National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
28.11.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀԿ 12-րդ համագումարում
1 / 1

Մեծարգո Նախագահ,

Համագումարի հարգարժան պատվիրակներ եւ հյուրեր, 
  
Այսօր մենք պետք է վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել երկրում եւ կուսակցությունում նախորդ համագումարից հետո եւ առաջադրենք նոր խնդիրներ:

2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության եւ նրա թեկնածուի օգտին քվեարկելով` մեր երկրի քաղաքացիներն իրենց աջակցությունը հայտնեցին այն ծրագրերին, որոնք ներկայացվել էին մեր կուսակցության եւ Նախագահ Սարգսյանի կողմից։ Վերջին երկու համապետական ընտրություններում արձանագրած հաջողությունները վկայում են, որ նախորդ ժամանակահատվածում Հանրապետական կուսակցության կատարած աշխատանքը ժողովուրդը բարձր է գնահատել,  իսկ երկրի հետագա զարգացման միտված` կուսակցության եւ Նախագահի ծրագրերը համարել է կենսունակ: Այդ վստահությունը ամենամեծ կապիտալն է, որը հնարավոր է վաստակել միմիայն ամենօրյա աշխատանքով։

Անդրադառնալով վերջին համապետական ընտրություններից հետո ի հայտ եկած ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մարտահրավերներին, կցանկանայի նշել  հետեւյալը. որպես Ազգային ժողովրի նախագահ եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վստահ ասում եմ, որ մեր երկիրը կարողացավ դուրս գալ վերջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամից։ Ճգնաժամ, որը հրահրվեց ցանկացած գնով իշխանափոխության ձգտող եւ այդ ճանապարհին ոչնչի առջեւ կանգ չառնող ուժերի կողմից, որոնց համար, պարզվեց, նպատակը արդարացնում է ցանկացած միջոց։ Սակայն երկրի քաղաքական իշխանությունը կարողացավ արժանապատվորեն շրջել մարտի 1-2-ի ողբերգական էջը՝ անելով լրջագույն հետեւություններ եւ երբեւէ չխուսափելով պատասխանատվության սեփական բաժնից։ Մեզ հաջողվեց կատարել լուրջ  բարեփոխումներ, որոնք արժանացան նաեւ միջազգային կառույցների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի հավանությանը: Բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունն ունի անհրաժեշտ կամք՝ լուծելու իր քաղաքական օրակարգում առկա բոլոր, կրկնում եմ բոլոր խնդիրները։

Քաղաքական ողջ դաշտին ուղղված երկրի Նախագահի՝ հանդուրժողականության եւ համագործակցության կոչը հստակ վկայությունն էր այն բանի, որ հայրենիքը չի կարող եւ չպետք է բաժանվի իշխանության ու ընդդիմության հայրենիքի եւ որ մենք բոլորս միասնաբար` յուրաքանչյուրս մեր լիազորությունների սահմաններում, պիտի ջանք գործադրենք մեր երկիրն առավել հզոր ու բարեկեցիկ դարձնելու համար։ Նախագահ Սերժ Սարգսյանի կոչը նաեւ վկայությունն էր այն բանի, որ իշխանությունը միշտ պատրաստ է լսել իր քաղաքական ընդդիմախոսների սթափ եւ կառուցողական գնահատականները. գնահատականներ, որոնք, սակայն, չպիտի  մթագնվեն չարությամբ, թշնամանքով եւ ամեն ինչ կազմաքանդելու մոլուցքով։

Մարտյան ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ կարեւորագույն քայլ եմ համարում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից առաջարկված եւ Ազգային ժողովի կողմից 2009թ. հունիսին հայտարարված համաներումը: Դա ճիշտ ժամանակին իրականացված եւ միանգամայն հիմնավոր նախաձեռնություն էր: Կցանկանայի նշել նաեւ  խորհրդարանի կողմից Քրեական օրենսգրքի որոշ վիճահարույց դրույթների վերանայումը, ինչը կարեւոր քայլ էր բարեփոխումների այն շղթայում, որն առկա էր երկրի քաղաքական իշխանության օրակարգում։ 
  
  Հարգելի հանրապետականներ,

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստացավ ձայների մեծամասնությունը: Ազգային ժողովում մեր խմբակցության պատգամավորների քանակը թույլ էր տալիս ինքնուրույն ձեւավորել կառավարություն: Սակայն Նախագահ Սերժ Սարգսյանը ցուցաբերեց բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը` նախաձեռնելով քաղաքական կոալիցիայի ձեւավորում:

