենթակառույցների զարգացման եւ մի շարք այլ ասպարեզներում:

Ինչպես ձեզ հայտնի է, Հայաստանը նախաձեռնել է ՀՀ հյուսիսային 3  պետական սահմանակետերի՝ Բավրայի, Գոգավանի, Բագրատաշենի անցակետերի արդիականացման համապարփակ ծրագիր՝ շուրջ 60 միլիոն եվրո արժողությամբ. նոր անցակետերի շինարարությունը մեկնարկել է 2013թ. սեպտեմբերին: Շինարարական  աշխատանքների իրականացման հարցում անհրաժեշտ  էր սերտ համագործակցություն վրացի գործընկերների հետ, մասնավորապես Բագրատաշենի նոր կամուրջի շինարարության հարցում, ինչպես նաեւ Բավրա անցակետի ճանապարհային հանգույցի տեղի ընտրության հարցում: Ցավոք, այս հարցերում դեռեւս չկա լիարժեք համագործակցություն: Տվյալ փուլում անհրաժեշտ է համաձայնության հասնել անցակետերի հատվածների շինարարության հարցում: ՀՀ կառավարությունը առաջիկայում քննարկում կունենա վրացի գործընկերների հետ այդ հարցերի շուրջ: Խնդրում եմ պարոն նախագահի աջակցությունը վրացական կողմի համագործակցությունն ապահովելու հարցում:

Հարգելի գործընկերներ,
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ընձեռում արտաքին քաղաքականության ոլորտում մեր պետությունների միջեւ կառուցողական համագործակցության համար՝ ելնելով Հայաստանի եւ Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիրներից:

Հայկական կողմը մեծապես կարեւորում է միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Այս համատեքստում մեծ նշանակություն եմ տալիս խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությանը: Ժամանակին մեր խորհրդարաններում գործում էին նման հանձնաժողովներ, ինչը բնորոշ է միայն ռազմավարական գործընկերությանը, սակայն հանձնաժողովների գործունեությունը օբյեկտիվ պատճառներով դադարեցվեց:

Հայկական կողմը վերահաստատում է իր պատրաստակամությունը վերականգնել համագործակցության նշված ձեւաչափը՝ ակնկալելով փոխադարձ նախաձեռնություն: Այդ քայլով մենք մեծապես կնպաստենք միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը՝ ճանապարհ հարթելով կենսական նշանակություն ունեցող այլ ոլորտներում ընդգրկուն փոխգործակցություն ծավալելու համար:

Հուսով եմ, որ այսօրվա խորհրդաժողովը հիմք կհանդիսանա միջխորհրդարանական երկխոսության շարունակականության համար: Այն կարող է նաեւ արդյունավետ լինել միջազգային խորհրդարանական կառույցներում կողմերի համար կենսական նշանակություն ունեցող բանաձեւերի քվեարկության ժամանակ համակարգված մոտեցումներ եւ միջազգային ատյաններում միմյանց թեկնածություններին փոխադարձ աջակցություն ցուցաբերելու առումով:

Այս ամենը արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի ամրապնդել եւ ընդլայնել երկու բարեկամ ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը եւ մեր երկու պետությունների միջեւ ռազմավարական համագործակցությունը՝ ի նպաստ խաղաղության եւ կայունության հաստատմանն ու փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը տարածաշրջանում:

Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք եւ հաջողություն ձեր առաքելության իրականացման գործում»:


14.12.2013
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահները մասնակցեցին խորհրդաժողովի
Դեկտեմբերի 14-ին Լոռու մարզի Թուֆենկյան կենտրոնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am