National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
14.11.2011
Ազգային ժողովը քննարկեց հարկային ոլորտի բարեփոխումներին առնչվող օրինագծեր
1 / 6

Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովն սկսեց  հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ քվեարկությամբ հաստատեցին նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ քառօրյա նիստերի օրակարգի մասին ԱԺ որոշումները, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավոր Արմեն Մելիքյանի փոխարեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, ըստ ԲՀԿ համամասնական ընտրացուցակի, ԱԺ պատգամավոր է գրանցվել Մուշեղ Պետոյանը, եւ շնորհավորեց ԱԺ նոր պատգամավորին:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արտահերթ ելույթ ունեցավ.

«Հարգելի պատգամավորներ,

Դուք արդեն գիտեք, որ գալիք ընտրություններում ես գլխավորելու եմ մեր կուսակցության շտաբը եւ արդեն իսկ հայտարարել եմ, որ այդ կարեւոր գործին նախապատրաստվելու համար որոշել եմ վաղաժամ վայր դնել խորհրդարանի նախագահի իմ լիազորությունները:

Լիովին գիտակցելով ողջ պատասխանատվությունը ՀՀ Նախագահի, պետության, ժողովրդի եւ կուսակցության առջեւ, համաձայն  Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի հոդված  20-ի 2-րդ կետի` այսօր ներկայացնում եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իմ դիմումը:

2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվելով  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ` հայտարարել եմ, որ Ազգային ժողովի գործունեությունը պետք է լինի թափանցիկ, իսկ խորհրդարանը` հասանելի հասարակության համար: Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել խորհրդարանի հնարավորինս թափանցիկ գործունեությունը եւ սերտացնել խորհրդարան-հասարակություն կապը:

Ես շնորհակալություն եմ հայտնում մեր համատեղ աշխատանքի համար: Սա ինձ համար շատ կարեւոր, իսկ խորհրդարանական մշակույթի ամրապնդման առումով արդյունավետ ժամանակահատված էր:

Ազգային ժողովի գործունեությունը գնահատելիս պիտի հաշվի առնել նրա` որպես օրենսդիր բարձրագույն մարմնի դերակատարության կշիռը պետության կյանքում: Կարծում եմ` Ազգային ժողովն իրեն դրսեւորել է որպես պետականության կայացման գործընթացի ակտիվ մասնակից: Վստահ եմ, որ այսուհետ եւս Ազգային ժողովն իր ակտիվությամբ մշտապես լինելու է պետության ու հասարակության շահերի պաշտպանը: Ազգային ժողովը կատարել ու կատարելու է օրենսդիր մարմնի իր գործառույթները, որովհետեւ ժողովրդից ստացած քվեն նշանակում է մշտական պատասխանատվություն եւ պարտքի գիտակցում ընտրողի, ուրեմն եւ` պետության առջեւ:

Բոլորդ եք վկա, որ ԱԺ նախագահի պաշտոնում իմ գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով: Եղել ու մնում եմ այն համոզմանը, որ խորհրդարանը պետք է լինի բազմակարծության ամբիոն եւ մի հարթակ, որտեղ կարող են հնչել եւ լսելի լինել բազմաթիվ ու ոչ ստանդարտ կարծիքներ, որոնց համադրման ու նաեւ հակադրման արդյունքում պիտի ծնվեն այն օրենսդրական լուծումները, որոնք այսօր անհրաժեշտ են մեր երկրին:

Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր` չեմ պատրաստվում խուսափել իմ ընտրողների առջեւ ստանձնած պատասխանատվությունից ու պատգամավորական պարտականություններից: Ինչ պաշտոններ էլ որ զբաղեցրել եմ, երբեք չեմ հեռացել իմ ժողովրդից, տեղյակ եմ նրա խնդիրներին ու պատրաստակամ` նպաստելու դրանց լուծմանը:

Հարգելի պատգամավորներ,

կարծում եմ` բոլորին էլ հասկանալի է, որ մեր երկիրը մտնում է հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլ, ընտրություններ, որոնք բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը բոլորիս եւ հատկապես իշխանությունների պատվի գործն է: Ես պատահաբար չեմ օգտագործում «բոլորիս» բառը, քանի որ  ընտրությունների ցանկացած բացասական հետեւանք հարված է ոչ միայն իշխանությունների, այլ ամբողջ երկրի հեղինակությանը: Իշխանությունները բազմիցս են հայտարարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամք եւ հաստատակամություն:

Հարգելի գործընկերներ,

Ավարտելով խոսքս` մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում իմ պաշտոնավարության ընթացքում կատարած մեր համատեղ աշխատանքի ու համագործակցության համար: Շնորհակալ եմ ձեր խորհուրդների, առաջարկների ու քննադատության համար: Այդ ամենը վկայում է, որ մենք կարողացել ենք համատեղ աշխատել, լսել, հանդուրժել, հարգել միմյանց:

Վստահ եմ, որ այս դահլիճում շարունակելու են իշխել ողջամտությունը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը: Մաղթում եմ, որ մեզանում այն դրսեւորվի ոչ միայն խորհրդարանում, այլեւ ողջ քաղաքական դաշտում»:  
  
ԱԺ պատգամավորները ավարտեցին նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թ. գործունեության մասին» հաղորդման քննարկումը:

Քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, իսկ փաթեթում նոր ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» առաջարկված փոփոխությունները եւ լրացումը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Այն ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին վարչական գործեր քննելու եւ  վարչական տույժեր նշանակելու լիազորություն է տալիս: 
  
ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ երրորդ ընթերցման ներկայացված «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւ երկրորդ ընթերցման ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: 
  
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Նախագծի ընդունումը բխում է բարձր եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց եկամուտների` եկամտահարկի առավել բարձր (պրոգրեսիվ) դրույքաչափով հարկման, ներկայումս չկարգավորված որոշ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ եռամսյակային կանխավճարների չափի վերանայման անհրաժեշտությունից:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների հարկման առավել արդարացի համակարգ` բարձր (2 միլիոն դրամից ավել) եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց եկամուտները հարկելով եկամտահարկի առավել բարձր դրույքաչափերով,  վերականգնել անհատ ձեռնարկատերերի կողմից եկամտահարկի գծով կատարվող կանխավճարների չափերը, որոնք իջեցվել են 2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում,  Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպություններին եւ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված դրանց ստորաբաժանումներին հնարավորություն ընձեռել` հանդես գալու որպես հարկային գործակալ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարված եկամուտների մասով,  ապահովել պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ: 
  
Պարոն Կարայանը ներկայացրեց նաեւ հարկային ոլորտի մեկ այլ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի կարգավորման նպատակը`

ա) վարձու աշխատողների կողմից կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարի չափը 2 միլիոն ՀՀ դրամից բարձր աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների մասով 3 տոկոսի փոխարեն 8 տոկոս սահմանելն է,

բ) աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու դեպքերի համար տուգանքը սահմանված է 60 հազար ՀՀ դրամի փոխարեն 300 հազար ՀՀ դրամ սահմանելն է, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է 5-ը,

գ) հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների (հաշվարկների, հայտարարագրերի) եւ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների կատարման վերջնաժամկետների միասնականացումն է,

դ) անձնական հաշվի քարտերի վարման (նաեւ` դրանց միջեւ հաշվանցումների) էլեկտրոնային եղանակով իրականացնելու համակարգի ներդրումն է: 
  
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  անհրաժեշտությունը, ըստ պարոն Կարայանի, բխում է բանկային գործունեության ոլորտից շահութահարկի տեսքով լրացուցիչ բյուջետային եկամուտներ հավաքագրելու քաղաքականությունից:

Նախագծի կարգավորման նպատակը բանկերին օրենքով սահմանված կարգով հիմնական միջոցների վերագնահատումնր կատարելու հնարավորությունից զրկելն է, որի արդյունքում ակնկալվում է հիմնական միջոցների վերագնահատման մասով հավասար պայմաններ սահմանել բանկերի եւ այլ տնտեսավարող սուբյեկտների միջեւ: 
  
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը կարգավորում է արտահանվող հանքաքարի պետական տուրքին առնչվող հարաբերությունները, ըստ որի` այն գանձվում է յուրաքանչյուր անգամ արտահանվող հանքաքարի տվյալ ծավալում մետաղի պարունակության եւ դրա միջազգային շուկայական միջին գնի հիման հաշվարկված արժեքի 3 տոկոսի չափով: 
  
ԱԺ պատգամավորների քննարկած հարկային ոլորտին վերաբերող մյուս հարցը «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն էր: Նախագծի կարգավորման նպատակն է`

ա) սահմանափակել բանկ եւ (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա տոկոսների` հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման հնարավորությունները,

բ) կառավարման ծառայությունների գծով կատարվող ծախսերի նկատմամբ սահմանել նվազեցման թույլատրելի նորմա,

գ) վերականգնել շահութահարկի գծով կատարվող կանխավճարների չափերը, որոնք իջեցվել են 2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում,

դ) կրճատել շահութահարկով հարկման նպատակով միակողմանի փաստաթղթերով հիմնավորվող ծախսերի` հարկային հաշվառման նպատակով թույլատրելի շեմը` տարեկան կտրվածքով 72 մլն. դրամի փոխարեն սահմանելով 36 մլն. դրամի չափով,

ե) սահմանափակել օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների հետ գործարքների (այդ թվում` ձեւականորեն կատարվող գործարքների) կատարման արդյունքում հարկումից խուսափելու հնարավորությունները,

զ) եկամուտ չհամարելու առումով սահմանել բացառություն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերի մասով: 
  
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը, ըստ պարոն Կարայանի` բխում է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման համար ավելի համարժեք եւ հիմնավորված պատասխանատվության միջոցներ սահմանելու քաղաքականությունից:

Նախագծի կարգավորման նպատակը հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների` մեկ տարվա ընթացքում երկրորդ եւ ավելի խախտման համար ավելի համարժեք եւ հիմնավորված պատասխանատվության միջոցների սահմանումն է:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման դեպքերի թիվը եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով արձանագրել շրջանառության իրական ծավալները:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` նոյեմբերի 15-ի նիստում:


14.11.2011
Ասուլիս խորհրդարանում
Նոյեմբերի 14-ին հրավիրած մամուլի  ասուլիսում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մանրամասներ հաղորդեց Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի խորհդարանական պատվիրակության մասնակցությամբ կայացած նիստերի մասին: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյա...

14.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արտահերթ ելույթը Ազգային ժողովի նիստում
«Հարգելի պատգամավորներ, Դուք արդեն գիտեք, որ գալիք ընտրություններում ես գլխավորելու եմ մեր կուսակցության շտաբը եւ արդեն իսկ հայտարարել եմ, որ այդ կարեւոր գործին նախապատրաստվելու համար որոշել եմ վաղաժամ վայր դնել խորհրդարանի նախագահի իմ լիազորությունները: Լիովին գիտակցելով ողջ պատասխանատվությունը ՀՀ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am