Քաղաքական կոալիցիա ձեւավորելու հարցում ՀՀԿ-ի ցուցաբերած դիրքորոշումը չսահմանափակվեց նեղ կուսակցական մոտեցումներով, շահերի հաշվարկներով եւ գործարքներով: Հանրապետության Նախագահի ղեկավարությամբ իրականացվող այդ լայնախոհ քաղաքականությունը նաեւ թույլ տվեց կառավարության կազմում պատասխանատու պաշտոններում ընդգրկել արհեստավարժ, սակայն անկուսակցական կադրերի: Այս օրերին նրանցից շատերը համալրեցին մեր շարքերը` կատարելով իրենց ընտրությունը առկա քաղաքական իրավիճակում: Վստահ եմ, որ դա նրանց սթափ ու երկարատեւ մտորումների արդյունքն էր:

Բազմակարծությունը խրախուսելը, ընդդիմախոսներին հարգելը եւ երկխոսություն սկսելը միայն ու միայն ապացուցում են Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության վստահությունը սեփական ուժերի հանդեպ։ Այո՛, խորհրդարանը պիտի լինի բազմակարծության հարթակ, եւ անցյալ տարվա սեպտեմբերից` խորհրդարանի նախագահ ընտրվելու առաջին իսկ պահից, ես բազմիցս կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաեւ արմատական ընդդիմությանը` օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ քաղաքակիրթ երկխոսություն իրականացնելու համար: Մենք պետք է կարողանանք ձեւավորել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ, եւ այստեղ խորհրդարանը մեծ անելիք ունի։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կոալիցիոն մեր գործընկերների հետ մեկտեղ, լրջագույն քաղաքական պատասխանատվություն է ստանձնել մեր հասարակության առջեւ: Մենք երբեք պատասխանատվությունից չենք խուսափել: Չենք կոծկել թերությունները, խոսել ենք անկեղծ եւ բաց: 
  
  Հարգելի գործընկերներ,

Մեր կուսակցության բազմահազար անդամներին միավորում են ընդհանուր արժեքներն ու գաղափարները: ՀՀԿ-ն համախոհների՛ կուսակցություն է: Մենք ազգային պահպանողական գաղափարախոսության կրողներ ենք: Հանրապետական կուսակցության անդամը հպարտ է իր երկրով, ապավինում է մտքին ու հայոց ուժին, արժեւորում է ընտանիքը, գործում է հանուն իր ժողովրդի եւ պետության։

Ազգային պահպանողական գաղափարախոսություն բնավ չի նշանակում հակադրություն բարեփոխումներին: Դա կայունության եւ հասարակական անընդհատ զարգացման գաղափարախոսությունն է, որի համար հավասարաչափ անընդունելի են լճացումն ու հեղափոխությունը: Կուսակցության հիմնական նպատակն է ունեցած լավը պահպանելը եւ հարուստ ժառանգության վրա հենվելով` նորը ստեղծելը:

Հանրապետական կուսակցությունը պետք է ապահովի երիտասարդ եւ ավագ սերունդների, փորձի եւ եռանդի արդյունավետ համադրում` բոլորին միավորելով ազգային արժեքների շուրջ:

Հանրապետական կուսակցության շարքերում միավորված համախոհների հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ` Հայաստանի քաղաքացու բարեկեցությունը բարձրացնելու համար: Որեւէ քայլ, որեւէ նախաձեռնություն անիմաստ կլինի, եթե չծառայի այդ նպատակին:

Այստեղ պետք է անդրադարձ կատարեմ նաեւ արտաքին քաղաքական խնդիրներին: Իր պաշտոնավարության առաջին իսկ օրվանից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը որդեգրեց համարձակ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն: ՀՀԿ համագումարի այս բարձր ամբիոնից ցանկանում եմ ազդարարել մեր միահամուռ աջակցությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին: Մենք խաղաղություն ենք ցանկանում մեր հայրենիքին եւ Հայաստանի հարեւաններին: Մենք պատերազմ չենք ուզում, բայց եւ վստահ ասում ենք, որ մեզ պատերազմով չի կարելի վախեցնել։

