Հայաստան են ժամանել Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի չորս կին անդամներ Չաո Բա Սուկը, Չոի Կյունգ Հին, Ջուն Հու Սուկը, Փարկ Յունգահը:
Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց կորեացի պատգամավորներին:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Կորեայի Հանրապետության հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ նշեց, որ բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ընդլայնմանը եւ ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ դիտարկում է Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը դրա կարեւոր օղակներից մեկը: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ Կորեայի միջեւ տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար գոյություն ունի մեծ ներուժ: Նա բարձր գնահատեց Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) եւ «GS Group» ընկերության աջակցությունը Հայաստանի խորհրդարանի կարողությունների զարգացման ծրագրին, մասնավորապես օժանդակությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերակառուցմանը, արդիականացմանը եւ տեխնիկական վերազինմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով խորհրդարանական դիվանագիտությունը` որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ, կարող է խթան հանդիսանալ զարգացման միտում ունեցող ակտիվ եւ փոխշահավետ համագործակցության զարգացման գործընթացում: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանի եւ Կորեայի Հանրապետության խորհրդարաններում ձեւավորված միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերն իրենց զգալի ներդրումը կարող են ունենալ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման, համագործակցության նոր ոլորտների բացահայտման գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջազգային կառույցներում փոխգործակցության զարգացումը:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահը վերահաստատեց իր հրավերը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Պակ Հի Թաեին այցելել Հայաստան:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները նշեցին, որ առաջին անգամ լինելով Հայաստանում իրենց զգում են հարազատ միջավայրում: Ընդգծելով, որ Հայաստան-Կորեա փոխգործակցությունը լուրջ հիմքերի վրա է դրված` նրանք անհրաժեշտ համարեցին Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը եւ այս համատեքստում բարձր գնահատեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Կորեայի Հանրապետություն, ինչը մեծապես նպաստեց երկկողմ կապերի ակտիվացմանը եւ խորացմանը: Կին պատգամավորները նշեցին, որ իրենց հերթին ամեն ինչ կանեն, որ Կորեա-Հայաստան գործակցությունը առավել ամրապնդվի եւ միջխորհրդարանական կապերը զարգանան:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր