National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.05.2013
Խորհրդարանական լսումներ՝ «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 3-ին տեղի ունեցան «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ պատգամավորներ, նախարարությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լսումներին ուղջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Սահմանադրական դատարանի հարգարժան նախագահ,

Արտաքին գործերի հարգելի նախարար,

Հարգելի պատգամավորներ,

Տիկնայք եւ պարոնայք

Հայաստանի Հանրապետությունը շուտով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Թույլ տվեք շնորհավորել բոլորիս այս պատվաբեր եւ միեւնույն ժամանակ պատասխանատու առաքելության կապակցությամբ:

Այն պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով մենք պետք է համադրենք պետական, քաղաքական ու քաղաքացիական կառույցների ջանքերը՝ մեր երկրի նախագահությունն այս հեղինակավոր կառույցում առավելագույնս օգտավետ եւ արդյունավետ դարձնելու համար:

Այս համատեքստում ողջունում եմ «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» խորագրով խորհրդարանական լսումների մասնակիցներին:

Լիահույս եմ, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնած այս խորհրդարնական լսումները մեծապես կնպաստեն ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության օրակարգի ձեւավորման գործընթացին:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալից իրադարձություն է մեր երկրի համար: Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականության առանցքում են եւ մենք հաստատակամ ենք Եվրոպայի խորհրդում շարունակել ամրապնդել այս սկզբունքները:

Միեւնույն ժամանակ, սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի հավակնոտ օրակարգի ձեւավորման գործում:

Հարգելի գործընկերներ,

Ժամանակակից Եվրոպային անհարիր են մարդու իրավունքների ոտնահարման, ռասիզմի, անհանդուրժողականության, ատելության եւ խտրականության դրսեւորումները: Ցավոք առ այսօր, նույնիսկ իրավական հարուստ գործիքակազմի առկայության պարագայում, մենք ականատես ենք լինում կրոնական եւ ազգային հատկանիշների հիման վրա մարդու իրավունքների խախտման եւ ոտնահարման բազմաթիվ դեպքերի:

Կարծում եմ, ԵԽ-ում Հայաստանի նախագահության ընթացքում մեր շեշտադրումներն ու առաջնահերթությունները պետք է ուղղված լինեն, առաջին հերթին, նման դրսեւորումների եւ երեւույթների կանխարգելմանը:

Այս առումով կցանկանայի հատկապես կարեւորել Եվրոպայի մաս կազմող, սակայն միջազգայնորեն չճանաչված տարածքներում մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման եւ իրացման հետ կապված խնդիրները: Հակամարտությունների կարգավորումը, որպես կանոն, տեւական գործընթաց է եւ այն լուրջ խոչընդոտներ է հարուցում այդ տարածքներում բնակվող մարդկանց իրավունքների լիարժեք իրացման առումով:

Կարծում եմ Եվրոպայի խորհուրդը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջատար կազմակերպություն, կարող է ավելի լուրջ դերակատարություն ունենալ այս բացը լրացնելու առումով:

Այս տեսանկյունից Հայաստանի կողմից ստանձնած նախագահությունը եզակի, ես կասեի նույնիսկ պատմական հնարավորություն է ընձեռում ԵԽ հարթակներում նշված խնդիրը բարձրաձայնելու եւ քննության առարկա դարձնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Հուսով եմ, որ մեր համատեղ եւ միասնական ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նախագահության այս կարճ ժամանակահատվածում հիմքեր դնել մեր նախաձեռնությունները կյանքի կոչելու համար»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանձնաժողովի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ արտաքին գործերի նախարարին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խորհրդարանական այս լսումներին գործուն եւ համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Եվրոպայի Խորհրդում Հայաստանն անդամակցում է արդեն 12 տարի եւ այս ընթացքում ԵԽ-ն կարեւոր դերակատարություն է ունեցել ՀՀ ժողովրդավարացման, իրավական, քաղաքական, սոցիալական եւ այլ ինստիտուցիոնալ բարեփոխումների, մարդու իրավունքների բազայի ընդլայնման եւ դրանց պաշտպանությանն ուղղված խնդիրներում: Ըստ Արտակ Զաքարյանի՝ այն էականորեն ներազդել է նաեւ տեղական եւ տարածքային կառավարման համակարգի ներդրման ու զարգացման գործում: Եվրոպայի Խորհրդի ղեկավար մարմինը նախարարների կոմիտեն է, որը կազմված է անդամ երկրների արտաքին գործերի նախարարներից: Այդ կոմիտեն է ընդունում որոշումներ ԵԽ քաղաքականության վերաբերյալ, հաստատում է նրա բյուջեն եւ գործունեության ծրագիրը: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ` վեց ամիս ժամկետով: Եվ այս տարվա մայիսի 16-ին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է Հայաստանը` ի դեմս ՀՀ արտգործնախարարի: «Կարեւորելով այս հանգամանքը եւ ԵԽ դերակատարումը ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշեց կազմակերպել լսումներ այս թեմայով, որի նպատակն է հանրային քննարկումների միջոցով վեր հանել, հիմնավորել եւ կարեւորել այն հիմնական օրակարգային հարցերն ու միջոցառումները, որոնք առաջադրվելու են Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան նշեց, որ Եվրոպայի խորհուրդը համաեվրոպական ճարտարապետության մեջ կարեւորագույն դերակատարություն ունի. այն առաջին հերթին քաղաքական երկխոսության հարթակ է: Եվրոպայի խորհուրդն այն ատյանն է, որտեղ քննարկվում են համաեվրոպական արդիական հարցեր: Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ դա կարեւոր առանձնահատկություն է, քանի որ ԵԽ աշխարհագրական տարածքում տեղի ունեցող իրադարձությունները դիտվում եւ համապատասխան արձագանք են ստանում հենց համաեվրոպական չափանիշների տեսանկյունից: Իր փորձագիտական կարողություններով, չափորոշիչների եւ նորմերի տարածման ու անդամ երկրներում դրանց ներդրմանը հետեւող մոնիտորինգային մարմինների գործունեության միջոցով ԵԽ-ը նպաստում է կայուն եւ ժողովրդավար հասարակությունների զարգացման գործընթացներին: Զեկուցողը նշեց, որ Հայաստանը ԵԽ-ի կազմում բավական երկար ճանապարհ է անցել. վերջին 15 տարիներին Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում տեղի ունեցած գործընթացներում Եվրոպայի խորհուրդն իր կարեւոր ներդրումն է ունեցել: «ԵԽ աջակցությամբ մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում՝ իրականացնելով խորքային բարեփոխումներ»,-ասաց նախարարը: Հայաստանը ԵԽ ակտիվ անդամներից է եւ իր ներդրումն է բերում կազմակերպությունում բոլոր ուղղություններով օրակարգային հարցերին եւ գործընթացներին: Էդվարդ Նալբանդյանը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահության ստանձնումը Հայաստանի համար համարեց կարեւոր ու պատվավոր առաքելություն եւ մեծ պատասխանատվություն: Նա նշեց, որ այս տարվա մայիսի 16-ին Ստրասբուրգում նախագահությունը ստանձնելիս Հայաստանը պետք է հրապարակի իր նախագահության գերակայությունները: «Հայաստանի գերակայությունները ձեւավորելիս՝ մենք փորձել ենք համատեղել ԵԽ կարեւոր օրակարգային եւ Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը»,-ասաց զեկուցողը: Տեղեկացվեց նաեւ, որ Հայաստանի նախագահության ընթացքում քննարկվելու եւ համաձայնեցվելու է կազմակերպության 2014-2015 թթ. բյուջեն եւ գործողությունների ծրագիրը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում ԵԽ-ում լուրջ քննարկումներ են ծավալվել մոնիտորինգային ընթացակարգերի, դրանց օպտիմալացման եւ համակարգման վերաբերյալ: Նախագահության ընթացքում Հայաստանը շարունակելու է խրախուսել եւ առաջ մղել ԵԽ համագործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության եւ այլ գործընկեր կազմակերպությունների հետ: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ԱԳՆ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար եւ հույս հայտնեց, որ այն կնպաստի ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության անցկացմանը:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն իր ելույթում կարեւորեց իրավունքի գերակայության հիմնախնդիրների վերաբերյալ համաեվրոպական միասնական չափորոշիչների մշակումը: Նա տեղեկացրեց, որ 2012 թ.-ի սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ը ընդունել է իրավունքի գերակայության վերաբերյալ հատուկ բանաձեւ, սակայն, մեզանում դեռեւս հստակեցված չեն իրավունքի գերակայության իրավական բովանդակությունը եւ նրա չափորոշիչները: Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահների հետ եւ որոշել Հայաստանի նախագահության շրջանակներում հրավիրել «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողությունների սահմանները ԵԽ անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական ֆորում, որը նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովում: Ֆորումի շրջանակներում նախատեսվում է նաեւ անցկացնել «Նոր հազարամյակի սահմանադրականությունը, իրականության պարադիգմաները եւ մարտահրավերները» թեմայով գրքի շնորհանդես:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրների, խոսեց երկրում հանդուրժողականության եւ խտրականության բացառման մասին: Այս առումով Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակը նախաձեռնել է «Խտրականության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն արդեն ներկայացվել է հանրությանը. նախագիծը վերաբերում է բոլոր սոցիալական խմբերին եւ ուղղված է հասարակությանը ավելի հանդուրժող դարձնելուն: Զեկուցողի կարծիքով՝ ԵԽ-ում ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կունենա նորանոր ձեռբերումներ:

Ելույթ ունեցողները պատասխանեցին նաեւ լսումների մասնակիցների հարցերին:

Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկումների համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ առաջին անգամ միջազգային կարեւորագույն կազմակերպություններից մեկում իրականացվելիք նախագահությունը ի նպաստ կազմակերպության եւ ի նպաստ Հայաստանի Հանրապետության անցկացնելու համար:


03.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Զանգակատուն
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 3-ին այցելեց Արարատի մարզի Զանգակատուն գյուղ. Պարույր Սեւակի թանգարանում ամփոփվեցին ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլի արդյունքները: Այս տարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնը...

03.05.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 3-ին հանդիպեց Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արեւելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկայի հետ: Հանդիպման ընթացքում ...

03.05.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Շնորհավորում եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Մամուլը առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր պետության կյանքում որպես արտահայտվելու եւ մտածելու ազատության հնարավորություն, որպես ժողովրդավարության մակարդակի ու մարդու իրավունքների կարեոր ցուցիչ: Այսօր, երբ տեղե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am