Մեկ բան հստակ է՝ գոյություն չունի որեւէ իրավական փաստարկ, որով Ադրբեջանը կարող է հիմնավորել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր հավակնությունները։ Գոյություն չունի միջազգային իրավունքի որեւէ նորմ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ միջազգային փաստաթուղթ, որը կասկածի տակ դնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման լեգիտիմությունը։ Եվ այս առումով մեր դիրքորոշումը միանշանակ է՝ մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը։

Եվ այդ ճանաչումն այլընտրանք չունի։

Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կանոնակարգելու հարցին: Ունեցել եմ բազմաթիվ առիթներ` ողջունելու Հանրապետության Նախագահի այդ համարձակ նախաձեռնությունը: Արտասահմանցի հյուրերին ընդունելիս` մշտապես ընդգծել եմ, որ արդի աշխարհում չկան հավիտենական թշնամիներ եւ հավիտենական բարեկամներ: Որպես ազգային պահպանողական գաղափարախոսության կրող` Հանրապետական կուսակցությունը միշտ էլ համարել է, որ մեզ համար մշտական է միայն ազգային շահը: Հենց ազգային շահից է բխում Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը: Վստահ եմ, որ նման համոզմամբ էր դրդված Նախագահ Սարգսյանի համարձակ քայլը:

Բոլորովին վերջերս Մոսկվայում տեղի ունեցող հերթական միջազգային հանդիպման շրջանակներում հնարավորություն ունեցա հանդիպելու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ: Մեր զրույցի ընթացքում վերահաստատեցի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեն եւ իրագործվեն ողջամիտ ժամկետներում:

Որպես Ազգային ժողովի նախագահ, որպես հայ մարդ, որը նույնպիսի հուզական զգացումներ է ապրել ողջ այս ընթացքում, որովհետեւ ցեղասպանության վերքը երբեք ու երբեք չի կարող սպիանալ մեզանից եւ ոչ մեկի հոգում, ինձ հասկանալի են թե՛ Հայաստանում, եւ թե՛ Հայաստանից դուրս ապրող մեր որոշ հայրենակիցների զգացմունքները: Հայաստանի Հանրապետության Նախագահը պետք է ղեկավարվի ոչ թե զգացմունքներով, այլ պետության եւ ժողովրդի շահերով: 
  
  Հարգելի կուսակիցներ,

Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է 2010թ. բյուջեն: Օրենսդիրն ու գործադիրը համատեղ դիտարկում են առաջարկված նախագիծը` առկա միջոցներով երկրի համար լավագույն լուծումներ գտնելու համար: Վստահ եմ, որ գործադիրի հետ համագործակցված աշխատելով՝ կգտնենք բազում հարցերի արդարացի եւ ճշգրիտ լուծումներ։ Եւ իհարկե՛, Ազգային ժողովը շարունակելու է նաեւ նույն հետեւողականությամբ իրացնել բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման`  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված վերահսկողական լիազորությունը: Մեր բոլորի նպատակը մեկն է՝ մեր երկիրն առավել հզոր ու բարեկեցիկ տեսնելը եւ իշխանության բոլոր թեւերի գործունեությունը միտված է այդ գերագույն նպատակին։ 
  
Հարգելի կուսակիցներ,

Չմոռանանք, որ գալիք ընտրությունները սարերի ետեւում չեն: Այդ ընտրություններին մենք պետք է կրկին ներկայանանք ընտրողների դատին` ցույց տալով մեր կատարած աշխատանքը, ներկայացնելով նաեւ մեր ապագա ծրագրերը: Մեր ընտրողը մեզ ձայն կտա, եթե համոզվի, որ մենք հզոր կուսակցություն ենք, որն իր տված ցանկացած խոստում անվերապահորեն իրականություն է դարձնում:

Իհարկե, մեր կուսակցությունը նախորդ համագումարից հետո է՛լ ավելի է հզորացել ու աճել:  Այսօր մեր կուսակցության շարքերում 130 հազար անդամ ունենք, որոնք ներկայացնում են հայ հասարակության բոլոր խավերը:

Անցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքների ղեկավար ընտրվեցին 553 հանրապետական: Սա մեծ հնարավորություններ է տալիս համայնքներում լրջագույն աշխատանք ծավալելու համար:

Մենք ունենք 1600 սկզբնական կազմակերպություն: Դրանցից շուրջ 100-ը ստեղծվել են նախորդ համագումարից հետո:  Հարկ եմ համարում նշել, որ հենց սկզբնական կազմակերպությունն է հանդիսանում հիմնական կապող օղակը կուսակցության եւ հասարակության միջեւ:

Անշուշտ, այդ թվերը տպավորիչ են: Սակայն այսօրվա մարտահրավերները պահանջում են ուժերի առավել մեծ լարում: Խնդիրը միայն մեծ թվակազմ եւ ողջ տարածքում ներկայացված լինելը չէ:

Կուսակցության դիրքերի ուժեղացումը տեղական ինքնակառավարման մակարդակում պետք է դառնա առաջնահերթ խնդիր: Կուսակցության աշխատանքը այդ մակարդակում ինքնանպատակ չէ, այլ միջոց` մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու:

Կուսակցության առաջնահերթ խնդիրներն իր ելույթում  ներկայացնելիս` Նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծեց նաեւ ներկուսակցական  ժողովրդավարական  ինստիտուտների զարգացման հարցը: Կարեւորագույն քաղաքական հարցերի  ներկուսակցական  քննարկումը, կուսակցության սկզբնական, տարածքային եւ մարզային կազմակերպությունների հետ ակտիվ կապը հնարավորություն են ընձեռելու ավելի հստակ եւ առարկայական ձեւով սահմանելու մեր առջեւ ծառացած խնդիրներն ու դրանց լուծման եղանակները: Կուսակցության ղեկավար մարմինները վերջին ամիսներին սկսել են այդ ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք տանել եւ վստահ եմ, որ արդյունքները շատ շուտով զգացնել կտան: 
  
Հարգելի գործընկերներ,

ՀՀԿ-ն երկրի առաջատար քաղաքական ուժն է, որն իր դրոշմն է թողնում ցանկացած մակարդակի իշխանության ձեւավորման վրա: Այնուամենայնիվ, կուսակցական կառույցների եւ իշխանության մարմինների խնդիրները նույնական չեն:

Կուսակցական կառույցներն են, որ արձագանքելով հանրության իղձերին եւ տրամադրություններին` մշակում են ռազմավարական խնդիրներ, նոր ծրագրեր, վերահսկողություն իրականացնում ընդունված որոշումների կատարման նկատմամբ:

Իսկ իշխանության մարմինները պարտավոր են այդ ծրագրերը կյանքի կոչելու համար մշակել եւ ընդունել համակարգային լուծումներ` ապահովելով պետական ինստիտուտների բնականոն եւ արդյունավետ աշխատանքը:

Կուսակցական կառույցների նշված  խնդիրը լուծելու համար, անշուշտ, մեծ ուշադրություն է պետք դարձնել նաեւ մեր կուսակցության կադրային պոտենցիալին: Մեզ անհրաժեշտ են առաջին հերթին անձինք, ում հավատում են, որոնք խելացի են եւ ազնիվ, կարող են իրենց լուման ներդնել հայրենիքին ծառայելու մեր ընդհանուր գործում: Միաժամանակ, մենք պետք է զերծ մնանք նրանցից, ովքեր կուսակցությունում որոնում են անձնական օգուտներ, կամ զուտ քաղաքական առաջխաղացման հնարավորություն: Մենք պետք է նաեւ ձեռնարկենք գործունեության տարբեր ոլորտների համար ունակ կադրային ռեզերվի որոնման աշխատանքներ: ՀՀԿ-ն որպես առաջատար քաղաքական ուժ պետք է կատարի իր դերն այդ անձանց բացահայտելու եւ նրանց կարողություներին համապատասխան աշխատանքով ապահովելու գործում: 
  
  Հարգելի գործընկերներ,

Մենք  հավակնոտ նպատակներ ենք հետապնդում: Եվ հենց այդ պատճառով մեզ փորձելու են խանգարել: Մեզ փորձելու են խանգարել նրանք, ում ձեռնտու է թույլ Հայաստան, ովքեր իրենց շահը գերադասում են ազգային շահից, ովքեր կողմ են լճացմանը, ովքեր ունակ չեն ստեղծելու նորը: Բայց մենք պատրաստ ենք դիմագրավելու նաեւ այդ մարտահրավերին: Մենք գործելու ենք մտածված, համբերատար, հետեւողական: Մենք հապաղելու իրավունք չունենք: Եվ դրա համար է, որ հորդորում եմ Ձեզ, որ համագումարից հետո այս դահլիճից դուրս գանք խնդիրների լրջությունը հստակ գիտակցելով, բայց նաեւ` լիակատար համոզվածությամբ, որ մենք դրանք միասին ենք լուծելու:

Շնորհակալություն ուշադրության համար:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am