National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
27.10.2010
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ոճրագործության զոհերի հիշատակը
1 / 9

Հոկտեմբերի 27-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստին ներկա էին 1999թ. հոկտեմբերի  27-ի  ոճրագործության զոհերի հարազատները:

Դիմելով ներկաներին`   ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերյան  քստմնելի ոճրագործության 11-րդ տարելիցը, ոճրագործություն, որը առաջին հերթին ոտնձգություն էր ոչ միայն պետական-քաղաքական  ականավոր գործիչների կյանքի նկատմամբ, այլեւ հարված` պետականության ողնաշարին:

Ողբերգական իրադարձությունների հետեւանքով կորցրեցինք պետության ու ժողովրդի նվիրյալ զավակների, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ ազնվորեն ծառայեցին երկրին ու հասարակությանը, ովքեր ունեին բազում ծրագրեր եւ դրանք իրականացնելու հաստատակամություն:

Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Լեոնարդ Պետրոսյանը մեր պետականության կայացման անբաժանելի մասն են:

Մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը»:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ոճրագործության զոհերի հիշատակը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին  նախորդ օրը քննարկված օրինագծերը, օրենսդրական փաթեթները, եւ վավերացրեցին մեկ  միջազգային պայմանագիր:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց շարունակել նախորդ օրն ընդհատված «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Հարցի առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց  հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

Օրինագծի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին  ԱԺ պատգամավորները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եզրափակիչ ելույթում պատգամավորներին առաջարկեց ներկայացնել գրավոր առաջարկներ` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում քննարկելու համար:  Սուրեն Կարայանը, անդրադառնալով պատգամավորների ելույթներին, նշեց, որ օրինագծով որեւէ խտրականություն չի դրվում ՀՀ քաղաքացիների եւ օտարերկյա քաղաքացիների միջեւ, եւ որեւէ  դրույթ  չի  հակասում ՀՀ Սահմանադրությանը:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց  ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության  կարգով  ներկայացրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից մի շարք  օրենքներում փոփոխություններ  եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների  կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:  Նշվեց, որ ներկայացվող փաթեթով առաջարկվում է անձնական հաշվի քարտերի վարման պահանջ սահմանել գործող բոլոր օրենքներով, որտեղ նախատեսվում են պարտավորություններ բյուջեի նկատմամբ, հստակեցնել անձնական հաշվի քարտերում պարտավորությունների հաշվառման չափման միավորը (որպես չափման միավոր առաջարկվում է օգտագործել դրամը` այլապես հնարավոր չի լինելու հաշվարկել տույժերը եւ 5% տուգանքը, միաժամանակ` լուծարման գործընթացը ապահովելու համար առաջարկվում է անտեսել մինչ 100 դրամ պարտավորությունները եւ գերավճարները) եւ այլն:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: Նա նշեց, որ նախագծերի կարգավորման առարկան հարկային հաշվառման հստակեցումն ու պարզեցումն է:

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցման ընթացակարգով պատգամավորների քննարկմանը ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական եկամուտների  կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա` նախագծով առաջարկվում է սահմանել արտահանման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գումարները: Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց կարող են հաշվանցել եւ (կամ) վերադարձնել առանց ուսումնասիրության եւ ստուգման: Նշվեց, որ 2011-2012 թթ. ռիսկային չհամարվող հարկ վճարողներին ավելացված արժեքի եւ ակցիզային հարկի գումարները առանց ուսումնասիրության հաշվանցվում եւ վերադարձվում են, եթե  հաշվետու ամսվա արդյունքներով  (կամ  հաշվետու եռամսյակի համար ամսական հաշվարկով) հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի հանրագումարը, իսկ ակցիզային հարկ չվճարողների համար` ավելացված արժեքի հարկի գումարը 2011 թ. չի գերազանցում 5 միլիոն դրամը, իսկ 2012 թ.` 10 միլիոն դրամը: Հարկ վճարողների նկատմամբ կկիրառվի պատասխանատվություն առանց ուսումնասիրության կամ ստուգման ավել գումարներ հաշվանցելու կամ հետ ստանալու դեպքերում` տուգանք ավել հաշվանցված կամ հետ վերադարձված գումարի 50%-ի չափով:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: Նշվեց, որ նախագծի կարգավորման առարկան առանց ուսումնասիրության կամ ստուգման արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու հնարավորության սահմանումն է: Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի առանց ուսումնասիրության կամ ստուգման արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները ուղղել հարկ վճարողների այլ պարտավորությունների մարմանը կամ հարկային պարտավորությունների բացակայության դեպքում այդ գումարները հետ վերադարձնել հարկ վճարողներին:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արմեն Ալավերդյանը պատգամավորներին առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համատեղ աշխատելու առաջարկություն արեց:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների  կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց  կառավարության հեղինակած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացվող փաթեթով առաջարկվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ների տրամադրումն իրականացնել ՀՀ պետական ռեգիստրի միջոցով, գրանցման (հաշվառմանը) զուգընթաց,  ՀՀ պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացող կազմակերպություններին եւ հաշվառվող անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման գործընթացի կազմակերպման նպատակով ՀՀ հարկային մարմինը վերջինիս տրամադրում է իր ավտոմատացված կառավարման համակարգում տվյալների բազայի հետ առ-գիծ (օն-լայն) ռեժիմով օգտվելու թույլտվություն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:

Խորհրդարանը ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի ներկայացմամբ  երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենքների նախագծերի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն  եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը երկրորդ ընթերցման ընթացակարգով ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենքների նախագծերի առնչությամբ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը  երկրորդ ընթերցման ընթացակարգով պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական փաթեթի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում:

Չորեքշաբթի օրվա վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:


27.10.2010
Հարգանքի տուրք հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի այգում  1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Արարողությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Սամվել Նիկոյանը եւ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԺ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am