National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
26.10.2010
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Հոկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: Պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի եւ Ռաֆիկ Պետրոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծի քվեարկությունը  լրամշակման նպատակով հեղինակները  մինչեւ 15 օրով հետաձգեցին:

Նիստին  ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակներում ներկա  էին ՀՀ սփյուռքի նախարարության  «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակից երիտասարդ սփյուռքահայեր:

Խորհրդարանը ավարտին հասցրեց ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:

Երրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»  կառավարության հեղինակած օրինագիծը` կից փաթեթով, որի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակցությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման առաջարկեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պետական եւ ոչ պետական ԲՈՒՀ-երի մրցակցային դաշտի ստեղծմամբ, որը հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների եւ ուսանողների համար:  Փոփոխությունները վերաբերում են նաեւ ԲՈՒՀ-երից հեռացված/ ազատված/ ուսանողների` ԲՈՒՀ-ում վերականգնվելու խնդրին: Այս առումով հստակեցվում են ուսանողների իրավունքները, հեռացման եւ վերականգնման առկա բացթողումները, հեռացման եւ վերականգնման գործընթացները:

Օրինագծում հաշվի են առնվել  նաեւ ոչ պետական ԲՈՒՀ-երի  շրջանավարտների շահերը. օրենքի ընդունման պարագայում նրանք հնարավորություն կունենան  մասնակցել ոչ պետական հավատարմագրված ԲՈՒՀ-երի համապատասխան ամփոփիչ ավարտական քննություններին եւ ստանալ պետական նմուշի դիպլոմ:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց  Կարինե Աճեմյանը:

Օրինագծերում ամրագրված փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրեցին պատգամավորներ Կարեն Ավագյանը եւ Անահիտ Բախշյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն ասաց, որ որեւէ առաջարկ չի ստացվել եւ օրինագիծը չի փոփոխվել: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հակոբ Հակոբյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ եւս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Ապա ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն առաջին ընթեցմամբ քննարկման ներկայացրեց «Արտոնագրային վճարների մասին» եւ կից  մեկ տասնյակի հասնող օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը, որի առաջին` «Արտոնագրային վճարների մասին» օրինագծի նպատակը փոքր ձեռներեցության համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծումն  ու  հարկային դաշտում  վարչարարության կրճատումն է: Փոփոխություններով նախատեսվում է մինչեւ 6 մլն դրամ շրջանառություն ունեցող ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ  ձեռնարկատեր հանդիսացող հարկատուների համար տվյալ հաշվետու տարվա վերջնական հարկային պարտավորությունները սահմանափակել համապատասխան արտոնագրային վճարներով:

Ըստ հիմնավորման` գործող օրենսդրությամբ սահմանված են ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակներ, որոնք ֆիզիկական անձինք կարող են իրականացնել առանց որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալու, եթե նախորդ հաշվետու տարում այդ գործունեության տեսակների  մասով մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների իրացման շրջանառության ընդհանուր գումարը չի գերազանցել 2,5 մլն դրամը: Նշված անձինք` ստանալով արտոնագիրը եւ վճարելով արտոնավճարը, պարտավորված չեն որեւէ հաշվառում  վարելու եւ ներկայացնելու հաշվետվություններ հարկային մարմիններ: Այս առումով անհավասար պայմաններ են ստեղծվել փոքր իրացման շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց վրա չեն տարածվում գործող օրենքի դրույթները:

Ըստ հիմնական զեկուցողի` փաթեթի խնդիրը հարկային  վարչարարության պարզեցումն է եւ հարկային ոլորտի բարեփոխումը: Ակնկալվում է, որ  փաթեթի   ընդունման արդյունքում փոքր ձեռներեցության համար կստեղծվեն գործունեության նպաստավոր պայմաններ եւ տեղի կունենա հարկային վարչարարության կրճատում:   Ընդունման դեպքում հարկային փաթեթն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հունվարի 1-ից:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ քննարկվել եւ օրենսդրական փաթեթում հաշվի են առնվել «Օրինաց երկիր»  խմբակցության առաջարկները, քանի որ հարկային բարեփոխումներ ենթադրող  օրինագիծ էր ներկայացրել նաեւ «Օրինաց երկիր» խմբակցությունը:

Հիմնական զեկուցողին հարցերով դիմելու համար հերթագրված պատգամավորները ներկայացրեցին իրենց դիտողությունները եւ մտահոգությունները, ինչի առնչությամբ  Սուրեն Կարայանը պատրաստակամություն հայտնեց փոխգործակցել եւ մտահոգիչ հարցերի վերաբերյալ  գտնել առավել ընդունելի  լուծումներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հնչեցրեց Վարդան Բոստանջյանը:

Հարկային բարեփոխումների վերաբերյալ իրենց  դրական դիրքորոշումը  ներկայացրեցին պատգամավոր Արծրունի Աղաջանյանը եւ  ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Սամվել Բալասանյանն արտահերթ ելույթում ողջունեց ՀՀ կառավարության` հարկային բարեփոխումներ իրականացնելու օրենսդրական նախաձեռնությունը, նկատեց, որ այսօր փոքր եւ միջին բիզնեսը գտնվում է ոչ լավ վիճակում: Ըստ  Սամվել Բալասանյանի, ներկայացված օրենսդրական փաթեթը կնպաստի փոքր եւ միջին  բիզնեսի զարգացմանը: Պարոն Բալասանյանը նշեց, որ թեեւ ողջունելի նախաձեռնություն է ներկայացված, այնուամենայնիվ կան դիտողություններ, որոնք կներկայացվեն: Ըստ նրա` պետք է ամրագրել ընդհանուր մոտեցում, եթե հանվում են շահութահարկը եւ ավելացված արժեքի հարկը, ապա ինչու չի հանվում ակցիզային հարկը: Նա տեղեկացրեց, որ կներկայացնի առաջարկներ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն առաջին ընթերցման ընթացակարգով խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի  ընդունում, ըստ զեկուցողի, պայմանավորված է մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ:  Մասնավորապես նշվեց, որ այսօր որոշ խնդիրներ կան` կապված մաքսային հսկողության արդյունավետ  իրականացման, ՀՀ մաքսային տարածքից արտահանված եւ հետադարձ ներմուծվող ապրանքների մաքսային ձեւակերպումների եւ մաքսային վճարների վճարման հետ կապված հարաբերություններում: Առաջարկվում է մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառել ընտրողականության սկզբունքը, հսկողության ձեւերի ընտրության  ժամանակ  կիրառել ռիսկերի կառավարման համակարգ, սահմանել ռիսկերի կառավարման համակարգի էությունը եւ ռիսկերի գնահատման չափանիշները, ներդնել մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, ազատ շրջնառության համար ներմուծված օտարերկրյա ծագման ապրանքների` «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանումից հետո դրանց հետագա ներմուծման դեպքում ներմուծման ռեժիմների շարքում նախատեսել նաեւ «Վերաներմուծում» մաքսային ռեժիմի կիրառում` կրկնակի հարկումից խուսափելու նպատակով եւ այլն:

Օրինագծի քննարկումը կշարունակվի ԱԺ հոկտեմբերի 27-ի նիստում:

Օրվա  վերջում ԱԺ Կանոնակարգ-օրենքի համաձայն` պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am