National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.03.2010
Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում Բեռնար Ֆասիեն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներին
1 / 4

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի երկրորդ օրը` մարտի 12-ին, շարունակվեց Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումով: Նիստը վարում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Վերջինս նախ ներկայացրեց  հակամարտությունների կարգավորման ու բանակցությունների իր փորձը` Վրաստանում եւ Աբխազիայում, Բելառուսում, Բոսնիա-Հերցոգովինայում: Այդ պատճառով էլ, ըստ համանախագահի, իրեն  են վստահվել  ԼՂ հարցի բանակցությունները` ամերիկացի եւ ռուս համանախագահների հետ միասին: Բեռնար Ֆասիեն սեմինարի մասնակիցներին ներկայացրեց հակամարտությունը կարգավորելու ընթացքը հրադադարից ի վեր` նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր միջնորդությունն սկսել է իրականացնել 1997 թ-ից: Այդ ընթացքում տարբեր ձեւաչափերով լուծումներ եւ առաջարկներ են առաջ քաշվել, որոնք, սակայն, մերժվել են: Այդ թվում եւ 2001 թ.ին` Հեյդար Ալիեւի կողմից: Համանախագահի կարծիքով` խնդիրը միանգամից լուծելի չէր, եւ այդ պատճառով 2005 թ-ի  սկզբին համանախագահները ակտիվացրին միջնորդությունը երկու կողմերի միջեւ` ներգրավելով գործընթացում երկու երկրների նախագահներին: Միայն անցած տարվա ընթացքում նախագահների միջեւ հաջողվել է 6 հանդիպում կազմակերպել, նշեց ֆրանսիացի համանախագահը: ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները ամրագրվել են Մադրիդում` 2007 թ.-ին, իսկ վերջերս մադրիդյան սկզբունքները լրացվել են նորերով: Կողմնորոշիչ են նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի` ժողովուրդների ինքնավարության եւ սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաեւ ուժի չկիրառման սկզբունքները: Բեռնար Ֆասիեն այն կարծիքին է, որ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների համադրմամբ է միայն հնարավոր հասնել  խնդրի կարգավորմանը: Իսկ խնրի խաղաղ կարգավորումն  իր հաստատումն է ստացել նաեւ  2008 թ-ին` մոսկովյան հռչակագրում: Մեջբերելով նաեւ աշխատանքային դարձած` Ակվիլայի համաձայնագրի դրույթները` ֆրանսիացի համանախագահը հրապարկեց ԼՂ հակամարտության կարգավորման առկա մոտեցումները: Այն է` գտնել  միջանկյալ կարգավիճակ, երբ հնարավոր կլինի Ղարաբաղում ապահովել  անվտանգություն, անցկացնել հանրաքվե` մինչեւ պատերազմը Ղարաբաղում ապրող բնակչության շրջանակներում,  ունենալ միջանցք Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, ապահովել փախստականների վերադարձը եւ միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը տարածքում:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` համանախագահը նշեց. թեեւ իրենք կողմ են ԼՂ-ն որպես կողմ բանակցություններում ներգրավելուն, սակայն դա կնշանակեր նոր ձեւաչափի ձեւավորում եւ հետ քայլ: Նրա խոսքերով` ղարաբաղի բնակչությունը կարող է ներկայացվել հայկական պատվիրակության կազմում, հատկապես որ ԼՂ ինքնավարությունը դեռ ճանաչում չի գտել: Բեռնար Ֆասիեն համոզված է, որ հարցի վերջնական լուծումը կգտնվի այն  դեպքում, երբ Ղարաբաղի հայ եւ ադրբեջանցի  բնակչությունը, ինչպես առաջ, կարողանա ապրել կողք կողքի:

Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովն իր ելութում նշեց, որ թեեւ Մինսկի խմբի համանախագահողները հավաստիացնում են, որ բանակցությունները նոր փուլ են մտել, բայց հարցի լուծումը դեռ մնում է մշուշոտ: Այնուամենայնիվ, դրական տարրեր նշմարվում են: Առաջինը ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացն է, համանախագահողների միջեւ ստեղծված լավ համագործակցությունը, միջազգային գործընթացների նպաստավոր լինելը: Հակամարտության կարգավորման վրա դրական ազդեցություն ունի նաեւ երկրորդ գործոնը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը: Ըստ Հուսեյնովի` պետք է գիտակցել, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող գործընթացները միմյանցից անկախ են եւ չի կարելի խառնել դրանք, ինչը չի բխում նաեւ Ադրբեջանի շահերից:

