National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.1.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
27.01.2012
Պարգեւներ Բանակի օրվա առթիվ
1 / 6

ՀՀ զինված ուժերում երեք զինծառայող որդի  ունեցող մի քանի ընտանիքներ Բանակի օրվա առթիվ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ, արժանացել են  ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրի եւ դրամական պարգեւի: Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում հյուրընկալեց նրանց: ԱԺ նախագահի առաջարկությամբ զինծառայողներն ու ծնողները նախապես չէին տեղեկացվել միմյանց  մասնակցության մասին, եւ նրանց հուզումնալից հանդիպումը խորհրդարանում հաճելի անակնկալ էր :

ԱԺ նախագահի կարգադրությամբ, Բանակի օրվա առթիվ , Ազգային ժողովի Պատվո մեդալով են պարգեւատրվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Առաքել Մովսիսյանը, Սեդրակ Սարոյանը, Արթուր Աղաբեկյանը:

Միկոյանների, Դանիելյանների, Գլջիյանների, Գեւորգյանների եւ Ավետիսյանների ընտանիքների ներկայացուցիչներին եւ ԱԺ պատգամավորներին  հանձնելով պարգեւները` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորեց բոլորին Բանակի օրվա ու ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ եւ նշեց. «Մեր բանակն արդեն եւ միաժամանակ` դեռեւս 20-ամյա երիտասարդ է, բայց տարիքին թերեւս անհամապատասխան շատ ավելի հարուստ կենսափորձով, եւ վստահությամբ է նայում ապագային, որովհետեւ ունի մնայուն ու արժանապատիվ հետք անցյալում եւ ներկայում:

Կարծում եմ` խորհրդանշական է հայոց բանակի զինվորների ներկայությունը հայոց խորհրդարանում` որպես ուժի եւ իրավունքի միասնություն, որովհետեւ բանակը խորհրդանշում է ուժը, իսկ խորհրդարանը` օրենքը, որոնք երկուսն էլ գերակա են անարդարության եւ որեւիցե ոտնձգության նկատմամբ»: Աժ նախագահի խոսքերով` տարիներ շարունակ հայ զինվորը ծառայել է օտար բանակում, պաշտպանել օտարի հայրենիքը, բայց 20 տարի առաջ իրողությունները փոխվեցին, եւ հայ զինվորը պաշտպանեց իր ընտանիքը, իր պատիվը, իր հայրենիքը:«20 տարի առաջ էլ մեր բանակը ծնվեց արդարությունը եւ իրավունքը պաշտպանելու պայքարում եւ այդ պայքարին զուգընթաց, երբ պատերազմ չցանկանալով հանդերձ` ստիպված էինք զենքի դիմել, որովհետեւ հակառակ կողմն այլ լեզու այդպես էլ չցանկացավ հասկանալ,- ասաց Սամվել Նիկոյանը: - Հայոց զինուժը ծնունդ առավ հայրենիքի ու հայի նկատմամբ ինքնաբուխ սիրուց, նրանց պաշտպանելու անհրաժեշտությունից ու մտահոգությունից: Նման վերաբերմունք միմյանց նկատմամբ ունենում  են հարազատները:

Ահա այդպիսի զգացմունքախառն ու իսկապես նվիրումի մեջ ծնվեց հայկական բանակը, որի մարտունակությունը, կարծում ենք, այսօր գերադասում է կասկածի տակ չդնել ոչ միայն նման փորձից բազմիցս տուժած մեր ռազմատենչ հարեւանը, այլեւ մեզանից հեռու գտնվող տարածաշրջաններում, որովհետեւ գիտեն, որ անկախ ժամանակից, հայ զինվորի ոգին մնացել է նույնը: Նույնն է մնացել նաեւ հայ ծնողի սերը եւ իր զավակի, եւ նրա կողմից պաշտպանվող հայրենիքի նկատմամբ:

Նա հասկանում է, որ իր զավակին է ուղարկում բանակ, բայց նաեւ հասկանում է, որ ուղարկում է ոչ միայն իր, այլեւ բոլորիս հայրենիքը պաշտպանելու: Հասկանում է, որ իր զավակն այլեւս բոլորինս  է, ու բոլորիս սերն էլ միանալով իր սիրուն` ավելի ամուր է դարձնում հայրենիքի զինվորի թիկունքը:

Այսօր այս դահլիճում հյուրընկալելով հայոց բանակի զինվորներին ու նրանց ծնողներին` ես ուզում եմ Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել ձեզ, եւ հանձինս ձեզ` բոլոր զինվորներին ու սպաներին, նրանց ծնողներին ու հարազատներին` բանակին հարազատի հոգատարությամբ վերաբերվելու, բանակի կողքին կանգնած լինելու համար, որովհետեւ որքան էլ խիզախ լինի զինվորը, որքան էլ զինված լինի ամենաժամանակակից զենքով, միեւնույնն է, նա իրեն վստահ չի զգա, եթե թիկունքն ամուր չլինի, եթե չզգա հասարակության աջակցությունը: Իսկ հասարակությունը բոլորս ենք` անկախ մեր զբաղեցրած պաշտոնից: Դրա վկայություն համարենք նաեւ այն, որ Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պարգեւների են արժանանում ոչ միայն այսօրվա բանակի զինվորի ընտանիքները, այլեւ երեկվա զինվորը, ով այսօր պատգամավոր է, բայց , համոզված եմ, անհրաժեշտության դեպքում արդեն հաջորդ պահին վերստին կզինվորագրվի հայրենիքի պաշտպանությանը»:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Բանակի օրվա առթիվ` Ազգային ժողովի նախագահը մեր զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին մաղթեց առողջություն, խաղաղություն եւ արեւշատություն,իսկ նրանց ծնողներին ` համբերություն, լավատեսություն եւ վստահություն: «Թող երբեք անհրաժեշտություն չզգացվի, որ մեր զինվորներն իրենց մարտական բարձր պատրաստվածությունն ու զինվորական հմտությունները դրսեւորեն ռազմական իրավիճակներում» ,- ասաց ԱԺ նախագահը:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի եւ ՀՀ զինված ուժերի կայացման ու բանակաշինության գործում ունեցած ներդրման համար  ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը  ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով  պարգեւատրվեց «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: Այս պարգեւին արժանացան նաեւ ԱԺ վերոհիշյալ պատգամավորները, ինչպես նաեւ նրանց գործընկերներ Հրանտ Գրիգորյանը, Միքայել Մանուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Աշոտ Աղաբաբյանը, Ռուբեն Գեւորգյանը, Ռուստամ Գասպարյանը:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ավանդույթ է դարձել ԱԺ ղեկավարության կողմից երեք զինվոր ունեցող ընտանիքներին խրախուսելը: Նախարարն իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց ծնողներին ու զինծառայողներին, ովքեր իրենց ծառայությամբ եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարձրացնում են հայոց բանակի մարտունակությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am