National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.1.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
20.01.2012
Քննարկվեց ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրի նախագիծը
1 / 3

Հունվարի 20-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը  կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրի նախագիծը: Քննարկումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, վճռաբեկ դատարանի, դատախազության, ոստիկանության, հկ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացման խոսքում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ քննարկումների նպատակն է լսել կարծիքներ, հարցադրումներ, որոնց հիման վրա փաստաթուղթը կլրամշակվի: Կպատրաստվի համապարփակ առաջարկություն, որը կներկայացվի ՀՀ Նախագահին, քանի որ փաստաթուղթը պետք է հաստատվի ՀՀ Նախագահի կարգադրությամբ: Հիշեցնելով, որ ծրագիրը մշակել է արդարադատության նախարարությունը` պարոն Հարությունյանն ասաց, որ այն արդեն իսկ լրամշակվել է մի շարք հանդիպումների ընթացքում հնչած տեսակետների հիման վրա: Այս փուլում հիմնական խնդիրն է լսել, թե ինչ ուղղություններով են մասնակիցները տեսնում նախագծի հնարավոր զարգացումը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հիմնական զեկույցում նշեց, որ ներկայացված բարեփոխումների ծրագիրը նախատեսում է ինչպես նյութական եւ դատավարական մի շարք օրենսգրքերի ընդունում կամ կատարելագործում, այնպես էլ դատական իշխանության եւ դատական ինքնակառավարման մարմինների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխան գործառնական բարեփոխումների ենթարկում, դատական իշխանության կադրերի պատրաստման եւ վերապատրաստման որակապես նոր ու ամբողջական համակարգի ներդրում, գոյություն ունեցող ենթակառուցվածքների եւ նյութական բազայի շարունակական բարելավման ապահովում, վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերի խթանում եւ հանրությանը մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում: Նախարարի բնորոշմամբ` ծրագրի հիմնական նպատակը ՀՀ ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական եւ դատական համակարգի ապահովումն է, որը ենթադրում է անկախ եւ հաշվետու դատական իշխանության ապահովում, քրեական արդարադատության եւ քրեական պատիժների համակարգի, վարչական արդարադատության եւ վարչական վարույթի, քաղաքացիական արդարադատության եւ դատավարական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացում, փաստաբանական համակարգի բարեփոխումների ապահովում, դատախազության գործունեության եւ հանրությանը մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում: Պարոն Թովմասյանը նշեց, որ առաջիկայում ծրագրի մշակման նպատակով նախատեսվում է աշխատանքային խմբերի ստեղծում, հայեցակարգի մշակում, աշխատանքներին տեղական եւ միջազգային փորձագետների ներգրավում, որպեսզի հնարավոր լինի գտնել խնդիրների օպտիմալ եւ հեռահար լուծումներ: Հրայր Թովմասյանը ներկայացրեց ծրագրի բովանդակությունը: Անկախ եւ հաշվետու դատական համակարգի ապահովմանն ուղղված միջոցառումների թվում նշվեց դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ որակավորման ստուգման թափանցիկ եւ օբյեկտիվ ընթացակարգերի նախատեսումը, կարգապահական վարույթի հարուցման հիմքերի հստակեցումը, դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացակարգերի կատարելագործումը, դատավորների եւ դատական ծառայողների մասնագիտական շարունակական վերապատրաստման ծրագրերի իրականացումը, դատավորների միջեւ գործերի պատահական բաշխման համակարգի ներդրումը` սահմանելով գործերի բաշխման օբյեկտիվ չափանիշներ: Պարոն Թովմասյանն անդրադարձավ քրեական արդարադատության եւ քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ միջոցառումներին: Այս համատեքստում նա նշեց, որ նախատեսվում է արդարադատության նախարարության կառուցվածքում քրեակատարողական ծառայությունից անկախ եւ առանձին պրոբացիայի ծառայության ստեղծում, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների գործունեության բարեփոխում:

ՀՀ Նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը նշեց, որ ծրագրի նախագիծը դեկտեմբերի 22-ին քննարկվել է ՀՀ Նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ եւ Նախագահի առաջարկությամբ որոշվել է անցկացնել խորհրդարանական լսումներ: Ըստ պարոն Կուտոյանի` նման բարդ ոլորտի վերաբերյալ հանրային քննարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության աստիճանի բարձրացման առումով: Նրա խոսքով` ծրագրի վերլուծությունը ցույց է տալիս, որ փաստաթղթում թեեւ ներառված են դատաիրավական ոլորտին վերաբերող գրեթե բոլոր խնդիրները, առաջարկված են որակապես նոր լուծումներ, այդուհանդերձ որոշակի լրամշակման եւ կատարելագործման անհրաժեշտություն կա: ՀՀ Նախագահի օգնականը ինստիտուցիոնալ եւ դատավարական խնդիրներին առնչվող մի շարք առաջարկություններ ներկայացրեց: Ինստիտուցիոնալ առաջարկները վերաբերում էին դատավորների անկախությանը, դատական իշխանության ինքնակառավարմանը, դատական վարչարարությանը եւ դատավորների հաշվետվողականությանը: Ըստ նրա` դատական իշխանության ինստիտուցիոնալ բարեփոխումներն անհրաժեշտ է զուգորդել արդարադատության համակարգի այլ կառույցների համաչափ զարգացման հետ: Դատավարական խնդիրների մասով պարոն Կուտոյանը նշեց, որ պետք է առավել ուշադրություն դարձվի գործերի քննության արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը իր ելույթում ողջունելի համարեց ծրագրի մշակումը եւ ընդունումը: Նրա գնահատմամբ` ծրագրի վերնագրում պետք է ավելացվի «ռազմավարական» բառը` ընդգծելու համար ծրագրի ռազմավարական նշանակությունը: Պարոն Մկրտումյանն անդրադարձավ փաստաթղթում տեղ գտած որոշ դրույթների, որոնք վերաբերում էին ինստիտուցիոնալ խնդիրներին: Վճռաբեկ դատարանի նախագահի գնահատմամբ` առաջիկա 4 տարիների գործունեության նպատակը պետք է լինի դատական իշխանությունը առավել թափանցիկ, մատչելի, արդյունավետ եւ մասնագիտացված դարձնելը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւս ողջունեց ներկայացված նախաձեռնությունը` նշելով, որ ծրագրի նպատակն է ունենալ անկախ եւ հաշվետու դատական համակարգ: Նա որոշակի վերապահումներ ներկայացրեց նախագծի առանձին դրույթների վերաբերյալ` կարեւորելով հատկապես կադրերի սկզբնական պատրաստման հարցում բուհերին օժանդակելու խնդիրը, որը փաստաթղթում հաշվի չի առնվել: Ավարտելով խոսքը` պարոն Ղազինյանը նշեց, որ առաջիկայում ծրագիրը մշակողին կներկայացվի նաեւ իր գլխավորած ֆակուլտետի տեսակետը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարեւորեց փաստաթուղթը` նշելով, որ այն առաջարկում է խնդիրների հետաքրքիր լուծումներ: Նա անդրադարձավ ծրագրում տեղ գտած ձեւակերպումներին, ռազմավարական նշանակությանը: Հանձնաժողովի նախագահը ողջունելի է համարում ռազմավարական խնդիրների առավել հստակ ձեւակերպումը: Պարոն Հարությունյանի գնահատմամբ` ծրագրում որոշ բաժիններ բացակայում են, օրինակ` կադրերի պատրաստման խնդիրը: Օբյեկտիվ վերստուգիչ չափորոշիչների հարցում պարոն Հարությունյանն առաջարկում է լինել առավել կոշտ եւ հստակ: Օրենսգրքերի հարցում, նրա կարծիքով, չպետք է խնդիր դնել անպայման նորը ընդունել կամ հինը պահպանել: Եթե հնարավոր է խնդիրները լուծել պահպանելով հինը, ապա այդպես պետք է արվի: Դավիթ Հարությունյանը ընդգծեց, որ լուրջ աշխատանք է կատարված, ծրագիրը 2012-16 թթ. պետք է լինի հիմնական ուղեցույց, որով առաջնորդվելու են օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները:

Ոլորտի պատասխանատուները իրենց հարցադրումներում անդրադարձան մասնագիտացված դատարանների ստեղծմանը, դատախազությունում արխիվի եւ վիճակագրության համակարգի էլեկտրոնային կառավարման, դատախազների վերապատրաստման, դատավորների եւ դատախազների աշխատավարձերի հավասարեցման խնդրին, դատարաններում մեղադրող դատավորների համար սենյակների տրամադրմանը եւ այլն: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ բոլոր հարցադրումներին եւ տվեց սպառիչ պատասխաններ: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովին քննարկումները կազմակերպելու համար եւ հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքում ծրագրի նախագիծը առավել կբարեփոխվի:

Եզրափակիչ ելույթում Դավիթ Հարությունյանը առաջարկեց ներկաներին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում արդարադատության նախարարությանը ներկայացնել իրենց առաջարկությունները եւ դիտողությունները:


20.01.2012
Ստացվել է 2203 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2011 թ. 4-րդ  եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին  է հանձնվել քաղաքաց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am