Փոխվստահության մթնոորտ ապահովելու համար իշխանությունները պետք է իրազեկեն հասարակություններին ընթացող գործընթացների եւ արդյունքների մասին եւ ապահովեն ժողովուրդների` տարբեր ձեւաչափերով բաց երկխոսություն:

Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման լավագույն ձեւաչափը Մինսկի խումբն է, եւ այսօր հարցը տեղից շարժելու նպաստավոր պայմաններ կան: Անդրադառնալով բանակցային գործընթացներին Լեռնային Ղարաբաղի մասնակցության խնդրին` բանախոսը զարմանք հայտնեց, որ ոմանք այս հարցում դժվարություններ են մատնանշում` մոռանալով, որ նախկինում ԼՂ-ն բանակցություններին մասնակից է եղել: Հակամարտության կարգավորման նախապայմանը, ըստ Ստեփան Գրիգորյանի, ուժի եւ ուժի չկիրառման սկզբունքի ներդրումը պետք է լինի եւ նրա կարծիքով` այս էտապում կարող է ստորագրվել սահմանային պայմանագիր: Բանախոսը համաձայնեց Հուսեյնովի այն տեսակետին, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ փոխվստահություն ապահովելու եւ այն զարգացնելու համար անհրաժեշտ են տարբեր ձեւաչափերով հանդիպումներ, շփումներ ու երկխոսություն:

 Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված նիստը վարում էր Լինքսի գործադիր տնօրեն Դենիս Սամութը, իսկ հարցը ներկայացրեց միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նա խոսեց երկու երկրների համար արձանագրությունների ստեղծած դրական հնարավորությունների ու  ազդեցությունների մասին` հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում: Իսկ Թուրքիայի ծրագրերն այս դաշտում, ըստ տկն. Ֆրեյզերի, հավակնոտ են: Նրա համոզմամբ` փաստաթղթերի վավերացումից կշահեն հավասարապես երկու կողմերն էլ: Նրա գնահատմամբ` թեեւ երկու կողմերում էլ կան արձանագրություններին դեմ արտահայտվողներ, սակայն հիմնական կողմը Ադրբեջանն է, որը կարողացավ Թուքիայի դիրքորոշման վրա բացասական   ազդեցություն ունենալ: Որոշիչ դեր խաղաց նաեւ էներգակիրների գործոնը, ասաց փորձագետը: Նա  նկատեց, որ  Թուրքիան Ղարաբաղի հարցում առաջընթացով է պայմանավորում  հարաբերությունները մեր երկրի հետ, ինչպես նաեւ բացասաբար է վերաբերվում Հայաստանի Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագություններին տրված  եզրակացությանը կից պարզաբանումներին: Անձամբ փորձագետը ՍԴ որոշման մեջ վիճահարույց կետեր չի տեսնում: Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր ելույթում Ցեղասպանությունը չճանաչելու եւ Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանին օգնելու` Թուրքիայի վարքագիծը համարեց անվստահությունը խորացնող գործոններ: Սրան ավելացել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ հակամարտության հետ կապելու մասին թուրք պաշտոնյաների հայտարարությունները, թեեւ այս մասին արձանագրություններում ոչինչ չի ասվում: Նրա գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ Թուրքիայի վարչակազմում են անգամ հնչում մերժողական հայտարարություններ: Հայ փորձագետի համոզմամբ` սահմանի բացումը կարող է մեղմել իրավիճակը տարածաշրջանում: Հայաստանի պաշտոնական տեսակետը արձանագրությունների վավերացման գործընթացի վերաբերյալ ներկայացրեց արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նրա կարծիքով` չնայած դժվարություններին, ջանքերը դատապարտված չեն:  Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ չնայած Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը Հայաստանի քաղաքական օրակարգում է, բայց Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարթության վրա դա չդիտարկեց որպես նախապայման: Նա հռետորական հարց ուղղեց Թուրքիայի իշխանություններին, մեջբերելով Դավութօղլուի հայտարարությունը. «Եթե արձանագրությունները կարող եք վավերացնել 3 օրում, ինչու՞ դա չեք անում»: Թուրքիայի ներկայացուցիչ Սուաթ Կինիկլիոգլուն հավաստիացրեց, որ Թուրքիան շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ, սակայն ոչ թե Հայաստանի հետ երկկողմ, այլ` տարածաշրջանային ձեւաչափով: Նրա բնորոշմամբ` տարածաշրջանի մի երկրի հետ հնարավոր չէ հարաբերությունները կարգավորել, երբ մի այլ հատվածում խնդիրներ կան: Նրա խոսքերով` Ղարաբաղի հարցը ոչ թե նախապայման է, այլ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ, փոխլրացնող գործընթաց: Հայ պատգամավորների կողմից առաջարկ եղավ այդ տրամաբանությամբ Ցեղասպանության ճանաչումը եւս դիտարկել որպես անհրաժեշտ զուգահեռ քայլ:  Թուրք պատգամավորը կրկնեց թուրքական իշխանությունների տեսակետը` ԱՄՆ  Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձեւի, ինչպես նաեւ Հայաստանի ՍԴ-ի որոշման վտանգավորության մասին: Ադրբեջանցի պատվիրակ Իլգար Մամադովը եւս կարծիք հայտնեց, որ  մինչեւ ՍԴ որոշման մեջ  ՀՀ Սահմանադրությունից եւ Անկախության հռչակագրից  մեջբերումներ կատարելը, ինքը կողմ էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ համարում էր դրանք իր երկրի համար շահավետ: Ի դեպ, Թուրքիան դիմել է Շվեյցարիային` ՍԴ որոշման իրավական հետեւանքները պարզաբանելու խնդրանքով: Պատգամավորների հարցերն ու կածիքները լսելուց հետո` հիմնական զեկուցող տկն. Ֆրեյզերը առաջարկներ ուղղեց երկու կողմերին էլ. Հայաստանին` համաձայնել պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը եւ սպասել Շվեյցարիայի պարզաբանումներին, Թուրքիային` ուշադրությունը սեւեռել ոչ թե տարածաշրջանային, այլ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների վրա, ինչպես նաեւ Ադրբեջանի դրական վերաբերմունքին հասնել: Արման Կիրակոսյանն էլ  Թուրքիային հորդորեց վստահել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որին նաեւ իրենք են անդամակցում` ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվելու հարցում:

Էներգետիկ անվտանգության խնդիրներին վերաբերող նիստը վարեց թուրք պատգամավոր Կուրսատ Աթիլջան:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը այս ոլորտում ունի ռազմավարական նպատակներ եւ փորձում է ապահովել դրանց իրականացումը, ինչը կապված է նաեւ տարածաշրջանի ինտեգրման գործընթացների հետ: Հայաստանն այժմ փորձում է ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ իրականացնել մի ծրագիր, որը հնարավորություն կտա Վրաստանի հետ եւ այդ երկրի տարածքով ապահովել հյուսիսային հարեւանների հետ էներգետիկ կապն ու ինտեգրումը: Հայաստանն արդեն տասը տարի է, ինչ Իրանի հետ զուգահեռ ռեժիմով աշխատում է նոր բարձրավոլտ էլեկտրագծերով: Ծրագրով նախատեսվում է նույնը անել նաեւ Վրաստանի հետ, ինչը իրականություն կդառնա մոտ մեկուկես տարվա ընթացքում: Հնարավոր է վերագործարկել նաեւ Թուրքիայի հետ կապող գիծը: Զուգահեռ ռեժիմը հնարավորություն է տալիս նվազեցնելու ծախսերը եւ բարձրացնել հուսալիությունը:

Բանախոսը տեղեկացրեց, որ մեկ տարի առաջ գործարկվել է նաեւ Իրանից Հայաստան մտնող գազամուղը, որը, իբրեւ այլընտրանքային, լուծեց էներգետիկ անվտանգության խնդիր: Իրանի հետ համատեղ Հայաստանը պատրաստվում է Արաքս գետի վրա կառուցել երկու հիդրոէլեկտրակայան: Ինչ վերաբերում է տարածաշրջանային արդյունավետ համագործակցությանը այս ոլորտում, Հայաստանը գազամուղների եւ նավթամուղների տարանցիկ երկիր լինելու դեպքում կնվազի վառելիքի ինքնարժեքը եւ լուծելի կդառնան տարածաշրջանային բազում խնդիրներ:

Լոնդոնի Քինգզ քոլեջի դասախոս Թրեյսի Ջերմանի գնահատմամբ` էներգետիկ ռեսուրսները պարզապես ապրանք չեն, այլ ունեն չափազանց մեծ ռազմավարական նշանակություն: Գլոբալ փոխկապակցված այս աշխարհում Հարավային Կովկասը կարող է Եվրոպայի համար դառնալ Էներգետիկ պաշարների մատակարար, ուստի նա ավելի ու ավելի մեծ դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում: Դրա վառ ապացույցն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գիծը եւ հավակնություններ ունեցող «Նաբուկո» ծրագիրը:

«Նոյյան տապան» կենտրոնի խմբագիր եւ վերլուծաբան Հարություն Խաչատրյանն էլ իր ելույթում նախորդ բանախոսին հակադարձեց` ասելով, որ Հարավային Կովկասը Եվրոպայի համար ավելին չէ, քան էներգետիկ ռեսուրսներ ունեցող  տարածք. դա եվրոպակենտրոն տեսակետ է եւ խոսում է էներգետիկ պրոբլեմների մասին: Չպետք է մոռանալ, որ կա նաեւ կովկասակենտրոն տեսակետ, ըստ որի` այս տարածաշրջանում ապրում են ազգեր, որոնք ունեն իրենց շահերն ու խնդիրները: Ուստի էնեգետիկ անվտանգության խնդիրն այլ բան է,  նախորդ բանախոսի գործածած եզրույթը` այլ:

Պարոն Խաչատրյանը հանգամանորեն վերլուծեց տարածաշրջանում առկա էներգետիկ հնարավորությունները, գործող եւ նպատակային նախագծերի` քաղաքական դրդապատճառներով պայմանավորված թերությունները եւ խաղաղ գոյակցության եւ տարածաշրջանային ինտեգրման դեպքում ակնկալվող արդյունքները:

Գորան Լենմարկերի նախագահությամ? սեմինարի մասնակիցները քննարկեցին Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի մասին հարցը` անդրադառնալով վրաց-ռուսական հակամարտությանը: Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարի նախկին տեղակալ Մարիան Ստաշեւսկու խոսքերով` վրացիների եւ ռուսների միջեւ լարվածությունը հին պատմություն ունի եւ չնայած անցած 19 ամիսներին` խնդիրը բախումից հետո շարունակում է մնալ չլուծված: Դեռ ավելին` այն առաջացրեց նոր խնդիրներ: Փորձագետի գնահատմամբ` հակամարտության ծագման համար կային ինչպես ներքին` իշխանությունների եւ եկամուտների բախշման խնդիրներ, այնպես էլ արտաքին գործոններ` Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, Թուրքիայի դերը, ինչպես նաեւ Մոսկվայի հարաբերությունները թե Թբիլիսիի եւ թե Արեւմուտքի հետ: Ռուսաստանի համար, ըստ բանախոսի, անհանդուրժելի էր ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկարը:  Անվտանգության վերլուծական վրացական կենտրոնի տնօրեն, դեսպան  Դեյվիդ Սմիթն իր ելույթում 2008 թ. օգոստոսյան դեպքերը աշխարհաքաղաքական իմաստով  բնորոշեց որպես հարձակում Արեւմուտքի, եւ ոչ  թե Վրաստանի վրա: Նրա համոզմամբ` ռուսական կողմը երկար էր պատրաստվել այդ գործողություններին եւ անհրաժեշտ ուժեր կուտակել սահմանի վրա:

Լեհաստանից պատգամավոր Վլադիսլավ Սիդորովիչը ներկայացրեց օրակարգի հաջորդ հարցը` նվիրված Հյուսիսային Կովկասին` ասելով, որ իրավիճակն այստեղ շարունակում է մնալ լարված, եւ որ վեհաժողովը պետք է հայացքն ուղղի այս կողմ: Գիտաշխատող Ալեքսեյ Մալաշենկոն եւ  Արեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վոյցեխ Գորեցկին նկարագրեցին այս տարածքում տիրող իրավիճակը` համարելով այն անկայուն: Անկայուն, որովհետեւ չի գործում դաշնային օրենքը, ամեն օր սպանություն է գրանցվում, գործազրկությունը հասնում է մեծ ծավալների `  50-70 տոկոսի: Բանախոսների դիտարկմամբ` ռուսական այս տարածքներում ոչ թե խոսում են սեպարատիզմի մասին, այլ` իսլամական օրենքների եւ շարիաթի հաստատման անհրաժեշտության մասին: Նրանց կարծիքով` առանց այդ օրենքները, ինչպես նաեւ էթնիկ խմբերի առանձնահատկությունները հաշվի առնելու հնարավոր չէ արդյունավետ կառավարման հասնել ոչ Չեչնիայում, ոչ էլ հարակից մարզերում:

Ռոուզ-ռոթ սեմինարը մարտի 13-ին կամփոփի աշխատանքները:
 
 
 
 
 


12.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը Շվեդիայի Թագավորության Ռիգստագի նախագահ Պեր Վեստերբերգին
Մեծարգո պարոն նախագահ,           Հայաստանում գոհունակության եւ երախտագիտության զգացում ունեցանք` տեղեկանալով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված  Հայոց  ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունմ...

12.03.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մարտի 15-18-ի  ԱԺ չորսօրյա ն...

12.03.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Մարտի 12-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր պատգամավորներ Սամվել Նիկոյանի, Գալուստ Սահակյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արման Սահակյանի, Մարտին Սարգսյանի, Վազգեն Կ...

12.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին
Մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ- լեհական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է, որ դրանք ավելի զարգանան: Լեհաստանի վարչա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am